Մատչելիության հղումներ

Հանդիսավոր միջոցառում Արցախում՝ նվիրված Վազգեն Սարգսյանի 60-ամյակին, ներկա է եղել նաև Սերժ Սարգսյանը


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Սպարապետի անվան ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադում:

Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, միջոցառմանը մասնակցել են Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, Վազգեն Սարգսյանի հարազատներն ու զինակից ընկերները, պաշտոնատար այլ անձինք:

Իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ Վազգեն Սարգսյանն այն բացառիկ ռազմական, քաղաքական ու հասարակական գործիչներից է, ում կհիշեն և՛ սերնդակիցները, և՛ հետագա սերունդները, կհիշեն որպես անձնազոհ ու անձնվեր ընկերոջ և հրամանատարի, որպես խելամիտ ու բանիմաց ղեկավարի ու առաջնորդի, որպես մեծ հայրենասերի և Սպարապետի:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախը միշտ հիշում ու մեծարում է Վազգեն Սարգսյանին, ում անմիջական և գործուն մասնակցությամբ կերտվեցին փայլուն հաղթանակները, կազմավորվեց Պաշտպանության բանակը, ապահովվեց նորանկախ հանրապետության կայացումն ու զարգացումը:

«Նա իր արած գործերով, իր ապրած կյանքով իսկապես նման է լեգենդի, լեգենդ, որը կմնա դարերում՝ միշտ ոգեշնչելով ու դաստիարակելով սերունդներին, տանելով նրանց դեպի նոր հաղթանակներ: Եվ այդպես նա կշարունակի իրականացնել իր ազգանվեր առաքելությունը, իր ծառայությունը՝ որպես հայրենիքի հավերժ զինվոր», - շեշտել է Արցախի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG