«Տրոյկա Դիալոգ»-ի մասին «Հետք»-ի աղմկահարույց հրապարակումը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը սովորական երևույթ չի համարում։ Պատգամավորի կարծիքով՝ այս ամենը պետք է հայաստանյան իրավապահների ուշադրության տակ լինի։
«Տեղի ունեցածը չէի ասի սովորական երևույթ: Միանշանակ է, ու կարծում եմ, որ պետք է մեր իրավապահների ուշադրության տակ լինի, թե որքանով է դա կապված Հայաստանի հետ առաջին հերթին, ու նաև միջազգային առումով էլ մենք չպետք է դիտարկվենք որպես այդպիսի սխեմաներ իրականացնող, եթե այդպիսի սխեմաներն իրոք հանցավոր են, որ մենք չլինենք այդ շղթայում ինչ-որ մի օղակ», - ասաց Գևորգյանը։
«Ազատության» հարցին, թե կարծո՞ւմ է, որ սա հայաստանյան իրավապահների ուսումնասիրության առարկան պետք է դառնա, Գևորգյանը պատասխանեց. - «Առաջին հերթին մեր իրավապահների ուշադրության կենտրոնում պետք է լինի, թե այդ սխեմաները Հայաստանի հետ ինչպես են առնչվել, որովհետև այնտեղ կային հրապարակումներ, որ այդ սխեմաներում ներառված են եղել նաև հայկական բանկեր, բայց չեմ բացառում, որ հայկական բանկերի հետ եղել են նորմալ, լրիվ օրինական, միջբանկային փոխանցումներ, որոնք բոլոր բանկերի հետ հայկական բանկերն ունեն։ Իմ կարծիքով՝ պարտադիր պետք է ուսումնասիրվի։ Քանի որ «Ամերիաբանկ»-ը կապվում է Ռուբեն Վարդանյանի անվան հետ, պետք է նայել, թե որքանով դա կարող է ազդել մեր բանկային համակարգի վրա, մեր ֆինանսական շուկայի վրա ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ։ Եթե իրոք այդպիսի խնդիր կա, կարո՞ղ են լինել պատժամիջոցներ որևէ բանկի նկատմամբ․ դրանք ցավալի հետևանքներ կունենան, հույս ունենանք, որ այդպիսի հետևանքներ չեն լինի»։
Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությունների միջազգային կենտրոնը (OCCRP) երեկ հայտարարեց, որ ռուսաստանաբնակ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը մասնակցել է կոռուպցիոն սխեմաներում։
Երկուշաբթի օրը հրապարակված հոդվածում հետաքննող լրագրողները պնդում են, որ ժամանակին ռուսաստանյան թերևս ամենախոշոր ներդրումային այդ բանկը, լրագրողների բնորոշմամբ՝ «Տրոյկա լվացքատունը», հանցավոր կազմակերպությունների հետ կապ ունեցող, կոռումպացված անձանց հնարավորություն էր տալիս խուսափել հարկերից և թաքցնել ունեցվածքը: