Մատչելիության հղումներ

Փայլանը Չարենցի տան հետ կապված հարցապնդում է ուղղել Թուրքիայի մշակույթի նախարարին


Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Երևանում, սեպտեմբեր, 2017թ․
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Երևանում, սեպտեմբեր, 2017թ․

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հարցապնդում է ուղղել այդ երկրի մշակույթի նախարարին՝ Կարսում Չարենցի տունը քանդելու մասին տեղեկությունների կապակցությամբ:

«Վերջերս մամուլի միջոցները հաղորդեցին, որ շուրջ 20 օր առաջ Կարսի Սուգաբու թաղամասում շրջակայքում գտնվող լքված տների հետ միասին քանդվել է նաև այն շենքը, որն այցելուների կողմից նվիրականացված է որպես մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի տունը: Հայտնի է, որ Կարս ժամանող զբոսաշրջիկներն անպայման այցելում են նաև Չարենցի տունը՝ վառ պահելու համար բանաստեղծի հիշատակը», - ասված է Փայլանի գրասենյակի հաղորդագրությունում:

Հայազգի պատգամավորը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին հետևյալ հարցերն է ուղղել՝ մտածվա՞ծ է արդյոք հուսախաբության ու վիրավորանքի մասին, որ Չարենցի տան՝ որպես մի հասարակ շենք քանդելը կարող է առաջացնել բանաստեղծի հիշատակը հարգող մարդկանց մոտ, Չարենցի տունը քանդելու որոշումը ո՞ր հաստատությունն է կայացրել, և մշակույթի նախարարությունը տեղյա՞կ էր արդյոք, որո՞նք են այն շոշափելի քայլերը, որոնք նախարարությունը ձեռնարկում և ձեռնարկելու է «ըստ արժանվույն արժևորելու և որպես մշակույթի ժառանգություն պահպանելու համար հիշատակի այն վայրերը, որոնք առնչվել են հայ արվեստագետներին ու մտավորականներին»:

«Չարենցի տունը կարող է հայկական մշակույթի ու Կարսի համար դառնալ հիշատակի կարևոր վայր: Տան վերանորոգման և որպես թանգարան օգտագործման ուղղությամբ նախագիծ պատրաստվա՞ծ է նախարարության կողմից», - հաջորդ հարցն է ուղղում հայազգի պատգամավորը Թուրքիայի մշակույթի նախարարին:

«Ենթադրում եմ, որ հիշատակի այս վայրը քանդվել է Չարենցի հայ լինելու պատճառով: Համամի՞տ եք», - իր հարցապնդումն ամփոփում է Փայլանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG