Երևանի ավագանու նախկին անդամ, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի համոզմամբ, Երևանի ավագանին պետք է ներկայացներ առաջարկ, թե ինչպես կարելի է փրկել Կրթության և գիտության նախարարության նախկին շենքի գոնե դիմային հատվածը։
«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ Սամսոնյանն ասաց` եթե ինքը լիներ ավագանու անդամ, կառաջարկեր, որպեսզի շենքը պահպանեին էսքիզի մեջ իր նախնական տեսքով, և կլիներ Երևանի մի փոքր կտոր մոդեռն շենքի մեջ։
«Ազատություն». - Տիկին Սամսոնյան, Դուք Ձեր ֆեյսբուքյան էջում անդրադարձել եք Կրթության և գիտության նախարարության նախկին շենքի քանդմանը, որպես ավագանու նախկին անդամ, ավագանու անդամներն ի՞նչ լծակներ ունեն այսպիսի դեպքերի դեմն առնելու համար։
Սամսոնյան. - Գործարքը եղել է շատ վաղուց՝ 2004 թվականին, և քանդվել է շենքը, թողել են միայն դիմային հատվածը՝ ֆասադը,կ և այդ առումով այս պահին միայն, քանի որ նոր իշխանությունը հռչակում է, որ որևէ հին պատմական շենք այլևս չի քանդվելու, այդ շրջանակներում ես կարծում եմ, որ ավագանին պետք է ներկայացներ առաջարկ, թե ինչպես կարելի է գոնե փրկել դիմային հատվածը։
«Ազատություն». - Էսքիզներ կան, որ դիմային հատվածը փրկված է։
Սամսոնյան. - Այո, դիմային հատվածը փրկված է, բայց հին շենքն այլևս չկա։ Այդ շենքերի արժեքն ի՞նչն է` հնությունը, քարի փորագրված հնությունը, իր գեղեցկությունը, հիմա այդ շենքն ամբողջությամբ հողին են հավասարեցրել և դրա նման ինչ-որ մուտանտ են պատրաստելու, վերցնելու են ապակու շրջանակի մեջ, ինձ համար այդ էսքիզն անկեղծ ասած անհասկանալի է։ Եթե կար նման նախագիծ, ես կարծում եմ, որ պետք է թողնեին հին հատվածը և նույնիսկ քանդված հատվածը, և դրանով ինքը կպահպաներ իր արժեքը, այսինքն՝ կլիներ Երևանի մի փոքր կտոր մոդեռն ինչ-որ շենքի մեջ, բայց հիմա քանդել են հինը և նորն ուզում են այդ տեսքով սարքել, ինձ համար դա անհասկանալի է։
«Ազատություն». - Հին ասելով ի՞նչ նկատի ունեք, որովհետև Երևանի քաղաքապետարանը հստակ հայտարարության մեջ նշել է, որ դա պատմական արժեք չէ, պատմամշակութային շենք չէր, խարխուլ էր։
Սամսոնյան. - Դա չի մտնում ցուցակի մեջ, բայց շենքն ուներ պատմություն, գեղեցկություն: Այսինքն՝ ստացվում է, որ այն, ինչ չկա պատմամշակութային ժառանգության ցուցակի մեջ, պետք է քանդե՞նք։ Կային շատ շենքեր, որոնք չեն եղել այդ ցուցակում, բայց ունեցել են իրենց արժեքը զուտ նրանով, որ ստեղծել են կոլորիտ և մթնոլորտ քաղաքում։
«Ազատություն». - Եթե Դուք լինեիք ավագանու անդամ, ի՞նչ կանեիք, Ձեր քայլը ո՞րը կլիներ ներսում։
Սամսոնյան. - Ես կառաջարկեի, որպեսզի հետաձգեին քանդելը, և եթե ներկայացվել է այդ էսքիզը, գոնե շենքը պահպանեին այդ էսքիզի մեջ իր նախնական տեսքով, չվերականգնեին նմանատիպ ինչ-որ բան, այլ այդ շենքը պահպանեին։
Երեկ երևանի քաղաքապետարանը պարզաբանեց, որ Խորենացի 13 հասցեում գտնվող Կրթության և գիտության նախարարության նախկին շենքի ճակատային մասը, որը ներկա պահին ապամոնտաժվում է, վերականգնվելու է նոր մոտեցմամբ:
Դեռևս 2004-ին շենքը ապամոնտաժվել էր, պահպանվել է միայն դիմապատը։ Շենքի մասնավորեցումից հետո սեփականատերերն իրենց ներկայացրած նախագծերով չեն նախատեսել ճակատային հատվածի պահպանումը։
2017-ին հողամասը ձեռք է բերվել այլ ընկերության կողմից, որի հետ էլ գործող քաղաքային իշխանությունը կարողացել է համաձայնության գալ, որ նախագիծը կարող է իրականացվել մեկ պայմանով՝ դիմային հատվածը պետք է վերականգնվի:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․