Մատչելիության հղումներ

Փաշինյանը ծանոթացել է Լյուվեն քաղաքի կրթական և գիտահետազոտական հաստատությունների գործունեությանը


Բելգիա կատարած այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան այցելել է Բելգիայի Ֆլանդրիայի տարածաշրջանի Ֆլամանդական Բրաբանտ նահանգի մայրաքաղաք Լյուվեն, որը գտնվում է Բրյուսելից ոչ հեռու և համարվում է Բելգիայի համալսարանական կենտրոններից մեկը:

Վարչապետի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Փաշինյանի այցը մեկնարկել է Լյուվենի Կաթոլիկ համալսարանից, որտեղ նրան դիմավորել է համալսարանի ռեկտոր Լյուկ Սելսը:

Ողջունելով ՀՀ վարչապետին` ռեկտորը նշել է, որ Լյուվենի Կաթոլիկ համալսարանը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցություն զարգացնել: Լյուկ Սելսը ներկայացրել է Կաթոլիկ համալսարանի գործունեությունը. նա նշել է, որ այն ամենամեծ և ամենահայտնի համալսարանն է Բելգիայում, որն իրականացնում է կրթության և հետազոտությունների վրա հիմնված միջազգային ուղղվածություն ունեցող ծրագրեր:

Փաշինյանը նշել է, որ պատիվ է հյուրընկալվել աշխարհի հնագույն և միաժամանակ ժամանակակից համալսարաններից մեկում, որը 1425 թվականից ի վեր՝ գրեթե 6 դար շարունակ, խթանել է եվրոպական գիտության զարգացումը և համարվում է աշխարհի լավագույն 50 համալսարաններից մեկը:

«ՀՀ կառավարության կրթական քաղաքականության նպատակն է կրթության և հետազոտության գործուն կապի ապահովումը: Մենք ցանկանում ենք իրական բարեփոխումներ իրականացնել կրթական համակարգում և այս համատեքստում կարևորում ենք փորձի փոխանակումը, համատեղ ծրագրերի իրականացումն աշխարհի առաջատար և նորարարական կրթական ու գիտահետազոտական հաստատությունների հետ», - նշել է ՀՀ վարչապետը` գոհունակություն հայտնելով Կաթոլիկ համալսարանի կողմից համագործակցության պատրաստակամության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում փոխգործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:

Լյուվենի Կաթոլիկ համալսարանից վարչապետ Փաշինյանն ուղևորվել է «IMEC» (Interuniversity Microelectronics Centre) գիտահետազոտական կենտրոն` վերջինիս գործունեությանը ծանոթանալու և համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով: «IMEC» գիտահետազոտական կենտրոնի փոխնախագահ Լյուդո Դեֆերմը ՀՀ վարչապետին է ներկայացրել «IMEC»-ի ծրագրերը` նշելով, որ կենտրոնը մասնագիտացած է միկրո, նանոէլեկտրոնիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտում գիտական հետազոտությունների, նոր սերնդի սարքավորումների ստեղծման հնարավորությունների ուսումնասիրության ուղղությամբ:

ՀՀ վարչապետի այցի հաջորդ կանգառը Լյուվենի «Առողջության կենտրոն»-ն էր, որը Լյուվենի Կաթոլիկ համալսարանի և «IMEC» գիտահետազոտական կենտրոնի համատեղ ծրագիրն է:

Փաշինյանը Լյուվենի Կաթոլիկ համալսարանի ռեկտորին, «IMEC» գիտահետազոտական կենտրոնի փոխնախագահին, «Առողջության կենտրոնի» տնօրենին տեղեկացրել է, որ այս տարի հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և հրավիրել Երևան` մասնակցելու Կոնգրեսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG