Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյան․ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կբացահայտվի, եթե Ռուսաստանում իշխանափոխություն լինի


Հանրության վստահության քվեով ձևավորված իշխանության համար էլ Հոկտեմբերի 27-ը բացահայտելու խոչընդոտներ կան: Այս կարծիքին է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

«Միանշանակ խոչընդոտներ կան: Եվ միանշանակ ես մտնում եմ թե՛ պետության, թե՛ գործող իշխանության տրամաբանության և եղած հնարավորությունների ազդեցության տակ: Ես էդ հասկանում եմ: Եվ դրա համար իշխանափոխությունից հետո իմ հարցազրույցներում հիմնականում շրջանցել եմ էդ թեման բարձրաձայնելը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կբացահայտվի, եթե Ռուսաստանում իշխանափոխություն լինի: Նա համեմատում է Մարտի 1-ի ոճրագործության բացահայտման հետ․ Մարտի 1-ը 11 տարի անց բացահայտվեց, երբ տապալվեց Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունը․ - «2024 թվականից այլևս Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինը չի լինի: Կարծում եմ, էնպես, ինչպես Ստալին - Խրուշչով կամ Բրեժնև - Գորբաչով փոփոխություն եղավ՝ նոր քամիներ, նոր գաղափարներ, նոր մտքեր կմտնեն Ռուսաստան, և էդ ժամանակ Ռուսաստանն էլ դեմ չի լինի իր արխիվները բացելու՝ Լիտվինենկոյի, Բերեզովսկու․․․ և մնացած այլ-այլ խնդիրների հետ կապված»:

Արամ Սարգսյանի խոսքով՝ Ռուսաստանի իշխանություններն անգամ Մարտի 1-ի դեպքում չեն թաքցնում իրենց աջակցությունը այդ գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանին․ - «Պատկերացրեք՝ իշխանությունը փորձի, ենթադրենք, ռուսական հատուկ ծառայության ներկայացուցիչ Լիտվինենկոյի բարձրաձայնած թեզը, որ Հոկտեմբերի 27-ը կազմակերպվել է ռուսական ГРУ-ի ներքին ծառայողական դիվերսիոն խմբի կողմից․․․ փորձի էդ վարկածը ստուգել: Ռուսները կհամարեն պատերազմ իրենց դեմ հայտարարված Հայաստանի կողմից, և էդ դեպքում հետևանքները երկրի, պետության ու ժողովրդի համար շատ ծանր կլինեն»:

Դեռեւս ամիսներ առաջ հոկտեմբերի 27-ի տարելիցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում խոսելով այս գործով նոր քննություն սկսելու հնարավարոթյան մասին՝ հայտարարել էր, որ քննությունը վերանայելու համար ի հայտ եկած նոր հանգամանքներ են հարկավոր, և այդ առումով Հոկտեմբերի 27-ի տուժողների իրավահաջորդներն ավելի շատ ասելիք ունեն:

Արամ Սարգսյանը համամիտ է․ - «Իհարկե ասելիք ունեմ: Իհարկե, կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասել: Ինքը ուղիղ ասել է՝ եթե հարազատները ուզենան գործը բացահայտել, մենք դեմ չենք, որ ի հայտ բերեն էդ նոր հանգամանքները, և քննչական խումբը սկսի աշխատել: Որպես նոր ի հայտ եկած հանգամանք նույն ռուսական հատուկ ծառայության ներկայացուցիչ Լիտվինենկոյի՝ մահվան շեմին հայտարարությունը կարող եմ ներկայացնել դատախազությանը որպես նոր ի հայտ եկած հանգամանք, և դատախազությունը էդ գործը կվերաբացի: Բայց ես հիմա դա չեմ ներկայացնի, որովհետև ես հիմա ամեն ինչ անում եմ, որ մեր պետությունը լինի ուժեղ, անկախ, պաշտպանված, որ մաքսիմալ էս ժողովրդավարությունից ստացած էն առավելությունները, ինչ ունենք, օգտագործենք: Ու երբ որ կուժեղանանք, էդ ժամանակ թե՛ Հոկտեմբերի 27-ը կբացահայտենք․․․»

Արամ Սարգսյանի խոսքով, Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը Հայաստանի իշխանությունը կարող է լծվել նաև տնտեսապես հզորանալուց հետո: Այնպես, ինչպես պատկերացնում էր սպարապետ Վազգեն Սարգսյանը ոճրագործությունից ամիսներ առաջ:

Սպարապետի հոբելյանին՝ 60-ամյակին ընդառաջ Արցախ շտապող Արամ Սարգսյանն ասում է՝ այդ Հայաստանի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու, սպարապետի երազած Հայաստանը կառուցելու հնարավարություն ներկայիս իշխանությունը ունի․ - «Ես գտնում եմ, որ պետությունը պիտի ուժեղանա, պիտի կարողանա էնքան տնտեսական ու քաղաքական ամրություն, անկախություն ունենա, որ բարեկամ, հարևան Ռուսաստանի առաջ էդպիսի հարց բարձրացնի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG