Մատչելիության հղումներ

Միրզոյան․ Հայաստանը մեծապես կարևորում է Եվրախորհրդի աջակցությունը երկրի ժողովրդավարացման գործընթացներին


Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի
Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի

Հայաստանի նոր իշխանությունները հետևողական են ժողովրդավարության շարունակական զարգացման ու խորացման հարցում: Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ երկուշաբթի օրը ընդունելով Եվրոպայի խորհրդի քարտուղարության Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության Գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսին:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաև կազմակերպության շարունակական աջակցությունը երկրի ժողովրդավարացման գործընթացներին: Խորհրդարանի խոսնակը հավելել է, որ ակտիվ համագործակցություն կա Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ:

Արարատ Միրզոյանի խոսքով` Հայաստանն այս տարիների ընթացքում շարունակաբար իրագործել է կազմակերպությանն անդամակցությամբ ստանձնած պարտավորությունները և այդ ուղղությամբ ունի զգալի առաջընթաց` պայմանավորված նաև կազմակերպության աջակցությամբ:

Օրենսդիր մարմնի ղեկավարը հավելել է՝ 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխության արդյունքում Հայաստանն էական քայլ կատարեց մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության, իրավունքի գերակայության ուղղությամբ:

Քրիստոս Ջակումոպուլոսը կարևորել է տարիներ շարունակ Հայաստանի հետ իրականացվող արդյունավետ համագործակցությունն ու համատեղ ծրագրերը:

Նշելով, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալի առաջընթաց կա, Ջակումոպուլոսը բարեփոխումների իրականացման հարցում համագործակցության և աջակցության պատրաստակամություն է հայտնել:

Անդրադառնալով Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի շրջանակում իրականացված ծրագրերին, արձանագրված արդյունքներին, ինչպես նաև նոր Գործողությունների ծրագրին առնչվող հարցերին՝ Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ Հայաստանը հետամուտ է լինելու գործողությունների երկրորդ ծրագրի լիարժեք և ամբողջ ծավալով իրականացմանը, ու այս փուլում բավականին ծավալուն և խորքային բարեփոխումներ են նախատեսված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG