Մատչելիության հղումներ

Քաշմիրում վերսկսվել են բախումները


Վիրավոր քաղաքացուն տեղափոխում են հիվանդանոց, Քաշմիր, 2 մարտի, 2019թ.
Վիրավոր քաղաքացուն տեղափոխում են հիվանդանոց, Քաշմիր, 2 մարտի, 2019թ.

Հնդկաստանը հայտարարել է, որ Պակիստանն այսօր առավոտյան նորից խախտել է հրադադարը և կրակ է բացել Ջամմու և Քաշմիր նահանգի Ակնուր բնակավայրի ուղղությամբ:

Հնդկական կողմը պատասխան կրակ է բացել, ասել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գնդապետ Դևենդր Անադը: Քաղաքացիական բնակչության և զինծառայողների շրջանում հնարավոր կորուստների մասին գնդապետը տեղեկություններ չի հրապարակել:

Քաշմիրում Հնդկաստանի և Պակիստանի ստորաբաժանումների շփման գծում լարված վիճակ է:

Փետրվարի 14-ին «Ջաիշ Է-Մոհամադ» («Մուհամեդի բանակ») խմբավորումն իրականացրել է ահաբեկչական գործողություն, որի հետևանքով զոհվել է հնդկական բանակի 45 զինվոր:

Նյու Դելին հայտարարել է, թե Իսլամաբադն է սատարում «Ջաիշ Է-Մոհամադ»-ի զինյալներին:

Այդ խմբավորումը պայքարում է Քաշմիրը Հնդկաստանի տարածքից անջատելու և անկախ պետություն ստեղծելու, կամ Պակիստանին միացնելու համար: Պակիստանը հերքում է անջատականներին աջակցելու մեղադրանքը:

Փետրվարի 26-ին Հնդկաստանի օդուժը հրթիռակոծել է Քաշմիրում Պակիստանի հսկողության գոտում գտնվող ռազմական կենտրոնը, որն, ըստ հնդիկների, «Ջաիշ Է-Մոհամադ»-ի հենակետն է:

Հաջորդ օրը Պակիստանը հարված է հասցրել Ջամմու և Քաշմիր նահանգում տեղակայված հնդկական հենակետերին:

Երկու երկրները պնդում են, թե օդային մարտերում միմյանց ինքնաթիռներն են վայր գցել:

Անցած ուրբաթ օրը Պակիստանը Հնդակաստանին է վերադարձրել գերեվարած հնդիկ օդաչուին:

Մեկնաբանելով փետրվարի 26-ին Հնդկաստանի օդուժի իրականացրած գործողությունը՝ Պակիստանը պնդել է, թե այն ռազմական տեսակետից անիմաստ էր և ապարդյուն, քանի որ հնդիկների համար թիրախ հանդիսացող հենակետը չի ավերվել, իսկ մարդիկ չեն տուժել:

Այսօր Հնդկաստանի օդուժի հրամանատար, ավիացիայի մարշալ Բիրենդեր Սինգհ Դհանոյան ասել է, որ բանակը չի պարզում, թե ինչ վնաս է հասցրել հակառակորդի մարդուժին, կարևորը թիրախի ոչնչացումն է:

«Կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, դա մեր խնդիրը չէ, մենք չենք կարող ասել, թե քանի մարդ կար թիրախի ներսում, չենք հաշվում [հակառակորդի] կորուստները, մենք հաշվում ենք թիրախները, որոնք ենթարկվել, կամ չեն ենթարկվել հարվածներին», - ասել է Դհանոյան:

«Մենք չենք կարող ասել, թե քանի մարդ է զոհվել, դա կախված է այն բանից, թե քանի մարդ է թիրախի ներսում գտնվել ռմբահարման պահին», - պարզաբանել է Հնդկաստանի ավիացիայի մարշալը:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի մերձավոր քաղաքական դաշնակից, ֆինանսների նախարար Արուն Ջայտլին անցած շաբաթավերջին ասել է, թե ոչ մի երկրի պատկան ծառայություն ռազմական գործողությունների մանրամասներ չի հրապարակում:

Հնդկաստանը պնդում է, թե օդուժի հարվածի արդյունքում սպանվել են «շատ մեծ թվով ահաբեկիչներ»:

Մինչդեռ, Պակիստանը հավաստիացնում է, որ հնդկական ռումբերն ընկել են ջունգլիները և իրական վնաս չեն հասցրել:

Չնայած խիստ լարված կացությանը, երկու երկրների երկաթուղային հաղորդակցությունը Քաշմիրում երեկվանից վերականգնվել է:

Հնդկաստանը և Պակիստանը 1947 թվականից ի վեր երեք անգամ պատերազմել են Քաշմիրի համար: Բացի այդ, վիճահարույց երկրամասում ամեն տարի տեղի են ունենում ռազմական բախումներ:

Հնդկաստանը և Պակիստանը միջուկային տերություններ են: Փորձագետների համոզմամբ, միջուկային հարվածների հավանականությունը մեծ չէ:

Այնուամենայնիվ, ըստ փորձագետների, եթե տեղի ունենա միջուկային հարվածների փոխանակում, այն կհանգեցնի տասնյակ միլիոնավոր զոհերի և աղետալի կլինի ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG