Մատչելիության հղումներ

Տիգրան Մանսուրյանին նվիրված վավերագրական ֆիլմ է նկարահանվել


Այս տարի հունվարի 27-ին լրացավ մեր լավագույն կոմպոզիտորներից Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը, որը ողջ տարվա ընթացքում կնշանավորվի մի շարք ձեռնարկներով թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:

Նորաստեղծ «Մշար» մշակութային կենտրոնը «Մաեստրո Մանսուրյան» խորագրով 52 րոպեանոց փաստավավերագրական ֆիլմ է նկարահանել: Այն մեր հանդիսատեսին կներկայացվի վաղը երեկոյան, «Մոսկվա» կինոթատրոնում:

Մաեստրո Տիգրան Մանսուրյանի համար շատ կարևոր է, որ ֆիլմը հնարավորինս ամբողջական է ընդգրկում իր ստեղծագործական գործունեությունը, և ֆիլմում այդ մասին իրենց կարծիքն են ներկայացնում Հայաստանում և արտասահմանում ապրող և ստեղծագործող իր երաժիշտ ընկերները:

«Քանի որ շատ հաճախ եմ ես համագործակցում դրսի երաժիշտների հետ, անշուշտ ես պետք է հուշեի, թե ովքեր են Եվրոպայի և Միացյալ Նահանգների իմ ընկերները: Նրանց մի մասը, բայց ընտիր մասը ներառված են ֆիլմում: Խումբը հրաշալի աշխատանքն է տարել էս բոլորին ներառելու ֆիլմի մեջ: Իմ ընկերների այդ խոսքը․․․ Մենք այդ բաների մասին երբեք չենք խոսում, ինչո՞ւ պիտի իրար գնահատական տանք․․․ Երբ որ իրենց արձագանքն եմ լսում անչափ հետաքրքրիր է»:

Ֆիլմի նկարահանումների հետարտադրական աշխատանքներին աջակցել է Մշակույթի նախարարությունը: Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն ասաց․ - «Այդ ֆիլմը ներկայացնում է մարդուն, ստեղծագործողին, քաղաքացուն՝ իր ամբողջական կերպարի մեջ»:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ֆիլմի ստեղծագործական խմբի անդամները շեշտեցին, որ մեծ սիրով են նկարահանել այս ֆիլմը, որի վրա աշխատել են 5 տարի:

«52 րոպեի սահմաններում փորձել ենք ինչ-որ ձևով տեղավորել այն ամենը, ինչ մաեստրոն ստեղծել է ու ստեղծում է առ այսօր: Տաս անգամ 52 կարելի էր տեղավորել, բայց մենք փորձել ենք տեղավորվել էդ ֆորմատի մեջ», - ասաց ֆիլմի ռեժիսոր Հայկ Մկրտչյանը:

Ֆիլմի պրոդյուսեր Հայկ Օրդյանը, ընդգծելով, որ ֆիլմի ստեղծման համար ահռելի փաստավավերագրական նյութ են հավաքվել, նկարահանումներն իրականացվել են տասը եվրոպական և երկու ռուսաստանյան երկու քաղաքներում, հավելեց․ - «Ոչ մի նյութ, ոչ մի լուսանկար դուք այստեղ չեք տեսնի, որ մենք հենց էնպես վերցրել և օգտագործել ենք, ինչպես Հայաստանում ընդունված է: Ամբողջը գնված է, ամբողջը ունի հեղինակային իրավունք: Ցավոք սրտի, միայն «Մոսկվա» կինոթատրոնում է պրեմիերան լինելու: Սա կախված է նաև մեր միջազգային պրոդյուսերների խնդրանքից: Գերմանական հեռուստակայանի եթերից հետո մենք անպայման էնպես կանենք, որ Հայաստանում ցուցադրվի մի քանի հարթակներով»:

Ֆիլմի սցենարի հեղինակ Ալինա Օրդյանի խոսքով, ֆիլմի նկարահանման 5 տարիների ընթացքում եղել մի պահ երբ դադարել են նկարահանումները՝ ֆինանսական խնդիրների պատճառով․ - «Բայց մեծ շատ մեծ ցանկություն ունեինք մաեստրոյի 80-ամյակին դա հասցնենք, պարզապես պատասխանատվություն էր մեզ համար: Պիտի ասեմ նաև, որ մաեստրո Տիգրան Մանսուրյանի անուն-ազգանունը շատ դռներ էր բացում մեր առաջ, մարդիկ ցանկանում էին ինչ-որ ձևով ներդրում ունենալ, ինչ-որ ձևով աջակցել: «Մշար» մշակութային կենտրոնի անունից ուզում եմ ասել, որ ինձ համար մեծ պատիվ էր, որ մեր աշխատանքները մեկնարկում ենք հենց այս ֆիլով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG