Մատչելիության հղումներ

«Սևիլյան սափրիչը» օպերան կրկին կներկայացվի հայ հանդիսատեսին


Արամ Խաչատրյան համերգասրահում գալա համերգ, արխիվ
Արամ Խաչատրյան համերգասրահում գալա համերգ, արխիվ

Ջոակինո Ռոսինիի հանրահայտ «Սևիլյան սափրիչը» օպերան անկախության տարիներին հնչել է միայն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգային կատարմամբ՝ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ, 2005 թվականին։

14 տարի անց Արամ Խաչատրյան համերգասրահում այն կրկին կներկայացվի մեր երաժշտասերներին ՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի թատերականացված համերգային կատարմամբ՝ մարտի 3-ին և 5-ին, արտերկրից ժամանած, նաև հայաստանցի լավագույն մենակատարների մասնակցությամբ:

Մտահղացման հեղինակ, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թոփչյանը ընդգծեց. ֊ «Մենք հրաշալի պրոեկտ ունենք՝ Ռոսինիի «Սևիլյան սափրիչը» օպերայի երկու կատարում։ Իրենք ներկայացումների նման են, բայց մեր դահլիճում չտեսնված երգիչների կատարմամբ»։

Ռոսինիի «Սևիլյան սափրիչը» երկու գործողությամբ կատակերգական օպերայի բեմադրությանը հանդես կգան այնպիսի ճանաչված երգիչներ, ինչպիսիք են իտալացի հայտնի բարիտոն Ջանպիերո Ռուջերին ՝ Ֆիգարոյի դերերգով, կոմս Ալմավիվայի դերում՝ Լիպարիտ Ավետիսյանը, Ռոզինայի դերերգը կկատարի Աննա Կասյանը՝ սոպրանո (Ֆրանսիա), Բարտոլոյին կմարմնավորի ռուս հայտնի օպերային երգիչ Եվգենի Ստավինսկին, Դոն Բազիլիոյի դերերգն էլ կկատարի մեր հայրենակիցը Գերմանիայից՝ Վազգեն Գազարյանը:

Նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը շեշտեց. - «Ֆիլհարմոնիկ նվագախումբը ժամանակ առ ժամանակ անդրադարձ է կատարում օպերային ներկայացումների ավելի շատ համերգաթատերական ձևով ներկայացնելուն, քանի որ մեր բեմը այնքան էլ հարմար չէ օպերային ներկայացումներ կատարելու։ Մաեստրո Թոփչյանի սերը դեպի օպերային ներկայացումներ բավարարելու համար ժամանակ առ ժամանակ այսպիսի ծրագրեր իրականացնում ենք։ Ծրագիրը, իհարկե, մեզ համար շատ դժվար է ֆինանսական առումով, որովհետև որևէ գումար չունենալով՝ փորձում ենք շատ բան մատուցել լսարանին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG