«Այսօր ցավի և վշտի զգացմունքներին խառնվում են նաև ուրախության զգացմունքներ, քանի որ տեսնում ենք, որ ոճրագործության հեղինակները պատժվելու են», - այսօր Մարտի 1-ի տասը զոհերից Արմեն Ֆարմանյանի շիրմաքարի մոտ ունեցած ելույթում ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նրա խոսքով, շատ կարևոր է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կազմակերպել է երթը Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան՝ ցույց տալով, որ պետությունը կանգնած է քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, այլև այն, որ նա որպես պետության ղեկավար այսօր ներողություն խնդրեց Մարտի 1-ի զոհերի հարազատներից:
«Ուզում եմ դիմել տղերքին՝ Համլետ Թադևոսյանն է, Տիգրան Աբգարյանը, Զաքար Հովհաննիսյանը, Սամվել Հարությունյանը, Գրիգոր Գևորգյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը, Դավիթ Պետրոսյանը, Գոռ Քլոյանը․․․ Տղերք, ձեզ եմ դիմում՝ հավաստիացնելով, որ մենք ձեզ միշտ հիշելու ենք և միշտ գնահատելու ենք ձեր սխրանքը», - ասաց Զուրաբյանը՝ շարունակելով. - «Այսօր վշտի, ցավի մեր զգացմունքներին խառնվում է նաև ինչ-որ իմաստով ուրախության զգացմունքը, որովհետև վերջապես մենք ազատվել ենք այն դահիճներից, ում ձեռքով այս մարդիկ, մեր զավակները գնացին։ Վերջապես մենք տեսնում ենք, որ արդարադատությունը հնարավոր է, որ ոճրագործության հեղինակները, կատարողները, հրաման տվողները, կազմակերպիչները պատժվելու են։ Պարզ է մեզ համար, որ այս ինքնազոհողությունը, որին տղաները գնացին, իմաստավորվում է, որովհետև իրենց ջանքերով, մեր բոլորի ջանքերով Հայաստանը նորից բերում ենք դեպի դեմոկրատիա, դեպի ազատություն»։
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն այսօր Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ միասին ծաղիկներ դրեցին շիրմաքարերին:
Արմեն ջան, ինչ արել ես՝ լավ ես արել. Ֆարմանյանի հայր
2008-ի մարտի 1-ին Պարոնյան փողոցում «Չերյոմուխա»-ից սպանված Արմեն Ֆարմանյանի հայրը ասաց, որ իր որդին, ինչպես նաև մյուս տղաները պայքարել են բռնապետական իշխանության դեմ: Դիմելով որդուն՝ Վաչագան Ֆարմանյանը շեշտեց, որ սահմանին հայրենիքը պաշտպանելիս թշնամու գնդակից չի ընկել, բայց զոհվել է իր ժողովրդի ազատության համար:
«Բոլոր տասից էլ գոհ ենք։ Արմեն ջան, ինչ արել ես՝ լավ ես արել, էդ պառկած տեղդ էլ չփոշմանես։ Ձեր թանկագին հոգուն հանգստություն», - ասաց Վաչագան Ֆարմանյանը։
Մարդ սպանելով նախագահ չեն դառնում. Գոռ Քլոյանի հայր
2008-ի մարտի 1-ին Գրիգոր Լուսավորիչ և Մաշտոցի պողոտա փողոցների խաչմերուկում «Չերյոմուխա»-ից սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ցույց է տալիս որդու շիրմաքարին իր կողմից փորագրված գրությունը՝ շեշտելով, Մարտի 1-ը թող դաս լինի բոլոր իշխանությունների համար, մարդ սպանելով նախագահ չեն դառնում:
«Սա ես եմ [արել] մի րեպեի ընթացքում. «Դիմացիր հայրիկ, ներիր ինձ մայրիկ, անեղբայր քույրիկ։ Հեռացա հավերժ կարոտ իմ յարից, իմ բալիկներից»։ Թող մեր երեխաները լինեն վերջին զոհը, էլ այլևս մարտի 1-ի էսպիսի ոճրագործություն չլինի, թող դաս լինի ապագա իշխանավորներին, ովքեր եկան իշխանության՝ արյան վրայով չգան, մարդ սպանելով նախագահ չդառնան», - նշեց Սարգիս Քլոյանը։
Անդրադառանալով որդու սպանության բացահայտմանը՝ Սարգիս Քլոյանն ասաց, թե գործը քննող Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն իր հետ հանդիպման ժամանակ հորդորել է սպասել, քանի որ գուցե քննության արդյունքում պարզվի, որ մարտի 1-ին ոչ թե 4, այլ ավելի մեծ թվով ոստիկաններ են հատուկ միջոցներ՝ «Չերյոմուխա» կիրառել:
«Ինձ պատասխանել է Հատուկ քննչական ծառայության պետը՝ «իսկ ի՞նչ եք իմանում, որ 4 ոստիկան, 3 զոհ, այլ ոչ թե 24 ոստիկան, 3 զոհ։ Սապասեք քննությունը կավարտվի, ես մանրամասն կճշտեմ, ավելի մաքուր լինի գործը, որպեսզի չգնա Եվրոդատարան», - ասաց Գոռ Քլոյանի հայրը։
«Ազատության» հացին՝ ունե՞ք այդ հույսը, որ նոր իշխանության օրորք, նոր քննությամբ, բոլոր հարցերի պատասխանները կստանանք, պատասխանեց. «Այո, բոլոր հարցերի պատասխանները կստանամ, բայց երկար ժամանկ է պետք դրա համար։ Դա մի ամսվա գործ չէ, մի տարվա գործ չէ, երկար ժամանակ է պետք։ Պետք է սպասենք։ 10 տարի սպասել ենք մի երկու տարի էլ կսպասենք»։
Էլի մեր ժողովրդից շնորհակալ լինենք թավշյա հեղափոխության համար. Խաչատրյանի հայր
Մարտի 1-ին «Չերյոմուխա»-ից սպանված Տիգրան Խաչատրյանի հայրը՝ Հովսեփ Խաչատրյանը արցունքն աչքերին հիշում է, թե ինչպես ժամերով որդուն փնտրելուց հետո, ի վերջո գտել է դիահերձարանում: 11 տարվա իրադարձությունների մասին Հովսեփ Խաչատրյանը պատմում էր ամենայն մանրամասնությամբ, կարծես այդ ամենը ընդամենը երեկ էր տեղի ունեցել:
«Հերթապահ բժիշկը ինձ հարցրեց՝ «ո՞ւմ եք ման գալիս», դե չուզեցա ասեի, անկեղծ ասած, որ տղիս եմ ման գալիս։ Հարցրեց, թե ինչ ձևի տղա է, ասեցի՝ լավ բոյով, ասեց՝ «մի հեգի կա տենց, բայց էդ քո ասածին չի [համապատասխանում], ասեցի՝ «կարա՞մ իջնեմ նայեմ», հարցրեց՝ «բա չե՞ս վախենա», մտքիս մեջ ասեցի՝ «դե վախենամ, չվախենամ»։ Վերևից տենամ գլուխը արյան մեջ էր։ Էլի մեր ժողովրդից շնորհակալ լինենք, որ էս թավշյա հեղափոխությունը եղավ, և եկավ էն մարդը, ում հետ մենք 10 տարի պայքարել ենք էս օրվա համար», - ասաց Հովսեփ Խաչատրյանը։
Մարդ սպանելու և մեզ մենակ թողնելու համար պատասխան պետք է տան. Հովհաննիսյանի կին
11 տարի առաջ՝ մարտի 1-ին, Մաշտոց և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում հրազենային վնասվածքից զոհված Հովհաննես Հովհաննիսյանի կինը՝ Լիլյա Մինասյանը ամուսնու շիրմաքարի մոտ շեշտում է, ամուսնուն սպանելու և իրենց մենակ թողնելու համար պետք է պատասխան տան։
«Մարդուն սպանելը էդքան հեշտ չի։ Զոհը ունի ծնող, ունի զավակ, մեզ մենակ թողնելու համար պատասխան պետք է տան», - նշեց Լիլյա Մինասյանը։
Հավելենք, որ այսօր Սուրբ Սարգիս եկեղեցում Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ պատարագ է մատուցվել՝ նվիրված 2008-ի մարտի 1-ի զոհերի հիշատակին: