Վաղվանից աշխատանքից կազատվեն տնօրենն ու էլեկտրամոնտյորներից մեկը։ Եվս 5 վարորդ ծանուցում է ստացել, որ առաջիկայում կազատվեն աշխատանքից։
Արգելափակված ճանապարհին մնացած վարորդների ու ԲԷՑ-ի աշխատակիցների միջև անգամ հրմշտոց եղավ։
Ակցիայի մասնակիցները բացեցին ճանապարհը միայն Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության տնօրենի հավաստիացումից հետո, որ վաղը հանդիպում կկայանա և կլսի աշխատակիցների բողոքները:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ենթակայության տակ գործող ԲԷՑ-ի մասնաճյուղը մոտ 90 աշխատող ունի։ Ընդամենը ութ ամիս պաշտոնավարող տնօրենը, որ հեղափոխությունից հետո նախկին ԲՀԿ-ական նախարարի օրոք էր նշանակվել, իր պաշտոնանկությունը քաղաքական է համարում։
Մինչդեռ ազատման հրամանում նշված են աշխատանքային օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ, որոնք, ըստ վերադասի, խախտել է Էդգար Բոջուկյանը։
Օրվա վերջում ընկերությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի դեկտեմբերին ստեղծված հատուկ աշխատանքային խումբը ստուգումներ է իրականացրել ԲԷՑ-ի Հյուսիսային մասնաճյուղում թերություններ և պակասուրդ հայտնաբերել: Մասնավորապես անհետացել են ընկերությանը պատկանող երկու տնակները:
Մինչդեռ դրանց դիմաց աշխատատեղով հատուցած տնօրենն ու էլեկտրամոնտյորը, որ նախկինում եղել է այդ տնակների նյութական պատասխանատուն, պնդում են, որ դա ընդամենը թյուրիմացության արդյունքում է եղել։
«Եթե իմ աշխատակիցը սխալ ա գործում, դրա համար տնօրենին չեն հանում», - ասաց Բոջուկյանը:
Գլխավոր ճարտարագետը չի թաքցնում, որ իր հաշմանդամ փեսային են տրամադրել ԲԷՑ-ի մասնաճյուղին պատկանող 30-ամյա արդեն հնամաս տնակը։
Նախկինում էներգետիկ ոլորտում ավագ պահակ, էլէկտրամոնտյոր ու ևս երեք տարի տեղամասի պետ աշխատած Էդգար Բոջուկյանը ութ տարի առաջ «Մարտեր առանց կանոնների» մարզաձևում աշխարհի չեմպիոն է դարձել։
Հարցին, թե հիմա ում է ռինգ հրավիրում, պատասխանեց․ - «Ես հիմա ռինգ եմ հրավիրում մեր նախարարին ու մեկ էլ փոխվարչապետին»: