«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը դեմ է Մարտի 1-ի «ցավը քաղաքականացնելուն․ - «Մեր ժողովրդի ցավի հետ կապված հարցերը քաղաքականացնելը, քաղաքական շահարկումներ անելը ես չեմ գտնում տեղին»:
Օրեր առաջ Մարտի 1-ի տարելիցը քաղաքացիական հզոր երթով նշանավորելու կոչ էր արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երթը, ինչպես նշել էր վարչապետը, լինելու է «ընդդեմ բռնության, ընտրակեղծիքների ու ապօրինությունների»․ - «Եվ նշանավորելու է այն հանգրվանը, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու հաղթանակը և քաղաքացու իշխանությունն այլևս անշրջելի է, որ Հայաստանի Հանրապետությունում չեն լինելու այլևս ընտրակեղծիքներ, որ Հայաստանի Հանրապետությունում մենք հստակ դեմ ենք կանգնում բռնությանն ու ընդհանրապես քաղաքական բռնություններին, քաղաքական հետապնդումներին»:
Նիկոլ Փաշինյանի երբեմնի դաշնակից «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը կարծում է, որ երթին հատուկ կազմակերպված մասնակցելու անհրաժեշտություն չկա․ - «Ես չեմ կարծում, որ սգո միջոցառումը պետք ա հատուկ կազմակերպել»:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը հիշեցնում է, որ երթը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է նախաձեռնել: Միանալը մ մյուս կուսակցությունների որոշելիքն է․ - «Այն ուժերը, որ տարիներ շարունակ խոսել են Մարտի 1-ի բացահայտման անհրաժեշտության վերաբերյալ և հստակ պահել են իրենց գիծը, իրենք հիմա էլ դրա մասին խոսում են և իրենք կմիանան: Մյուսների վերաբերմունքը գուցե այդքան միանշանակ չի եղել ինձ համար: Եվ եթե անգամ Մարտի 1-ի չբացահայտված լինելը համարել են խնդիր, այնուամենայնիվ չեն ձեռնարկել գործուն քայլեր, որպեսզի իսկապես զրոյական մակարդակից հարցը շարժվի»:
ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն նախկին օրակարգով կառաջնորդվեն: Առանձին՝ իրենց կուսակիցներով առավոտյան Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ կխոնարհեն:
«Մեր կուսակցությունը իր հիմնադրման օրվանից Մարտի 1-ի օրը մենք բոլորով գնում ենք և մասնակցում ենք հարգանքի տուրք մատուցելու միջոցառմանը», - ասաց Էդմոն Մարուքյանը:
«Այս տարի նույնպես մենք մեր օրակարգով շարժվելու ենք: Գնալու ենք մեր հարգանքի տուրքը մատուցելու», - իր հերթին նշեց «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար անդամ Միքայել Մելքումյանը:
Երթին կմասնակցի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը: 2008 թվականից ի վեր առաջին անգամ իշխանական մակարդակով հարգանքի տուրք է մատուցվելու մարտի 1-ի զոհերին:
«Եվ այսպիսով, սիրելի հայրենակիցներ, 2019 թվականի մարտի 1-ին ժամը 18։30-ին բոլորիդ հրավիրում եմ Ազատության հրապարակ՝ այնտեղից իրականացնելու քաղաքացիական երթ դեպի Մյասնիկյանի արձան 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների 11-րդ տարվա կապակցությամբ։ Այդ օրը ես նաև մտադիր եմ ուղերձով դիմել ժողովրդին», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր վարչապետը:
Ավանդույթի համաձայն, այս տարի էլ երթը կավարտվի Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Մյասնիկյանի արձանի մոտ:
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը պատրաստ կլինի ամսիներ անց: Լենա Նազարյանն այս նախաձեռնությունն արդեն ներկայացրել է Երեւանի քաղաքապետարան:
Հուշարձանի նախագիծն ու տեղը դեռևս քննարկման փուլում են: Նախնական տվյալներով՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցում է նախատեսված:
Մարտի 1-ի թեմայով մեկ հարց էլ կա իշխանության օրակարգում: Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ սպանվածների իրավահաջորդներին ու վիրավորներին փոխհատուցում տրամադրելու նախագիծը: Այն դեռ քննարկվում է, կառավարությունը պետք է որոշի փոխհատուցման չափն ու կարգը: