Մատչելիության հղումներ

ԵՊՀ ռեկտորը կշարունակի պաշտոնավարել


Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյան
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյան

Երևանի պետական համալսարանում այսօր հրավիրված Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում ռեկտորի լիազորությունները ժամանակից շուտ դադարեցնելու հարցն էր, չեղյալ համարվեց, քանի որ Հոգաբարձուների խորհուրդը չհաստատեց օրակարգը։

Մինչև օրակարգի միակ հարցի քննարկմանն անցնելը, միջադեպեր եղան դահլիճում։

Նախ ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական, այժմ որպես ակտիվստի հանդես եկող Նարեկ Մալյանը մետաղադրամներով լի տուփը շրջեց Հոգաբարձուների խորհրդի նախագահի ու Սիմոնյանի առջև՝ ասելով․ - «Տվեք Աննա Հակոբյանին, հանկարծ ձեզ չպահեք»:

Ապա ելույթի իրավունք խնդրեց Վահան Արսենյան անունով ներկայացած մի մարդ, որը պնդում էր, թե Արամ Սիմոնյանը իրեն 30 միլիոն դրամի վնաս է հասցրել: Նրան խնդրեցին լքել դահլիճը:

Շենքում ներկա ոստիկանները և անվտանգության աշխատակիցները երկու դեպքում էլ չմիջամտեցին:

Խորհրդի անդամներից առաջինը ելույթի իրավունք խնդրեց ուսանող Դավիթ Ափոյանը․ - «Միգուցե և պետք է ռեկտորը փոխվի, որ բուհը զարգացում ապահովի, բուհի կառավարման էֆեկտիվությունը բարձրանա: Բայց է՞ս ճանապարով․․․ է՞ս ձևով ենք մենք ճանապարհում գիտական վաստակ ունեցող անձին: Ես դա չեմ ընդունում, որովհետև իմ բուհը ինձ նման դաստիարակություն չի տվել»:

Հոգաբարձուների խորհրդի մեկ այլ անդամ՝ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչ Մարգարիտա Ապրեսյանն իր ելույթում ասաց, թե ինքը չի կարող հորդորել ռեկտորին «իջնել այն սարից, որն ամբողջ կյանքում բարձրացել է, որպեսզի կոչվի համալսարանական»․ - «Ինչ վերաբերում է աշխատանքին, բոլորս էլ թերություն ունենք»:

Ծավալուն ելույթով հանդես եկավ Պետության և իրավունքի տեսության ամբիոնի վարիչ, Հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Վաղարշյանը՝ պնդելով, թե բուհին վերաբերող երեք օրենքներում ռեկտորի լիազորությունների վաղաժամ դադարեցման հետ կապված հակասություններ կան, ուստի քվեարկել չեն կարող: Եվ խորհրդի 32 անդամներից շատերը համաձայնեցին նրա հետ։

Կառավարության կողմից խորհրդի անդամ նշանակված պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, թե ուրախ է, որ վերջապես համալսարանում այնպիսի մթնոլորտ է, որ բոլորն ազատ են արտահայտելու իրենց կարծիքը՝ միաժամանակ հորդորելով շատ չխոսել բարոյականությունից․ - «Որովհետև դա այնպիսի մի ոլորտ է, որտեղ որ մտնում եք, դուրս չեք գալիս: Պետք է ապրել այդպես, ոչ թե խոսել դրա մասին»:

Ելույթներից հետո խորհուրդը քվեարկությամբ չհաստատեց օրակարգը՝ ձայների 13 դեմ, 12 կողմ հարաբերակցությամբ:

Ընդ որում, Կրթության և գիտության նախարարության կողմից խորհրդի անդամներ նշանակվածներից երեքը ձեռնպահ քվեարկեցին:

Ռեկտորի պաշտոնը պահպանած Արամ Սիմոնյանը հարցին, թե արդյոք կրկին պնդում է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման, պատասխանեց․ - «Նաև քաղաքական հետապնդում է, բայց՝ ոչ միայն: Ինձ չեն ուզում մարդիկ տեսնել այս պաշտոնում, որտեղ ես ընտրված եմ: Ես ասել եմ, որ համալսարանում իմ մնալը ինձ անհրաժեշտ է՝ պաշտպանվելու և իմ անունը մաքրելու քրեական այն գործից, որը հարուցվել է․․․ Ուրիշ պաշտպանության կարիք ես չունեմ»:

Սիմոնյանը նաև վստահեցրեց, որ Հոգաբարձուների խորհրդի անդամների վրա ուժայինների կողմից վերջին օրերին ճնշում չի եղել՝ իր դեմ քվեարկելու պահանջով․ - «Նման տեղեկություն ես չունեմ: Եվ կարծում եմ, որ դա ճիշտ չէ: Համոզված եմ, որ այդ աստիճանի մենք դեռ չենք հասել և հազիվ թե հասնենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG