Մատչելիության հղումներ

Նախարար․ Եղած հզորությունները թույլ են տալիս առնվազն կրկնապատկել իրանական գազի ներկրումը


Հայաստանի կառավարության ներկայացուցիչը և փորձագետները հավաստիացնում են, թե հայ-իրանական առկա գազամուղը թույլ է տալիս անգամներով ավելացնել իրանական գազի ներկրումը, այնուհետև այն ուղղել Վրաստան:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ կարելի է առնվազն կրկնպատակել իրանական գազի ներկրումը․ - «Այդ հնարավորությունը միայն դրական կարող է ազդել Հայաստանում եղած ենթակառուցվածքը արդյունավետ օգտագործելու համար: Կարծում եմ, այնտեղ կան չօգտագործված ծավալներ: Ինչքան տեղյակ եմ իմ գործընկերների կողմից այսօր հնչեցված կարծիքներից, այսօր եղած հզորությունները թույլ են տալիս առնվազն կրկնապատկել քանակները»:

Երեկ Թեհրանում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ բանակցություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ, թե Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել, լինել իրանական գազի տարանցիկ երկիր, և այս հարցի լուծման համար քաղաքական կամքն առկա է:

Պակաս ուշագրավ չէր Ռոհանիի հայտարարությունը․ - «Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը մատակարարումների ծավալները ավելացնելու ուղդությամբ: Պատրաստ ենք նաև եռակողմ համագործակցություն ծավալել` գազը արտահանելու դեպի Վրաստան»:

Էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հայ-իրանական գազամուղի արդիականացումից հետո այն կարող է տարեկան տեղափոխել մոտ երկու միլիարդ խորանարդ մետր գազ՝ ճիշտ այնքան, որ որքան մեկ տարվա ընթացքում ներկայումս սպառում է Հայաստանը․ - «Առկա գազամուղը, որը թողարկվեց 2007 թվականին, ունի 70 սանտիմետր տրամագիծ և նախատեսված էր մոտավորապես 1-1,2 միլիարդ խորանարդ մետր գազ տարեկան մղելու համար: Ավելի կարևոր է հետևյալ թիվը՝ վերջին տասը տարուց ավելի այդ գազատարը օգտագործվել է իր հնարավորությունների մոտավորապես 33-37 տոկոս չափով: Մենք ստանում ենք տարեկան 300-400 միլիոն խորանարդ մետր, իսկ կարող ենք ստանալ 1 կամ 1,2 միլիարդ խորանարդ մետր: Դա այն դեպքում, եթե ոչ մի բան չարվի: Իսկ եթե որոշակի քայլեր ձեռնարկվեն, ապա նույն տրամաչափով հնարավոր կլինի ստանալ մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ: Խոսքը ճնշող կայանների վերազինման, հանգույցների ստուգման, տեխնիկական բնույթի մի շարք միջոցառումների մասին է»:

Ըստ Մարջանյանի, տեխնիկապես հնարավոր է, որ Հայաստանը իր կարիքների մոտ կեսը ապահովի իրանական գազի հաշվին ու տարեկան Վրաստան փոխանցի 500 միլիոն խորանարդ մետր կապույտ վառելիք․ - «500 միլիոնը պատահական թիվ չէ, այդ թիվը բազմիցս հնչեցրել են մեր վրաց գործընկերները անցած տարիների ընթացքում: Այդ թիվը գոյանում է մոտավորապես 200 միլիոն խորանարդ մետր տարանցիկ գազի ծավալից, որոնք նրանք վերցնում են Հայաստան եկող ռուսական գազից, և 300 միլիոն խորանարդ մետր, որ նրանք վերցնում են Բաքու - Էրզրում գազատարից: Այդ 500 միլիոն խորանարդ մետրը Վրաստանի կարիքների մոտավորապես քառորդն է»:

Մարջանյանը ընդգծեց, որ գազային ոլորոտւմ հայ-իրանական համագործակցության ընդլայնումը թույլ կտա ամրապնդել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը՝ երկիրը դարձնելով հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի կարևոր օղակ:

«Ազատության» պարսկական ծառայության թղթակից Ռուբիկ Մինասյանի խոսքով, Իրանում միշտ դիտարկվել է հայաստանյան տարբերակը՝ դեպի Վրաստան գազ արտահանելու համար․ - «Այցի շրջանակներում ես նման քննարկումների չեմ հանդիպել իրանական մամուլում: Բայց քանի որ վերջին շրջանում Իրանը շատ խնդիրներ ունի ընդհանրապես էներգիայի արտահանման հետ, որովհետև Թուրքիան նվազեցրել է ծավալները, Իրաքը նվազեցրել է, պարզ է, որ Իրանը շատ ցանկություն կունենա, որ ինչ-որ ձևով՝ կլինի դա Հայաստան - Վրաստան, լինի Ադրբեջան - Վրաստան - Ռուսաստան, կարողանա ավելի շատ գազ արտահանի կամ նավթ արտահանի: Վերջին շրջանում նաև քննարկվել է Իրանում Ադրբեջանի և Վրաստանի խնդիրների մասին, և իրենք շատ լիահույս էին, որ կկարողանան Ադրբեջանի տեղը գրավել Վրաստանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG