Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփ-Կիմ Չեն Ըն երկրորդ հանդիպումն ավարտվեց առանց համաձայնության


Վիետնամ - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը Հանոյում, 28-ը փետրվարի, 2019թ․
Վիետնամ - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը Հանոյում, 28-ը փետրվարի, 2019թ․

Վիետնամում Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի առաջնորդների երկրորդ հանդիպումն ավարտվել է առանց որևէ համաձայնության: Դոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ընը նախատեսվածից շուտ են լքել հանդիպման վայրը, փաստաթուղթ չեն ստորագրել, մամուլի համար հայտարարություն չեն արել:

Ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին ասել է, թե հիմնական հակասությունը եղել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների շուրջ: «Ըստ էության, նրանք ուզում էին, որ պատժամիջոցներն ամբողջությամբ վերացվեն, ինչն անընդունելի էր մեզ համար», - երկօրյա բանակցությունների ավարտին ասել է Թրամփը:

Չնայած տարաձայնություններին, ԱՄՆ նախագահի խոսքով, Կիմ Չեն Ընը իրեն վստահեցրել է, որ Փհենյանը շարունակելու է ապամիջուկայնացմանն ուղղված քայլերը և դադարեցնելու է հրթիռային փորձարկումները:

Ավելի վաղ՝ այսօր սկսված բանակցությունների մեկնարկին, ինչպես նաև երեկ կայացած կարճատև հանդիպումից ու ընթրիքից հետո, մինչդեռ, երկու առաջնորդներն ընդգծված լավատեսությամբ էին խոսել արդյունքների մասին, չբացառելով անգամ, որ բանակցությունների ավարտին կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել:

Դոնալդ Թրամփ-Կիմ Չեն Ըն առաջին, պատմական հանդիպումը կայացել էր անցած տարի Սինգապուրում, կողմերը փաստաթուղթ էին ստոագրել և խոստացել քայլեր ձեռնարկել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ: Հստակ գործողություններ ու ժամկետներ, սակայն, չէին նշել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG