Մատչելիության հղումներ

Երևանը վրդովմունք է հայտնել, որ ռուս պատգամավորները Բաքվում մասնակցել են հակահայկական երթին


Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյան, արխիվ
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյան, արխիվ

Պաշտոնական Երևանը՝ ի դեմս Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի, իր վրդովմունքն է հայտնել Բաքվում փետրվարի 26-ին կայացած հակահայկական միջոցառմանը ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորների մասնակցության կապակցությամբ: Դեսպանն այս մասին ասել է ռուսական հեղինակավոր «Էխո Մոսկվի» ռադիոկայանին:

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է հայկական կողմը վերաբերվում այն փաստին, որ մի խումբ ռուս խորհրդարանականններ Բաքվում մասնակցել են Խոջալուի դեպքերի հերթական տարելիցին նվիրված միջոցառմանը, դեսպանն ասել է․ - «Մենք մեր վրդովմունքն ենք հայտնում այն կապակցությամբ, որ մի խումբ ռուս պատգամավորներ մասնակցել են Բաքվում կայացած հակահայկական երթին»: Տողանյանն ընդգծել է, որ այդ երթը ակնհայտ հակահայկական բնույթ ուներ, և Բաքուն այն օգտագործել է տարածաշրջանում վստահության խաթարման նպատակով:

Հայաստանի դեսպանը հավելել է, որ ռուս խորհրդարանականների դրդապատճառները հասկանալի չեն: «Ո՞րն էր նրանց առաքելությունը, ի՞նչ նպատակով են նրանք մասնակցել առանձին պետության իշխանությունների քարոզչական արշավի մաս կազմող այդ միջոցառմանը», - հարցնում էր Տողանյանը:

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի հարցին պատասխանելիս դեսպանը նաև ասել է․ - «Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր մենք միտված ենք բարեկամության կամուրջների, անկեղծ և դաշնակցային հարաբերությունների կառուցմանը, և հուսով ենք, որ ռուս գործընկերները համապատասխան գնահատական կտան լավ կազմակերպված հակահայկական շարժմանը խորհրդարանականների մասնակցությանը, որը նպատակ ուներ թյուրըմբռնման և անվստահության սերմանումը»:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանի այս հայտարարությանը պաշտոնական Մոսկվան դեռ չի արձագանքել:

Հավելենք, որ այդ երթին մասնակցել է նաև Պետդումայի պատգամավոր, Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Իրինա Ռոդնինան:

Ռուսաստանի պետական «Վեստի 24» հեռուստաընկերությունը փետրվարի 26-ի երեկոյան իր եթերում պատմել է երթի մասին, ինչպես նաև խոսել է ղարաբաղյան խնդրի կարգավորման կազանյան փաստաթղթի մասին:

Հիշեցնենք, հակահայկական երթին ռուս պատգամավորների մասնակցությանը երեկ անդրադարձել է նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի լիագումար նիստում իր ելույթում:

«Պետք է ցավով արձանագրեմ, որ չնայած մեր երկրների միջև բարձր մակարդակի և դաշնակցային համագործակցությանը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ռուսական կողմի հետևողական ջանքերին՝ ռուսաստանցի մեր որոշ գործընկերներ բառացիորեն երեկ դարձան վառ արտահայտված հակահայկական միջոցառման մասնակիցներ Բաքվում՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության խաթարմանը: Ավելին, արդարացի տարակուսանք է առաջացնում այս միջոցառմանը ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների մասնակցությունը», - մասնավորապես հայտարարել է Միրզոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG