Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի առաջնորդներն այսօր Վիետնամում երկրորդ անգամ կնստեն բանակցային սեղանի շուրջ՝ Կորեական թերակզղու ապամիջուկայնացման հարցով: Երկու նախագահները նախօրեին են ժամանել Հանոյ, երեկ արդեն կարճատև հանդիպում են անցկացրել՝ հույս հայտնելով, որ այսօր կկարողանան առաջընթաց արձանագրել:
«Մենք ճիշտ ճանապարհին ենք», - Կիմ Չեն Ընի հետ ձեռքսեղմումից հետո հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը: «Ինձ համար պատիվ է հանդիպել նախագահ Կիմի հետ այստեղ Վիետնամում, որտեղ կարմիր գորգ են փռել և իսկապես ջերմ ընդունելություն պատրաստել մեզ համար: Մեր առաջին գագաթնաժողովը շատ հաջող անցավ, ոմանք ուզում են, որ գործընթացն առավել արագ լինի, բայց ես գոհ եմ, Դուք գոհ եք, և հույս ունեմ, որ այս հանդիպումը կլինի նույնքան արդյունավետ, որքան առաջինը, և գուցե՝ ավելի: Մենք արդեն իսկ շատ առաջ ենք գնացել, և կարծում եմ՝ ամենամեծ առաջընթացը մեր հարաբերություններն են, որոնք իսկապես լավն են», - ասել է Դոնալդ Թրամփը:
Երկու առաջնորդների առաջին պատմական հանդիպումը կայացել էր անցած հունիսին Սինգապուրում: Դոնալդ Թրամփն ու Կիմ չեն Ընը բանակցությունների սեղանի շուրջ էին նստել Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումներից հետո, երբ գրեթե ամեն շաբաթ Վաշինգտոնն ու Փհենյանը սպառնալիքներ էին հնչեցնում միմյանց հասցեին, Նահանգները խստացնում էր պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ, փորձագետներն էլ խոսում էին հնարավոր պատերազմի մասին: Չնայած լարված այդ հարաբերություններին՝ Սինգապուրում Դոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ընը հայտարարեցին, թե ընդհանուր հայտարարի են եկել և համաձայնել են քայլեր ձեռնարկել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ:
Երեկ էլ Կիմ Չեն Ընը պնդեց՝ կողմերը միասին հաղթահարում են անվստահությունն ու տարաձայնությունները: «Վստահ եմ, որ գերազանց արդյունք կունենանք, որը բոլորը կողջունեն, և ես իմ ուժերից եկած ամեն բան կանեմ, որպեսզի դա տեղի ունենա», - հայտարարեց Հյուսիսային Կորեայի ղեկավարը:
Կարճատև զրույցից հետո երեկ երկու առաջնորդները նաև միասին ճաշել են, ընթրիքը շարունակվել էր ավելի քան մեկուկես ժամ, սակայն Սպիտակ տունը թույլ չէր տվել լրագրողներին հետևել երկու նախագահների զրույցին: Գործընկերոջը հրաժեշտ տալուց առաջ, սակայն, Թրամփը փաստել էր՝ այսօր լուրջ ու երկարատև բանակցություններ են սպասվում:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահը չէր բացառել, որ Հյուսիսային Կորեայից ակնկալվող քայլերի դեպքում Վաշինգտոնը կարող է վերանայել Փհենյանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները և անգամ խաղաղության համաձայնագիր ստորագրել, որը պաշտոնապես վերջակետ կդնի 1950-53 թվականների Կորեական պատերազմին: Տասնամյակներ առաջ տեղի ունեցած այդ հակամարտությունից հետո կողմերը հրադադարի պայմանագիր են ստորագրել, բայց ոչ՝ խաղաղության համաձայնագիր: