Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Սա նոր համազգային քայլարշավ է, որով նոր էջ ենք բացելու մեր ժողովրդի պատմության մեջ


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

«Մեր միասնական խնդիրը հետևյալն է. մենք այլևս չունենք Հայաստանի օրակարգ և Սփյուռքի օրակարգ, ունենք համազգային օրակարգ, որի նպատակը մեր համազգային նպատակների և երազանքների իրագործումն է», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում կայացած հանդիպմանը ներկա են եղել հազարավոր իրանահայեր: Մինչ ելույթը Փաշինյանը գրառում է կատարել «Արարատ» մարզամշակութային միության պատվավոր հյուրերի գրքում:

«Իրանի հպարտ հայության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ: Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը` մաքուր հայկական, մաքուր հայաստանյան, մաքուր ընտանեկան, մաքուր հարազատ այսպիսի մթնոլորտում: Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, հպարտանում եմ ձեր ոգով, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, որ ապրելով հայրենիքից դուրս, այո, բարեկամական, եղբայրական Իրանում, այնուամենայնիվ շատ կարևոր է, որ ապահովել եք այսպիսի մթնոլորտ: Սա փաստում է, որ Իրանի քաղաքացի լինելը որևէ հակասության մեջ չի մտել և չի մտնում հայ լինելու հետ, հայաստանցի լինելու հետ, հայաստանակենտրոն լինելու հետ», - իր ելույթում ասել է Հայաստանի վարչապետը՝ շարունակելով․ - «Նախորդ ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխական օրերին, իհարկե, շատ հնարավորություն չեմ ունեցել հետևելու, թե ինչ է կատարվում մեր համայնքներում, մասնավորապես, Իրանի հայ համայնքում, բայց նաև գիտեմ, որ ողջ համայնքն ուշի ուշով հետևել է հայաստանյան իրադարձություններին: Չեմ սասանվի ոչ մի րոպե ասել, որ սիրելի հայրենակիցներ, դուք լիարժեք մասնակիցն ու հեղինակն եք այն ժողովրդական հեղափոխության, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Անկախ նրանից, թե ով է ֆիզիկապես այդ օրերին եղել ՀՀ-ում` առանց ձեր աջակցության այդ փոփոխությունները տեղի չէին ունենա»:

«Այո, ձեզնից յուրաքանչյուրն իր սիրով, ուշադրությամբ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության լիարժեք մասնակիցն է, և Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության հաղթանակը ձեզնից յուրաքանչյուրի անհատական հաղթանակն է, որովհետև այս հաղթանակը միասնություն է բերել հայ ժողովրդին և այդ միասնությունը երբեք որևէ բանով չի խաթարվելու», - ընդգծել է Փաշինյանը:

«Ուզում եմ հստակ արձանագրել. այո, Հայաստանի Հանրապետությունում սփյուռքի հետ կապված հարցերում կարող են լինել քննարկումներ, բանավեճեր, տարբեր մոտեցումներ և տեսակետներ, բայց ուզում եմ մի կոնկրետ խնդիր դնել բոլորիս առաջ, առաջին հերթին, իհարկե, իմ և մեր կառավարության առաջ. պետք է բացառել այնպիսի գործողությունները, որոնք որևէ կերպ կասկածի տակ կդնեն այն բացառիկ ազգային միասնությունը, որ այսօր վայելում է հայ ժողովուրդը Հայաստանում, Իրանում և ի սփյուռս աշխարհի: Այդ միասնությունը դուրս է ցանկացած քաղաքական, կուսակցական շահից, մեր ազգային միասնությունը վեհ է ամեն ինչից և բոլորս ծառայում ենք այդ ազգային միասնությանը», - հայտարարել է վարչապետը:

«Այն, որ բոլորս այստեղ նույն տանիքի տակ ենք հավաքված` ընդգծում է, որ մեր ժողովրդի պատմության համար իսկապես նոր էջ է բացվել, և այդ պատմության մեջ մեզնից յուրաքանչյուրն ունի գրելու և ստեղծելու իր բաժինը: Մեր հեղափոխության և կառավարության մեծագույն առաքելությունն այն է, որ մեզնից յուրաքանչյուրը, ձեզնից յուրաքանչյուրը, մենք` որպես ամբողջություն, ոչ միայն հավատանք մեր հայրենիքի, ժողովրդի ապագային, այլև վստահ, համոզված լինենք, որ մենք հաղթական քայլելու ենք 21-րդ դարում: Սա մի նոր համազգային քայլարշավ է, որով մենք նոր էջ պետք է բացենք մեր ժողովրդի պատմության մեջ», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ - «Շնորհակալություն եմ հայտնում, որ դուք այսպիսով արձանագրում եք նաև ձեր հավատարմությունն այն արժեքներին, որ բերեց տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը»:

«Շատ երկար ժամանակ տառապանքների մեջ, չարչարանքների մեջ մեր ժողովուրդը երազել է, մենք երազել ենք նոր հաղթանակների, նոր երջանկության և նոր միասնության մասին: Ուզում եմ ասել, որ եկել է երազանքները կյանքի կոչելու ժամանակը, և այսօրվա ձեր ներկայությունը վկայում է, որ մենք միասնական ենք և վճռական երազանքները կյանքի կոչելու ճանապահին, լինի դա տնտեսապես Հայաստանը հզորացնելու, լինի Արցախի ժողովրդի արդար պահանջի իրացման, լինի մեր երազանքների իրացման հարցը: Մենք մեր ձեռքերով պետք է կերտենք մեր ապագան, այնպես, ինչպես մեր ձեռքերով կերտել ենք մեր ներկան: Մեր ճակատագիրն այլևս արևելքներում, հյուսիսներում և հարավներում չէ, այլ մեր ձեռքերում է, և մենք որպես արժանապատիվ քաղաքացիներ` մեր ձեռքը պետք է վերցնենք մեր ճակատագրի ղեկը և որպես պետություն, որպես ժողովուրդ պետք է առաջնորդենք նորանոր հաղթանակների: Բայց ուզում եմ նաև ընդգծել, որ այս երազանքների իրականացումը յուրաքանչյուրիցս, առավել ևս ինձնից, կառավարությունից է կախված», - շեշտել է Հայաստանի վարչապետը:

«Կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայ-իրանական բարեկամությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք որպես ազատ, հպարտ և արժանապատիվ ժողովրդի արժանապատիվ և հաղթական զավակներ», - իր ելույթն ամփոփել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Փաշինյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերին, որոնք վերաբերել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը, Իրան կատարած այցին և բանակցությունների արդյունքներին, ՀՀ կառավարության առաջնահերթություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին ու այլ թեմաների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG