Մատչելիության հղումներ

ՊՎԾ ձերբակալված պաշտոնյաների փաստաբաններն ասում են՝ առաջադրված մեղադրանքներն իրավաչափ չեն


ՊՎԾ ձերբակալված 2 աշխատակիցների՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի և վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանի փաստաբանները պնդում են՝ իրենց պաշտպանյալներն օրենքի շրջանակներում են գործել՝ դաշտն օրինականացնելու համար հայտնվել են մեղադրյալի աթոռին:

Սամվել Ադյանի փաստաբան Դավիթ Մնացականյանն ասում է, որ իր պաշտպանյալը կասկածվում է քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

«Մեղադրանքը չի ընդունում։ Էդ մարդիկ ուզեցել են անել հետևյալը՝ դաշտը օրինականացնել, այսինքն հավասար պայմաններ ստեղծել բոլոր ընկերությունների համար, որպեսզի մի ընկերություն գերիշխող դիրք չունենա տարիներ շարունակ։ Մի ընկերություն տարիներ շարունակ միայն ինքն է մրցույթներում հաղթող ճանաչվել, ինքը սպասարկում իրականացրել, հիմա էդ կարծրատիպը կոտրելու համար էս կողմից միջոցներ են ձեռնարկվել, որի արդյունքում փաստորեն իրանց դեմ է ուղղվել», - նշեց Մնացականյանը։

Ադյանի փաստաբանը հավելեց. «Էս մարդիկ դաշտը օրինականացնելու համար հայտնվել են կասկածյալի, արդեն նաև մեղադրյալի աթոռին»։

«Ազատության» հարցին՝ իրենք չեն ընդունո՞ւմ, որ լիազորությունները չարաշահել են՝ պատասխանեց. «Իհարկե, ոչ։ Առավել ևս որևէ լիազորություն չարաշահելու մասին խոսք չի կարող լինել»։

ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանի փաստաբան Արման Արզումանյանը «Ազատությանը» հայտնեց՝ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

«Գևորգ Խաչատրյանը գործել է բացառապես օրենքի շրջանակներում, իր լիազորությունները իրականացրել է պատշաճ։ Պետությանը նախորդ տարվա ընթացքում առնվազն 36 միլիոնի խնայողություն է ապահովել», - ասաց Արզումանյանը։

Հարցին՝ 308-րդ հոդվածը՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, համարո՞ւմ են իրավաչափ, Արզումանյանը պատասխանեց. «Համարում ենք ոչ իրավաչափ»։

Կապ հաստատեցինք նաև այս գործով անցնող Տարոն Ավետիսյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի հետ, ով հայտնեց, որ իր պաշտպանյալը ձերբակալվել է քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:

Մեր հարցին, թե ըստ կասկածանքի՝ Տարոն Ավետիսյանն ի՞նչ փաստաթղթեր է կեղծել, պաշտպանը պատասխանեց, որ այդ հանգամանքն իրենց այս պահին պարզ չէ, չգիտի նաև, թե ըստ քննություն իրականացնող մարմնի՝ դրանք ե՞րբ են կեղծվել և ի՞նչ պայմաններում: Պաշտպանն այս պահին այլ մանրամասներ չի հայտնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG