Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը այսօր Ռուսաստանի Դաշնության խորհրդում իր ելույթում հիշատակել է Սումգայիթում 1988-ին տեղի ունեցած ոճրագործությունները, ինչպես նաև իր մտահոգությունն է հայտնել այն փաստով, որ երեկ ռուսաստանցի պատգամավորները Բաքվում մասնակցել են հակահայկական ցույցին։
«Ստիպված եմ ցավով փաստել, որ չնայած մեր երկրների միջև առկա դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակին, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ռուսական կողմի հետևողական ջանքերին, մեր որոշ ռուս գործընկերներ երեկ մասնակցել են ընդգծված հակահայկական ուղղվածությամբ ակցիայի, որը տեղի է ունեցել Բաքվում և որը ուղղված է տարածաշրջանում կայունության խախտմանը», - հայտարարել է Միրզոյանը։
Երեկ այս ցույցին նաև անդրադարձել են ռուսական հեռուստաընկերությունները, այդ թվում՝ պետական «Ռոսիա 24» հեռուստաընկերությունը, ինչը թերևս աննախադեպ էր։ Վերջին տարիներին նման միակողմանի ռեպորտաժներ չեն եղել։
Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի խոսքով՝ առաջին անգամ է, որ Հայաստանի Ազգային ժողովի խոսնակին նման հնարավորություն է ընձեռվում ելույթ ունենալ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի լիագումար նիստին։
Իր ելույթում Միրզոյանն այսօր շեշտել է, որ հայ-ռուսական հարաբերությունները միշտ են ռազմավարական. «Հայ-ռուսական հարաբերությունները առանձնահատուկ բնույթ են կրում, Հայաստանը Ռուսաստանին համարել և համարում է իր ռազմավարական գործընկերը։ Մեր հարաբերությունների շարունակական ամրապնդումը և այդ ճանապարհին հնարավոր խոչընդոտների հաղթահարումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են։ Այս կոնցեպցիան իր արտացոլումն է գտել օրերս Հայաստանի Ազգային ժողովում հաստատված Հայաստանի կառավարություն հնգամյա ծրագրում, ինչը վերը ասվածի հստակ նկարագրությունն է»։
Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ Արարատ Միրզոյանն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրողությունները և հիմնվելով միջազգային օրենքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես՝ ազգերի ինքնորոշման իրավունքի վրա։