Մատչելիության հղումներ

Աննա Հակոբյան․ «Ժպիտների քաղաք» հիմնադրամը որդեգրել է ծայրահեղ թափանցիկ գործելաոճ


Աննա Հակոբյան, արխիվ
Աննա Հակոբյան, արխիվ

«Ժպիտների քաղաք» քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցող հիմնադրամին նվիրատվություններ արած ընկերությունների ու անհատների ցանկը գաղտնի չի պահվել և անցյալ տարվա նոյեմբերից տեղադրված է կայքում», - գրել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ժպիտների քաղաք»-ին արված նվիրատվությունների շուրջ բարձրացած աղմուկից հետո։

«Մենք որդեգրել ենք ծայրահեղ թափանցիկ գործելաոճ հենց այս պրոցեսի համար, որ լրագրողները մանրադիտակի տակ ուսումնասիրեն այն, որ բոլորն ամեն ինչ իմանան մեր մասին` ումից գումար ստացանք, ինչ արեցինք այդ գումարը, և այլն: Ինչ վերաբերում է նվիրատվություններին, ապա ցանկում նշված բոլոր խոշոր նվիրատվություններն արվել են հուլիսի վերջին «Մարիոտ» հյուրանոցում կայացած գալա-ընթրիքի ժամանակ կամ դրանից կարճ ժամանակ անց: Այնպես որ, տվյալ դեպքում բոլոր վերլուծություններն ու մութ գործարքների մասին կասկածները շուրջ 7 ամիս ուշացած են», - գրել է Հակոբյանը։

Այսպես ասած «մութ գործարքների» մասին լրատվամիջոցների և սոցցանցերի օգտատերերի առաջ քաշած ենթադրությունները հիմնականում խոշոր նվիրատուների շուրջ էին, օրինակ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 2018 թվականի նվիրատուների ցանկում երկրորդ տեղում էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» հետո՝ Մայր Աթոռը փոխանցել էր ավելի քան 47 միլիոն դրամ։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը բացատրում է՝ նվիրատվությունն իրականում բոստոնաբնակ հայ հոգևորականի կողմից է։

«Բոստոնաբնակ հայ հոգևորական Դեր Մամփրե Կուզուրյանից է էդ գումարը, արտացոլված է էդ անունը մեր կայքում։ Իրականում էդ հոգևորականը, մտահոգ լինելով մեր երեխաների առողջության խնդիրներով, իր ծննդյան տարեդարձի առիթով բոլոր հյուրերին խնդրել է, որ գումար տան, ոչ թե իրեն նվերներ, և այդ հանգանակված գումարը հարմար է գտել փոխանցել եկեղեցու միջոցով», - նշեց Դեմիրճյանը։

Հոգևորականից և Զանգեզուրի պղնձամոլիբդենայինից բացի, 2018-ին համեմատաբար խոշոր նվիրատվություններ են արել նաև Պարի պետական անսամբլը՝ ավելի քան 9 միլիոն դրամ՝ այդ գումարը հավաքվել է բարեգործական համերգի ժամանակ, «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական կազմակերպությունը՝ 10 միլիոն դրամ, ինչպես նաև «Ալեքս տեքստիլ» և «Նատալի ֆարմ» ընկերությունները՝ համապատասխանաբար 2 միլիոն և 3 միլիոն դրամ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը՝ 10 միլիոն դրամ և «Ծառուկյան» հիմնադրամն առանձին՝ ևս 2 միլիոն դրամ, «Ամերիա» բանկը՝ ավելի քան 7 միլիոն դրամ։ Նվիրատուների շարքում են նաև «Դուստր Մարիաննա» ընկերությունը, Երևանի կոնյակի գործարանը, «Գրանտ տոբակո»-ն, «ԱյԴի բանկ»-ը, «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, և այլն։

«Ցանկացած հիմնադրամ ցանկացած երկրում գոյություն կարող է ունենալ միայն նվիրատվությունների շնորհիվ, ցանկացած հիմնադրամ իր գործունեությունը ապահովելու համար անում է տարբեր տեսակի միջոցառումներ, որոնց ընթացքում գումար է հանգանակվում», - ընդգծեց Էսթեր Դեմիրճյանը։

Հիմնադրամի գործադիր տնօրենից հետաքրքրվեցինք՝ կա՞ն արդյոք գործարարներ, որոնց հետ նախընտրում են չաշխատել կամ չեն հրավիրում հանգանակությունների միջոցառումների։ «Հիմնադրամի նպատակն է աջակցել այսօր քաղցկեղով հիվանդ երեխաներին, և ես կարծում եմ, որ ցանկացած կազմակերպություն, անհատ, անձ, որը ցանկություն կունենա դրան աջակցելու, իհարկե, հիմնադրամը չի հրաժարվի նման բաներից, որովհետև մեր կարևորագույն խնդիրը էսօր մեր երեխաներին որակյալ և պատշաճ բուժում ստանալու հնարավորություն տալն է», - պատասխանեց Դեմիրճյանը։

Արդյո՞ք Հայաստանի տարբեր գործարարների և ընկերությունների կողմից «Ժպիտների քաղաք» հիմնադրամին արված նվիրատվությունները կոռուպցիայի քողարկված ռիսկեր են պարունակում, արդեն երկու օր է քննարկվում է մամուլում և սոցցանցերում։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը կարծում է՝ նախ պետք է հասկանալ, թե որն է կաշառքի սահմանումը։

«Ըստ էության, կաշառքի հիմնական տրամաբանությունը նրանում է, որ մարդը ստանում է ինչ-որ անձնական շահույթ, ունի անձնական հետաքրքրություն, որը հակասում է իր ծառայողական հետաքրքրություններին։ Տիկին Հակոբյանը, կամ վարչապետ Փաշինյանը՝ իրենք այդ գումարից անձնական ինչ-որ շահ ունե՞ն, իրենք անձնական շահերին ծառայեցնո՞ւմ են այդ գումարը․ եթե ոչ, ապա այստեղ որևիցե կաշառքի մասին, ըստ էության, խոսք չի կարող լինել», - ընդգծեց Իոաննիսյանը։

Միևնույն ժամանակ, Դանիել Իոաննիսյանը վստահ է՝ գործարարները գումարներ են փոխանցում Աննա Հակոբյանի գլխավորությամբ գործող հիմնադրամին «հին իներցիայով», նույն գործարարները նախկին իշխանությունների օրոք էլ նվիրաբերում էին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո գործած, կրկին քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցող «Նվիրիր կյանք» հիմնադրամին։

«Այստեղ իներցիոն դրսևորում կա, միարժեք, հավանաբար նաև կա իշխանություններին և նաև հանրությանը հաճոյանալու ցանկություն», - նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգողը։

2018 թվականի հուլիսից սկսած մինչև օրս «Ժպիտների քաղաք» հիմնադրամը ընդհանուր առմամբ երեխաների առողջությանը հատկացրել է ավելի քան 71,5 միլիոն դրամ, կամ համարժեք 150 հազար դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG