Մատչելիության հղումներ

Լենա Նազարյանը Սեֆիլյանին հորդորում է «սպառնալիքի լեզվով չխոսել»


«Լավ կլիներ, որ իրենք դադարեին վերջապես խոսել սպառնալիքի լեզվով: Դա անընդունելի է, դա որևէ արդյուքն չի տալու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը երեկ ֆեյսբուքում գրել էր, թե լռելու և ապստամբների նկատմամբ շարունակվող դատաստանին համբերատար հետևելու ժամանակը սպառվել է:
«Առնվազն տարակուսելի է», - գրել է Սեֆիլյանը, - «որ հեղափոխությամբ պետության ղեկը ստանձնած ու Մարտի 1-ի բացահայտմամբ շահագրգիռ իշխանությունը իր բոլոր քայլերով, այդ թվում՝ ծուղակ հիշեցնող անհեթեթ համաներման ակտով, համառորեն մերժում է Մարտի 1 արած ռեժիմի դեմ ապստամբության իրավունքը, իսկ ապստամբներին հանձնում է նրա ծառաների դատաստանին: Համբերության բաժակը լցվել է, և եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»:

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Բիլյանին ու Բարսեղյանին առաջադրված է սպանության մեղադրանք: 2016-ին ոստիկանական գունդը գրաված 31 հոգանոց խմբից դատավարության ընթացքում միայն նրանց խափանման միջոց կալանքը չի փոխվել:

Սեֆիլյանն այսօր մերկապարանոց հերյուրանք էր որակել այն մեկնաբանությունները, թե ինքը երեկ խոսել է ապստամբության անհրաժեշտության մասին և նույնիսկ նկատի ունեցել, որ դա պետք է անել զենքով։

«Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանի խոսքով, զենքի էջը իրենց համար փակված է, իսկ Սեֆիլյանը խոսել է իրավունքի շրջանակներում ակցիաների, բողոքի գործողությունների մասին:

Իշխանական «Իմ քայլի» պատգմավաոր Նիկոլայ Բաղդասարյանն այնուամենայնիվ կարծում է, որ իշխանության հետ նման տոնով չի կարելի խոսել․ - «Ես տեսնում եմ իր ասածի մեջ հետևյալ մոտեցումը, որ եթե բաց չթողնեք, ապա մենք ինչ-որ գործողությունների կդիմենք: Այնուհետև ասում է՝ չէ, մենք էդ գործողությունները չենք կատարի: Պետք է ինքը գիտակցի, որ չի կարելի նման շեշտադրումով հասարակության մեջ իշխանության հետ խոսելը: Որովհետև իշխանությունը փորձում է ամեն ինչ այսօր անել, որպեսզի հասարակությունը ոտքի կանգնի, որպեսզի տնտեսությունը զարգանա և մարդկանց հույսը, հավատը արդարացնի: Իսկ ինքը նման գործողությունով ավելի ինչ-որ տեղ սեպ ա կոխում տարբեր հասարակության ներկայացուցիչների մեջ, ինչը այսօր միայն ՀՀԿ-ի ջրաղացին ջուր լցնել է»:

Բաղդասարյանը Սեֆիլյանի հայտարարությունը կապում է Ղարաբաղում սպասվող նախագահական ընտրությունների հետ: Նրա կարծքիով, ուզում են հիշեցնել «Սասնա ծռեր» կուսակցության մասին․ - «Ես դա նորմալ եմ համարում, ուղղակի շեշտադրումը նորմալ չեմ համարում, որ ուզում են կապեն դա իրենց նախկին, անցյալ գործընթացի հետ, և ուզում են անպայման մտցնել մի այնպիսի շեշտադրում, ինչպես՝ մենք նախկինում ապստամբություն ենք փորձել կատարել․․․ մենք ենք եղել հեղափոխության սկիզբը․․․ ԻՆձ թվում է, պետք է ավելի շատ ներկայացնեն իրենց ապագան, թե ինչ են իրենք տեսնում, և ոչ թե փորձեն դա կապել ապստամբության, մեր իշխանության, դատարանի հետ․․․ Որովհետև ի վերջո այնտեղ կան զոհեր, և էդ մարդիկ էլ ունեն զգացմունքներ»:

«Իմ քայլից» Վահանգն Հովակիմյանի կարծիքով, Նոր Հայաստանում որևէ միջամտություն իրավական գործընթացներին՝ կլինի գործադիրի, թե օրենսդիրի կողմից, այլևս բացառվում է․ - «Եթե մենք ակնկալենք, որ գործադիրը պիտի միջամտի, դա ուղղակի [կնշանակի] գործադիրից ակնկալել, որ գործադիրը հին մեթոդներով խախտի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը: Սա է, որ չի կարելի թույլ տալ»:


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Սերգեյ Բագրատյանը համակարծիք է՝ անթույլատրելի է, որ գործադիր իշխանությունը խառնվի դատականի գործերին։
Խնդրի վրա ուշադրություն հրավիրելու փորձ է որակում հայտարարությունը, բայցև կարծում է, որ Սեֆիլյանը շտապել է․ - «Պետք է նաև կառավարության գործողությունների ընթացքը վերլուծել և հասկանալ, որ այս պահին կառավարությունը ինքը հավանաբար բազմաթիվ իրավական գործընթացների մեջ տեսնում է սխալներ, բայց քանի որ որդեգրել է միայն իրավական ճանապարհը, ենթադրելի է, որ պետք է նաև դատական համակարգում որոշակի փոփոխություններ լինեն, որպեսզի այս դեպքում արդեն փիլիսոփայությունը, որ կա պետության ընթացքի, վերաբերի նաև դատական համակարգին: Պարոն Սեֆիլյանը մի քիչ շտապել է, բայց հասկանալի է նաև իր պատասխանատվությունը և հանձնառությունը խմբի անդամների նկատմամբ»:

Բագրատյանը վստահ է, որ Սեֆիլյանը ժողովրդական իշխանության պայմաններում զենքով հարցեր լուծելու քայլին չի գնա․ - «Վստահ եմ, որ պետականության նկատմամբ իր պատասխանատվությունը շատ ավելի բարձր է, քան որոշակի հուզական ընթացքներ»:

Մինչ դատավարությունը շարունակվում է, «Սասնա ծռերի» կալանավորված մի շարք անդամներ անցած տարի ազատ արձակվեցին Գագիկ Ծառուկյանի ղեկավարած խմբակցության պատգամավորների անձնական երաշխավորությամբ։

Սերգեյ Բագրատյանն ասում է, որ իրենք չեն զղջում․ - «Էմոցիոնալ արտահայտությունները շատ էական չեն: Վստահ եմ, որ իրենք շատ ավելի արժանիքներ ունեն, հայրենիքի նկատմամբ ծառայություն ունեն մատուցած, դեռևս կծառայեն հայրենիքին: Եվ․․․ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի մեկ-մեկ ափերից դուրս գալու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG