Մատչելիության հղումներ

ԼՂ ոստիկանություն․ Սամվել Բաբայանը ընդգրկված չէ Արցախի ընտրողների ռեգիստրում


Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունը այսօր հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին քաղաքացիությունից զրկելու հայտարարության վերաբերյալ՝ տեղեկացնելով, թե «քանի որ 2006-ի սեպտեմբերի 11-ին Սամվել Բաբայանը իր դիմումի համաձայն հանվել է Լեռնային Ղարաբաղի հաշվառումից՝ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում հաշվառվելու համար, ուստի վերջինս ընդգրկված չէ Արցախի ընտրողների ռեգիստրում, այլ ընդգրկված է Հայաստանի ընտրողների ռեգիստրում: Սամվել Բաբայանը, ցանկության դեպքում կարող է դիմել Արցախի ոստիկանության համապատասխան անձնագրային ծառայություն՝ Արցախի Հանրապետության որևէ համայնքում հաշվառվելու համար: Հաշվառվելու դեպքում նա վերոհիշյալ օրենսգրքի ուժով կընդգրկվի Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրում»:

Թե արդյոք հաշվառվելուց և ընտրողների ռեգիստրում ընդգրկվելուց հետո Բաբայանը կվերականգանի իր քաղաքացիությունը, ոստիկանության հայտարարությունից պարզ չի դառնում:

Ղարաբաղի ոստիկանության լրատվության վարչության ղեկավար Ֆելիքս Հարությունյանն ասաց, թե հայտարարությունից դուրս որևէ բան ասել չի կարող:

Մինչդեռ Սամվել Բաբայանի փաստաբան Արամ Ղլեչյանը «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ իրենք ոչ թե հաշվառման, այլ Բաբայանին քաղաքացիությունից զրկելու հարցն են բարձրացրել: Բացի այդ, ըստ փաստաբանի, Ղարաբաղի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ որևէ փաստաղթուղթ չի ներկայացվել, որը կհավաստի, որ Բաբայանը ժամանակին հրաժարվել է Արցախի իր հաշվառումից:

Ղլեչյան․ - Ես էլ քիչ առաջ էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցում տեսա Արցախի ոստիկանության հայտարարությունը: Ինձ համար մի փոքր տարօրինակ է, որ Արցախի ոստիկանությունը չի գիտակցում, որ անձնական տվյալներ է հրապարակում: Օրինակ, պարոն Բաբայանի թե՛ Արցախի հասցեն, թե՛ Երևանի հասցեն անձնական տվյալներ են, որոնք պաշտպանվում են օրենքով և, առանց անձի համաձայնության, ցանկության մի փոքր տարօրինակ է, որ այդպիսի հրապարակում է եղել․․․ Վերադառնանք էությանը: Դիմումով ակնկալել ենք, որ մեր նորագույն պատմության հայտնի դեմքերից մեկը ոչ մի լրացուցիչ անհրաժեշտություն չունի ապացուցելու, որ ինքը հանդիսացել է Արցախի Հանրապետության քաղաքացի: Ծննդյան փաստով, համապատասխան պաշտոններ զբաղեցնելու փաստերի ուժով ինքը եղել է Արցախի Հանրապետության քաղաքացի և իր ընտրական իրավունքը իրացրել է բազմաթիվ անգամներ: Հիմա ստացվում է, որ ընտրողների ռեգիստրից պարոն Բաբայանին հանելով՝ անուղղակիորեն խոչընդոտ են ստեղծել իր իրավունքի իրականացման համար: Ընտրելու իրավունքի մասին է խոսքը:

«Ազատություն»․ - Կարո՞ղ եք բացատրել, թե ինչ է նշանակում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիությունից զրկելը: Ի վերջո, Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիներին տրված է Հայաստանի Հանրապետության անձնագիր: Ի՞նչ փաստաթղթերում է արձանագրվում կոնկրետ անձի քաղաքացի լինելու հանգամանքը, ո՞ր փաստաթղթերում է դա նշվում, ինչպե՞ս է նա զրկվում քաղաքացիությունից, որտե՞ղ է երևում նա քաղաքացի է, թե քաղաքացի չէ:

Ղլեչյան․ - Գործող կարգի համաձայն, ԼՂՀ քաղաքացու՝ տեղական և պետական ընտրություններին մասնակցելու իրավունքը երաշխավորվում է միայն այդ ընտրողների ռեգիստրում հաշվառվելու փաստով․․․ Նշանակում է ինքը քաղաքացի է: Հակառակ պարագայում որևէ իրավական փաստաթուղթ չկա, որը կհավաստի, որ անձը հանդիսանում է ԼՂՀ քաղաքացի և ունի ընտրական իրավունք:

«Ազատություն»․ - Ի վերջո, ճիշտ է անել այն հետևությունը, որ եթե անձը ընդգրկված է ընտրողների ռեգիստրում, ուրեմն նա քաղաքացի է համարվում: Եվ հիմա, քանի որ ոստիկանությունը առաջարկում է, որ եթե Սամվել Բաբայանը ցանկություն ունենա հաշվառվել իր ցանկացած վայրում, նրան կրկին կընդգրկեն ընտրողների ռեգիստրում: Հարցը կարո՞ղ ենք լուծված համարել՝ եթե դուք գնաք, դիմեք, և նա վերականգնվի:

Ղլեչյան․ - Ես, իհարկե, պարոն Բաբայանին այս փաստաթղթի օրինակը ստանալուց հետո կներկայացնեմ իրավիճակը: Բնականաբար, որոշումը կընդունի ինքը: Բայց կարծում եմ, որ Արցախի Հանրապետության ոստիկանությունը պիտի ավելի պատշաճ ուսումնասիրությունների արդյունքում համապատասխան հետևություններ անի, թե 2006 թվականին ինչու է պարոն Բաբայանին հաշվառումից հանել: Որովհետև ես համոզված եմ, որ պարոն Բաբայանը նրանց այդպիսի դիմումով չի դիմել, և դրա անհրաժեշտությունը չի եղել: Կարծում եմ, որ պարոն Բաբայանը այնքան սիրում է իր հայրենիքը՝ Արցախի Հանրապետությունը, որ որևէ պարագայում նա չէր կարող որևէ քայլ կատարեր, որը կբերեր այն փաստական հանգամանքին, որ նա զրկված կլինի իր երկրում ընտրելու և ընտրվելու իրավունքից:

Հիշեցնենք, երեկ Ղարաբաղի պաշտպանության նախարար Սամվել Բաբայանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե օրերս իմացել է , որ դեռևս 2006 թվականին զրկվել է Ղարաբաղի քաղաքացիությունից: Բաբայանը դիմել էր Արցախի ոստիկանություն՝ խնդրի վերաբերյալ պարզաբանում պահանջելով:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի հրամանատարն ավելի վաղ այս ամիս տեղեկացրել էր, որ մտադրություն ունի մասնակցել 2020-ին կայանալիք Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG