Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնն այս տարի մի շարք ուշագրավ ներկայացումներ է մատուցելու հանդիսատեսին:
Բոլորովին վերջերս թատրոնում պրեմերա էր՝ ներկայացվեց վրացի ժամանակակից հայտնի դրամատուրգ Լաշա Բուղաձեի «Թակարդ Ստալինի համար» պիեսը՝ թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ:
«Պետք է յուրաքանչյուր հասարակություն, նույնիսկ դեմոկրատական հասարակությունը միշտ զգոն լինի, որպեսզի պատմությունը չկրկնվի, որպեսզի սինուսոիդը
չկրկնվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղազանչյանը:
Այս պահին միաժամանակ երեք նոր պիեսների բեմադրության փորձեր են ընթանում: Իսկ մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, տեղի կունենա «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբախշությունը, որին մասնակցում են Հայաստանի գրեթե բոլոր թատրոնները՝ բացառությամբ մեկ-երկուսի:
Արդեն ապրիլին, ինչպես նշեց Ղազանչյանը, մեր թատերասերները կարող են մի շատ հետաքրքիր ներկայացում դիտել, որին մասնակցում են 8 երկրների արտիստներ․ - «Կբեմադրենք «Ամառային գիշերվա երազը» Շեքսպիրի: Ներկայացումը կխաղաղվի Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գավառում, Գորիսում, Կապանում: Դա արվում է ամբողջությամբ Եվրամիության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ»:
Նույն պիեսը Հակոբ Ղազանչյանը մայիսին կբեմադրի նաև Թբիլիսիի Ռուսթավելու անվան թատրոնում՝ տեղի դերասանների մասնակցությամբ:
Նոր ներկայացումներ, պրեմերաներ, նոր համագործակցություն, թատերական մրցանակաբախշություններ, փառատոներ․ այս ամենին մասնակից են հայաստանյան գրեթե բոլոր թատրոնները՝ միաժամանակ հաղթահարելով ամենօրյա շատ լուրջ խնդիրներ:
Ի պատասխան «Ազատության» հարցին, թե կոնկրետ այսօր ժամանակակից հայ թատրոնի որ հրատապ խնդիրները կառանձնացնի նաև որպես Թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Ղազանչյանը երկու խնդիր նշեց՝ թատրոնների ֆինանսատնտեսական վիճակը և «Թատրոնի մասին» օրենքի բացակայությունը:
«Ես կարծում եմ, որ թատրոնների ֆինասատնտեսական համակարգը կոլապսի մեջ է: Կոլապսի մեջ է, որովհետև վերջին օրենքները, որոնք ընդունվեցին, այսինքն՝ լրիվ հաշիվները տարան գանձապետարան, էլ բանկերում հաշիվ չեն ունենալու թատրոնները: Ավելին ասեմ՝ արտաբյուջետային հաշիվ չեն ունենալու, արտաբյուջետն էլ է գնում էնտեղ: Այսինքն, եթե հովանավորը գումար տվեց, դա լրիվ գնում է գանձապետարան», - ասաց Ղազանչյանը՝ պարզաբանելով․ - «Դա նշանակում է, որ․․․ Դրան գումարած իհարկե «Գնումների մասին» օրենքը, որ ինչ ուզում ես գնի, պետք է տենդեր հայտարարվի․․․ Թատրոնի պարագայում դա աբսուրդ է, որովհետև մի օր առաջ պրեմիերային ինչ-որ բան է քեզ պետք, արդեն չես հասցնի գնել: Ընդհանրապես այդ ամենը գանձապետարանի, գնումների մասին ռուսների մոտ կար, բայց ռուսները դրանից երկու օր առաջ հրաժարվեցին: Դա չեղյալ համարեցին: Ես կարծում եմ, որ հիմա հերթը մերն է, այս հարցին պետք է լուրջ ուշադրություն դարձնի: Որովհետև կոռուպցիան օրենքներով չես բուժում, կոռուպցիայի դեմ պայքարելու համար պետք է մեր հոգեբանությունը փոխվի, մեր մտածելակերպը փոխվի»:
Իսկ «Թատրոնի մասին» օրենքի բացակայությունը, Հակոբ Ղազանչյանի համոզմամբ, շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում թատրոններին․ - «Ինչպես միշտ, գլխավոր խոչընդոտը «Թատրոնի մասին» օրենքի բացակայությունն է: Եվ այսօր դա ավելի է զգացվում, որովետև թատրոնի օրենք չկար, բայց որոշ որոշումներ նախարարները վերցնում էին իրենց վրա: Բայց հիմա, երբ որ առաջնորդվում ենք օրենքով, այսինքն տնօրենին ասում ենք գնա գեղարվեստական ղեկավար նշանակիր, դա արդեն շատ վատ է: Որովհետև տնօրենն իր ամբողջ իշխանությամբ, այնուամենայնիվ, էդ մի իրավունքը պիտի չունենա: Դա պետք է լինի նախարարության իրավունքը, կամ վերադասի իրավունքը: Ես գտնում եմ, որ երկուսին էլ պետք է նշանակի նախարարությունը, պետք է նշանակի որոշակի ժամկետով: Հիմա դա որ չկա, կլինեն հազար ու մի կոնֆլիկտներ․ կլինեն Համազգային թատրոնում կոնֆլիկտներ, Արտաշատի թատրոնում, վաղը-մյուս օրը մի ուրիշ տեղ կլինի: Այսինքն, օրենքի բացակայությունը արդեն սկսում է զգացվել: Այնուամենայնիվ նախարարը պետք է նշանակի: Ի՞նչ դեմոկրատիա: Դեմոկրատիան քաղաքական դաշտին հարիր հասկացություն է, իսկ մշակութային դաշտում դեմոկրատիան քանդում է մշակութային դաշտը: Թատրոնին ի՞նչ դեմոկրատիա․․․ Թատրոնը, ինչպես Նեմիրովիչ-Դանչենկոն է ասել՝ կամավար դիկտատուրա է: Չնայած ես շատ ուրախ կլիների, որ երկիրն էլ օրենքի դիկտատուրայով ապրեր, ինքնակամ դիկտատուրայով ապրեր»: