Մատչելիության հղումներ

ՊՎԾ-ն պնդում է, թե իր աշխատակիցներին ԱԱԾ-ում հարցաքննելու վերաբերյալ լուրերը «խեղաթյուրված են»


«Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները հարցաքննվե՞լ են ԱԱԾ-ում, ձերբակալվածներ կա՞ն»․ «Ազատության» այս հարցին ԱԱԾ-ից պատասխանեցին, թե այս պահին չենք պարզաբանում, առաջիկայում ծառայության քննչական դեպարտամենտը հայտարարություն կտարածի:

Լրատվամիջոցներում շոշափվում էր մասնավորապես Պետական վերահսկողական ծառայության սոցիալական վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանի անունը, լուրեր կային, թե իբր նա ձերբակալված է:

«Ազատության» հետ հեռախոսազրույցում Դավիթ Ադյանը «ամբողջությամբ ապատեղեկատվություն» որակեց այդ լուրերը:

Պետական վերահսկողության ծառայությունն իր չորս աշխատակիցների՝ ԱԱԾ-ում լինելու մասին պարզաբանում չի տալիս, ընդամենը հայտարարում են, որ այդ լուրերը խեղաթյուրված են, և խոստանում են թեմային անդրադառնալ ավելի ուշ:

Իսկ ահա Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իր ձեռքի տակ եղած տեղեկություններն ԱԱԾ է փոխանցել, որովհետև վտանգ է տեսել, որ հեմոդիալիզի ծառայությունները հիվանդանոցներում կարող են ընդհատվել, ինչն էլ վտանգի տակ կդնի հիվանդների կյանքը:

«Խնդիրը վերաբերում է բժշկական մի քանի կենտրոններում գնումների գործընթացին արտաքին միջամտությանը: Նախաքննական գաղտնիք չեմ ուզում բացահայտել: Հավանաբար իրավապահ մարմինները կհայտնեն դրա մասին: Հայաստանում հիմնականում մի քանի մատակարարներ կան այդ ոլորտում, սա որակի առումով աշխարհի լավագույն բրենդերն են: Նրանք են հիմնականում զբաղվել մատակարարումներով, քանի որ հենց նրանց սարքերով են կատարվել դիալիզի պրոցեդուրաները: Մենք Հայաստանում մոտ հազար պացիենտ ունենք, և մեր խնդիրն է ապահովել էդ բոլոր պացիենտների անվտանգությունը այդ պրոցեդուրան անցնելիս», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ գործն ԱԱԾ ուղարկել իրենց «կասկածներն են ստիպել»:

Հեմոդիալիզի սաքրավորումներ ներկրող ընկերություններից «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյան օրերս հանդես էր եկել ՊՎԾ-ի պետ Դավիթ Սանասարյանին հասցեագրած հայտարարությամբ՝ պնդելով, թե «պետական մակարդակով բիզնես են խլում իրենից»:

Այս մեղադրանքն «Ազատության» տաղավարում Սանասարյանը հերքել էր ու պնդել, թե իրենք մենաշնորհն են վերացրել:

Այսօր Սանասարյանը չխոսեց այս թեմայի շուրջ՝ հորդորելով սպասել ԱԱԾ-ի հայտարարությանը:

«Հեմոդիալիզի սարքավորումների սպասարկման խնդիր կա հիվանդանոցում», - «Ազատությանը» փոխացնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանն ու հաստատեց տեղեկությունը, որ ինքը երեկ եղել է ԱԱԾ-ում․ - «Նախկինում, երբ մի կազմակերպությունը իր սարքերի համար պարագա է մատակարարել, ստանձնել է նաև սարքերի սպասարկման պատասխանատվությունը: Այս պահին, երբ որ էդ մասը հանվեց, մասնակիցների քանակը ավելացավ․․․ ոչ մի կազմակերպությունը այլևս չի ուզում էդ սպասարկումը ապահովի, որովեհտև բիզնես հետաքրքրություն չունի իր մասով: Իսկ հիվանդանոցի համար այդ հետաքրքրության պակասը կամ բացակայությունը բերում է նրան, որ մենք սպասարկումից զրկվել ենք էս պահի դրությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG