Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Իրան:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությն փոխանցմամբ՝ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հետ:
Այցի շրջանակում Թեհրանում վարչապետը հանդիպում կունենա Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, որից հետո երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ի պատիվ Հայաստանի վարչապետի՝ Իրանի նախագահի անունից կտրվի պաշտոնական ճաշ: Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպում կունենա Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
Վաղը երեկոյան վարչապետը կայցելի Թեհրանի «Արարատ» մարզամշակութային կենտրոն և կհանդիպի Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչներին:
Փետրվարի 28-ին Հայաստանի կառավարության ղեկավարը կմեկնի Սպահան, որտեղ հանդիպում կունենա նահանգապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: