Մատչելիության հղումներ

Կրեմլի խոսնակի դուստրը փորձաշրջան է անցնում Եվրախորհրդարանում


Ելիզավետա Պեսկովա, արխիվ
Ելիզավետա Պեսկովա, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի դուստրը Եվրախորհրդարանում արդեն մի քանի շաբաթ է փորձաշրջան է անցնում: Այս հնարավորությունը Ելիզավետա Պեսկովայի առջև բացում է Եվրամիության օրենսդիր մարմնի բոլոր շենքերի մուտքերն ու հասանել դարձնում կառույցի տվյալների բազան՝ այդ թվում ներքին համակարգչային ցանցը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» հեռուստանախագծի Բրյուսելի թղթակիցը:

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Էմերիկ Շոպրադը հաստատել է, որ ռուսաստանցի ազդեցիկ գործչի դուստրը՝ 21-ամյա Պեսկովան պաշտոնապես փորձաշրջան է անցնում իր գրասենյակում, ավելին՝ պատգամավորը նշել է, որ սա Պեսկովայի երկրորդ փորձաշրջանն է Եվրախորհրդարանում:

«Տիկին Պեսկովան պրոֆեսիոնալ գործունեություն չի ծավալում իր երկրում՝ Ռուսաստանի Դաշնության ոչ մասնավոր, ոչ էլ հանրային կառույցներում: Համապատասխանաբար՝ այստեղ չի կարող լինել շահերի բախում», - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան ասել է պատգամավոր Շոպրադը, ով անդամակցում է Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովին, ինչպես նաև Եվրամիություն-Ռուսաստան խորհրդարանական համագործակցության պատվիրակությանը:

Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան ուժի՝ Մարին Լը Պենի առաջնորդած Ժողովրդական ճակատի նախկին անդամ Շոպրադը երբեք չի թաքցրել իր ռուսամետ դիրքորոշումը, անգամ 2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո նա այն եզակի միջազգային դիտորդներից էր, ով հետևել է Մոսկվայի կազմակերպած այսպես կոչված հանրաքվեին, հայտարարելով, որ այն արդարացված է, թեև այդ գնահատականը հակասում է Եվրամիության ընդհանուր դիրքորոշմանը:

Ֆրանսիացի պատգամավորի գործընկերները, սակայն, համամիտ չեն նրա հետ, թե տարօրինակ և ապօրինի ոչինչ չկա այն բանում, որ Եվրախորհրդարանում աշխատում է այդ կառույցի գործունեությունը կասկածի տակ դնող Կրեմլի խոսնակի դուստրը: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում եվրոպացի պատգամավորներից շատերն անակնկալի են եկել, երբ տեղեկացել են, որ Պեսկովի դուստրը փորձաշրջան է անցնում Եվրամիության օրենսդիր մարմնում:

«Այդ փաստը Եվրամիության անվտանգության ընդհանուր կանոնների խախտում է», - հայտարարել է Եվրոպական ժողովրդական կուսակցության պատգամավոր Սանդրա Կալնիետեն:

Լիբերալների և դեմոկրատների դաշինքի անդամ Պետրաս Աուստրևիչուսը հայտարարել է, որ Լիզա Պեսկովայի ներկայությունը Եվրախորհրդարանում «մեծ ամոթ է», ինչը ցույց է տալիս «հստակ ֆինանսական կապ Եվրախորհրդարանի աջակողմյան խմբերի և Կրեմլի միջև»:

Եվրախորհրդարանի ներքին կանոնադրության համաձայն՝ Լիզան փորձաշրջանի շնորհիվ ոչ միայն գիտելիքներ, այլ նաև աշխատավարձ է ստանում, որը, սակայն, չի կարող գերազանցել 1600 եվրոն: Գումարը հատկացվում է եվրախորհրդարանականի բյուջեից, որն էլ, իր հերթին, ձևավորվում է եվրոպացի հարկատուների փողերից:

Լիզա Պեսկովան, սակայն, այդ աշխատավարձի կարիքն ամենևին էլ չունի: Համենայն դեպս, ինչպես պարզել է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի գլխավորած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը, Կրեմլի խոսնակի դուստրը Փարիզում, որտեղ բնակվել և կրթություն է ստացել, թանկարժեք բնակարանի սեփականատեր է: Բացի այդ, դատելով Լիզա Պեսկովայի Ինստագրամի էջից, նա բավական շքեղ և գլամուրային կյանքով է ապրում:

Կրեմլի խոսնակի դուստրը բացի իր անկաշկանդ լուսանկարներից, որոնց հետևում են հարյուր հազարավոր ռուսաստանցիներ, հայտնի է դարձել իր աղմկահարույց հայտարարության շնորհիվ կամ պատճառով: Լիզա Պեսկովան Ռուսաստանում սկանդալի կենտրոնում էր հայտնվել, երբ ռուսաստանյան կրթական համակարգը անվանել էր դժոխային: Պուտինի ամենամերձավոր թիմակցի դստեր այդ խոսքերից և դրա շուրջ առաջացած աղմուկից հետո Պետդուման օրենսդրական նախագիծ է մշակել, որով առաջարկվում է արգելել ռուսաստանցի պաշտոնյաների երեխաներին ուսում ստանալ արտասահմանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG