Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի աշնանը՝ Քուվեյթում և Դուբայում: Երևանյան պրեմիերայի գլխավոր փորձից թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանդին Օրբելյանը լրագրողների հետ զրույցում գոհունակությամբ արձանագրեց․ - «Վերջապես «Կախարդական սրինգը» Երևանում է: Մենք ոչ միայն այն ներկայացրել ենք Դուբայում և Քուվեյթում: Քուվեյթում, ի դեպ, դա բեմադրված առաջին օպերան էր այդ երկրում: Հենց օպերայի բեմադրությամբ է 2018 -ի աշնանը բացվել Քուվեյթի օպերային թատրոնը: Այն մեծ հաջողություններ է գրանցել թե՛ Քուվեյթում, թե՛ Դուբայում»:
Բեմադրության մեջ ընդգրված են թատրոնի լավագույն ուժերը՝ Լիպարիտ Ավետիսյանը, Կիմ Սարգսյանը, Մերի Մովսիսյանը, Հասմիկ Թորոսյանը և ուրիշներ:
«Ես շատ սիրում եմ, երբ որ արտիստին տալիս են մի պայման, բայց էդ պայմանում թողնում են, որ արտիստը լիովին ազատ լինի և ներկայացնի, դրսևորի իր մեջի աշխարհը, իր պատկերացումը էդ դերերգի, էդ օպերայի մասին: Ինքը նորովի մի գեղեցիկ բան է: Շատ տրադիցիոն չի, շատ հաճախ չի լինում», - նշեց գլխավոր դերակատարներից Լիպարիտ Ավետիսյանը:
Օպերայի բեմադրող դիրիժոր Հարություն Արզումանյանը հավելեց․ - «Շատ գեղեցիկ ներկայացում է: Ընդհանրապես, ինձ թվում է, կրթող ներկայացում է: Երգիչներին խիստ անհրաժեշտ ներակայացում է: Բոլոր թատրոններին խիստ անհրաժեշտ է Մոցարտ ունենալ: Հայաստանում միակ ներկայացումը, որ ունեցել ենք երբևէ բեմադրված, «Դոն Ժուանն» է եղել: Թվացյալ հեշտություն ունի, բայց ահռելի բարդություն ունի և երգիչների մեծ կուլտուրա է պահանջում»:
Թե՛ բեմադրող դիրիժորի՝ Հարություն Արզումանյանի, թե՛ օպերային թատրոնի լավագույն բեմերգիչներից Լիպարիտ Ավետիսյանի համոզմամբ՝ հնարավորինս հաճախ պիտի մեր երաժշտասերներին ներկայացնել այնպիսի պայծառ, լուսավոր օպերաներ, ինչպիսին է Մոցարտի «Կախարդական սրինգը»:
«Լուսավոր, բարիության, պայծառ ներկայացում է, որը շատ լուրջ պատմություն և փիլիսոփայություն ունի իր մեջ, բայց նաև փոխանցվում է շատ հեշտ, հասանելի լեզվով, որը շատ լավ կնպաստի մեր երիտասարդ սերնդին, մեր երեխաներին, որպեսզի նրանք սիրեն թատրոնը, գան դեպի թատրոն», - ասաց Ավետիսյանը:
Ի պատասխան «Ազատության» հարցի, թե ինչու է քիչ բեմադրվել Մոցարտը մեզանում, Հարություն Արզումանյանն ասաց․ - «Իրոք, հավատացնում եմ, շատ բարդ են: Պահանջվում է շատ հավասար երգչական կազմ: Երկրորդական փոքր դերեր այստեղ, ի տարբերություն, ասենք, մեր սիրելի Վերդիի ներկայացումների, որտեղ կան երկուսից չորս գլխավոր դերերգեր և մի քանի օժանդակ դերերգեր, այստեղ բոլոր դերակատարները իրար հավասար են, և պահանջվում է բարձր երգարվեստ: Հաշվի առեք, որ Մոցարտի մոտ հազար հինգ հարյուր ստեղծագործություններից ավելի քան ավելի քան իննսունութ տոկոսը գրվան են մաժոր տոնայնության մեջ և շատ կենսուրախ, կենսախինդ են»:
«Մենք հույս ունենք, որ այս գեղեցիկ ներկայացումը երկար կյանք կունենա մեր թատրոնում», - եզրափակեց Լիպարիտ Ավետիսյանը: