Շաբաթ երեկոյան Ստամբուլի Բալաթ շրջանի Սուրբ Հրեշտակապետաց հայկական եկեղեցու կենտրոնական դռան և պատերի վրա խտրական և ատելության խոսք պարունակող գրություններ են արվել, տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքարանի ֆեյսբուքյան էջը:
Թաղային խորհրդի անդամները լուսանկարել ու տեսագրել են անգլերենով ու արաբերենով այդ գրությունները և փոխանցել Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին:
Թաղային խորհուրդը դեպքի մասին տեղեկացրել է նաև Ֆաթիհ վարչական շրջանի անվտանգության մարմիններին, ընթանում է հետաքննություն:
Եկեղեցու հիմնադրամի ղեկավար խորհուրդը հայտարարել է՝ հետևողական են լինելու, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն և նմանօրինակ դեպքեր այլևս չկրկնվեն: