«Մեր մեծագույն առաքելությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին չհիասթափեցնելն է»․ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս կոչով այսօր դիմեց իր գաղափարակիցներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ համաժողովում:
Վարչապետը ծավալուն ելույթ ունեցավ կուսակցության անցած ճանապարհի, իրականացրած գաղափարների և անելիքների մասին:
«Չի կարող այնպես լինել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը հրաժարվի լինել իշխանության հենարան և այդ իշխանությունը շարունակի գոյություն ունենալ, և այս ֆոնին էր, որ մենք սկսեցինք խոսակցությունը քաղաքացիների հետ՝ ընտրակաշառքի մասին», - ասաց Փաշինյանը։
Իր հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրի հաջողության գրավականը Փաշինյանը համարեց քաղաքացու հետ երկխոսությունը, երկրում փոփոխություններ իրականացնելու հարցում քաղաքացու առանցքային դերն ու պատասխանատվությունը կարևորելը և ոչ թե սուպերլիդերության թեզով առաջնորդվելը։
«Մենք դա նկատի ունեինք, երբ որ ասում էինք, որ սուպերլիդերության ինստիտուտը պետք է վերանա, որովհետև լիդերին նայում են այսպես, ասում են՝ «դե, եթե մի բան անում է, ինքը գիտի, ինքը կանի, ինքը կգնա օլիգարխների հետ կպայմանավորվի, Հյուսիսի, Հարավի, Արևմուտքի հետ բոլոր հարցերը կլուծի, վերջում կգա, կասի՝ ժողովուրդ ջան ուղղակի ձևի համար եկեք մի հինգ րոպեով երևացեք, սաղ խոսացած, լուծած ա»։ Մենք ասեցինք՝ «եթե նույնիսկ դա տեսականորեն կամ գործնականորեն հնարավոր է, դա օլիգարխիայի վերարտադրություն է», որովհետև եթե քաղաքացին իր խոսքը չասի, փոփոխություններ տեղի չեն ունենա։ Եվ այս ողջ ընթացում մեզ ուղեկցել են մեղադրանքները, կասկածները։ Մեր կուսակցությունում նույնիսկ եղել են շատ զավեշտական դեպքեր, որ ֆեյսբուքում ինչ-որ մեկը գրում էր, որ «մենք իշխանության պրոյեկտն ենք», մարդիկ էին լինում, որ էդ գրառումից խռովում, գնում էին՝ մտածելով, որ մենք իշխանության պրոյեկտն ենք, մարդիկ էլ կային, որ ոգևորված գալիս էին, ասում էին՝ «էս, երևի, լավ իշխանական պրոյեկտ է»։ Արայիկ Հարությունյանը կվկայի, երբ որ ինքը կուսակցության վարչության նախագահն էր, եղել են դեպքեր, երբ որ մարդիկ կոնֆիդենցիալ հանդիպում են խնդրել և հարցրել են՝ «բա Սերժի պրոյեկտը չե՞նք, բա խի՞ հիմա մեզ գործ չեն տալիս տարբեր միջանկյալ օղակներում», հետո, երբ որ իմացել են, որ մենք պրոյեկտ չենք, հիասթափվաց, ձեռքը թափ տալով ասել են՝ «բան չի փոխվել էլի էս երկրում, չի փոխվի ոչ մի բան էս երկրում», - պատմեց վարչապետը։
Կուսակցության ծրագիրը, որն ընդունել են 2015-ին, փոփոխության կարիք ունի, քանի որ մեծ մասն իրագործվել է, ասաց Փաշինյանը: Բայց, նրա խոսքով, նույն է մնալու քաղաքացուն օգնելու իրենց գործիքը՝ հավատ ներշնչել սեփական ուժերի նկատմամբ։
«Ոչ թե հավատա, որ հեսա կգան սուպերմեն քաղաքական գործիչներ և իր փոխարեն, իր միջավայրում ամեն ինչ կփոխեն, այլ կգան քաղաքական գործիչներ և քաղաքական իշխանություն, որոնք կլիցքավորեն իրենց ուժով, վստահությամբ, հավատով, որ ինքն ընդամենը երրորդ, չորրորդ սորտի մարդ չէ, որից ոչ մի բան կախված չի», - ասաց Փաշինյանը։
Հայաստանում իշխանության են եկել շարքային քաղաքացիները, իսկ այդ փաստը չգիտակցողները հակահեղափոխականներ են։
«Այո, նրանց պետք է անվանենք հակահեղափոխական և պիտի մեր գաղափարներով էդ սին գաղափարախոսությունը ջախջախենք։ Ամեն մարդ, ով ուզում է Հայաստանի քաղաքացուն ներշնչի, որ ինքը ոչինչ է, ասողն ինքը ոչինչ է, և մենք իրեն գաղափարապես պետք է ոչնչացնենք հենց իրենց օլիգարխիական բներում», - ասաց Փաշինյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հիմնադրվել է 2015 թվականին: Մինչ այդ երկու տարի գործել է որպես հանրային-քաղաքական միավորում: Կուսակցությունը ղեկավարում է Սասուն Միքայելյանը: Փաշինյանը վարչության կազմում է:
«Հայաստանի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը մեզնից յուրաքանչյուրն է», - եզրափակեց Փաշինյանը։