Մատչելիության հղումներ

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճշգրիտ իրականացման պարագայում, հայաստանցիները շատ արագ կզգան դրա արդյունքը․ Սվիտալսկի


Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին կարծում է, որ 2017-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճշգրիտ իրականացման պարագայում, Հայաստանի քաղաքացիները շատ արագ կզգան դրա արդյունքը։

Դեսպանը վերջին օրերին Գյումրիում մասնակցում է Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացված մի շարք ծրագրերի միջոցառումներին․ նա ուրբաթ օրը ներկա եղավ մի քանի դպրոցներում իրականացված ներառական կրթական ծրագրի արդյունքների ամփոփմանը, շաբաթ էլ հյուրընկալվեց Գյումրիում Եվրամիության աջակցությամբ մոտ մեկ տարի առաջ բացված «Երիտասարդների տանը»:

400 հոգու համար նախատեսված կենտրոնն այս պահին 600-ից ավելի երիտասարդ է հաճախում։ Սվիստալսկին շրջեց, ծանոթացավ պայմաններին ու պատասխանեց կենտրոնի սաների հարցերին:

Դեսպանին հատկապես զարմացրեց 14-ամյա Հրաչյա Կյուրեղյանի հարցը։ Վերջինս, մասնավորապես հետաքրքրվեց, թե արդյո՞ք հնարավոր է Վրաստանի օրինակով մոտ ապագայում Հայաստանը դառնա Եվրամիության անդամ, և խնդրեց դեսպանին նշել ՀՀ-ԵՄ համագործակցության ոլորտները։

«Տարբեր ոլորտներում է ընթանում համագործակցությունը Եվրամիության և հարևան երկրների միջև։ Որոշ երկրներ, օրինակ, ինչպես Վրաստանը, ձգտում են դառնալ Եվրամիության անդամ պետություն, որոշ երկրներ չեն ցանկանում, այսինքն՝ օրակարգն այլ կեպ են ձևակերպում: Հայաստանի վերաբերյալ միակ հարցը հետևյալն է՝ որքանո՞վ է Հայաստանն ուզում համապատասխանեցնել իր կառավարման մոդելը եվրոպական կառավարման մոդելին, կամ ոլորտների տնտեսական զարգացումն, ըստ էության, համապատասխանեցնել Եվրոպական միությանը: Այսինքն՝ որքանո՞վ եք ուզում մոտ ու նման լինել: Մեզ համար կարևոր չէ՝ արդյո՞ք Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ պետություն, թե՞՝ ոչ: Մենք հիմնվելով ձեր ձգտումների վրա, այսպես թե այնպես, աջակցելու ենք Հայաստանին, եթե նա ձգտում է եվրոպական մոդելը ներդնել: Կառավարության հետ ծրագրում ենք իրականացնել այն նոր համաձայնագիրը, որ վերջերս ենք ստորագրել: Համաձայնագրի ճշգրիտ իրականացման արդյունքը Հայաստանի քաղաքացիները շատ արագ կզգան: Դուք ստիպված չեք լինի մտածել, թե ինչպես գնաք Եվրոպա, Եվրոպան ինքը կգա ձեզ մոտ»,- պատասխանեց Սվիտալսկին:

14-ամյա Հայկն էլ ասաց, որ բիզնես սկսելու մտադրություն ունի, ուզում է հիմնել տուրիզմով զբաղվող ընկերություն։ Սվիտալսկին նկատեց՝ պատանին ճիշտ ուղղություն է ընտրել, մանավանդ հիմա, երբ Եվրամիությունն ու կառավարությունը հաստատել են Հայաստանի հյուսիսային երեք մարզերում՝ Շիրակում, Լոռիում ու Տավուշում տուրիզմը զարգացնելու՝ տասը միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը։

«Մենք կարծում ենք, որ այդ մարզերը, մասնավորապես, Շիրակը, տուրիզմի զարգացման մեծ պոտենցիալ ունի։ Կարծում եմ՝ միասին կկարողանանք զարգացնել տուրիզմը, որի արդյունքում աշխատատեղեր կբացվեն, կյանքը կբարելավվի և աղքատությունը կնվազի: Կարծում եմ՝ ճիշտ ուղղությամբ ես մտածում, և եթե ցանկանում ես այստեղ մնալ ու զարգացնել քո գործը, տուրիզմն ամենալավ ուղղությունն է», - ասաց դեսպանը։

Սվիտալսկին հորդորեց լեզուներ սովորել, տեղեկատվական տեխնոլոգիաներին լավ տիրապետել:

Դեսպանից նաև հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ դիվանագիտական առաքելության համար ընտրեց Հայաստանը, Սվիտալսկին մատնացույց արեց կնոջը․ - «2014 թվականին, երբ ես պետք է ընտրեի, թե որ երկրի համար դիմեի որպես Եվրոպական միության դեսպան, ընտրությունը մեծ էր, Հայաստանը ևս այդ երկրների ցանկում էր, և կինս նախընտրեց, որ մենք գանք Հայաստան։ Այստեղ արդեն 3.5 տարի անցկացնելով՝ կարող եմ ասել, որ ընտրությունը ճիշտ էր կատարված»:

Մոտ կես տարուց առաքելությունն ավարտող դեսպանին հարցրեցինք, թե արդյո՞ք իր պաշտոնավարման ժամանակահատվածում Հայաստանը կարողացավ ավելի մոտենալ Եվրամիությանը, Սվիտալսկին պատասխանեց․ - «Խոստանում եմ՝ մեկնումից առաջ ես անպայման կգամ Գյումրի, և մենք իմի կբերենք իմ առաքելությունը Հայաստանում: Առաքելությունս դեռ չի ավարտվում, և ես դեռ անելիքներ ունեմ: Ինձ դեռ մի «զորացրեք»։

Եվրամիությունն առաջիկայում նախատեսում է Գյումրիում «Եվրոպայի տուն» հիմնել, իսկ կառավարության հետ արդեն համաձայնեցվել են Հայաստանի հյուսիսային երեք մարզերում այս տարի իրականացվելիք ծրագրերը։

31 միլիոն եվրոյից ավելի գումար կտրամադրվի Շիրակի, Լոռու ու Տավուշի մարզերում գյուղատնտեսության, տուրիզմի ստեղծագործական արդյունաբերության զարգացման նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG