Այսօր ամփոփեցին ծրագրի արդյունքները: Ծրագրի ղեկավար Գայանե Նորիկյանն ասաց, որ իրենց հաջողվել է տարբեր համայնքներում գտնել դպրոց չհաճախող հաշմանդամություն ունեցող երեխաների․ - «Մենք ունենք այսպիսի վիճակագրություն, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող հինգ երեխայից մեկը չի հաճախում դպրոց: Իրականում մեր ծրագրի շրջանակներում յոթ համայնքներում իրականացված անցկացված քարտեզագրման արդյունքում, մենք ընդամենը կարողացանք հայտնաբերել 13 երեխա, որ ընդհանրապես դուրս էին մնացել կրթությունից»:
Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին ասաց, որ հաշմանդամություն ունեցող երեխաների կարգավիճակը երկրի դեմքն է, և դրանով կարելի է չափել հասարակության զարգացվածության աստիճանը: Նա ընդգծեց, որ Եվրամիության համար շատ կարևոր է ներառական կրթությունը, դրա ներդրումը կրթական համակարգում:
Դեսպան Սվիտալսկին մի անձնական դեպք պատմեց․ 25 տարի առաջ իր կրտսեր որդին եկել ու ասել, թե իր դասարան 4-6 հաշանդամություն ունեցող երեխա է գալու․ - «Գիտեք ի՞նչ տեղի ունեցավ: Ծնողները լուրը դժգոհությամբ ընդունեցին: Նրանք նամակ գրեցին, որում պնդում էին, թե հաշմանդամություն ունեցող երեխաների ներառումը դասարանում կնվազեցնի իրենց երեխաների կրթական որակը: Նրանք փորձեցին կանգնեցնել դասարանը ներառական դարձնելու որոշումը, բայց հաջողություն չունեցան, և դասարանն անցավ ներառական կրթության: Կարծում եմ, դա ամենալավ լուծումն էր, քանի որ այսօր Եվրոպայում որևէ դասարան, որևէ ծնող չի կարող իրեն թույլ տալ բողոքել ընդդեմ ներառական կրթության»:
Դեսպան Սվիստալսկին կարծում է, որ Գյումրին կարող է դառնալ ներառական տիպային քաղաք․ - «Այս ծրագիրը ևս գալիս է ապացուցելու, որ Գյումրին ունի այդ զգայարանը: Եվ ես շարունակում եմ հույս ունենալ, որ Գյումրին այս ուղղությամբ կդառնա մոդելային քաղաք»:
9-ամյա Կատրին Խաչատրյանը ներառական կրթական ծարագրի շրջանակներում Գյումրիի թիվ 40 դպրոց է հաճախում: Պատմում է թե ինչ դժվարություններ է ունեցել․ - «Առաջին անգամ, որ հաճախեցի, այնտեղ տեսա շատ դժվարություններ: Բայց հետո, որ մի քիչ սկսեցի ընտելանալ, դա շուտով կանցնի»:
Ներառական կրթական համակարգի ներդրման արդյունքում պետությունը ավելի շատ ֆինանսական միջոցներ էր հատկացնում դպրոցին՝ սնունդ, ճանապարհածախս: Անգամ բացահայտումներ եղան, որ դպրոցներում երեխաների ուռճացված թիվ է ներկայացվել:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ասում է, որ հիմա փորձում են հատուկ գնահատման մեխանիզմ մշակել, թե ներառական կրթությունից ովքեր կարող են օգտվել․ - «Քանի որ երեխա/թվով է վճարվում, այստեղ ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաների գումարը առավել մեծ էր: Եվ իրապես մենք ունեցանք խնդիր նաև Շիրակի մարզում, որ բավականին թույլ կարիքներ ունեցող երեխաները ներգրավվեցին զուտ այս կամ այն պատճառներով , որ դպրոցին ապահովվի գումար, կամ որ ծնողը սնունդ և տեղափոխման ճանապարհածախսը ստանա: Եվ սա արդեն դարձավ համընդհանուր: 2018 թվականի ընթացքում շատ խիստ մոտեցանք այս հարցին և, եթե ճիշտ եմ հիշում, հիմնական դպրոցներում արհեստական ներառականության դեմ պայքարեցինք: Հիսուն տոկոսով պակասեց»:
Շիրակի մարզի 24 դպրոցներում այս պահին ներառական կրթութական ծրագրում 1300 երեխա է ընդգրկված: Նախատեսում է, որ սեպտեմբերից ներառական կդառնան նաև մնացած 124 դպրոցները: