Մատչելիության հղումներ

Դսեղի գյուղապետ․ Ժողովրդի ապրելու միակ ձևը իր աշխատելն է


Դսեղում գյուղի վարելահողերի 20 տոկոսն է միայն մշակվում։

«Դու աղքա՞տ ես, թե՞ սովորական մարդ ես», - այսպես են խոսում աղքատության մասին Լոռու Դսեղ գյուղի երեխաները։

Այստեղ, ի տարբերություն փոքրերի, մեծերն աղքատությունը Թումանյանի խոսքերով են նկարագրում՝ «Մեր ուզածն ինչ ա՝ մի կտոր չոր հաց, էն էլ հրեն հա, երկրնքից կախված»։

Երեք օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դսեղում 150 տարի առաջ ծնված Հովհաննես Թումանյանի անունից գյուղի հրապարակում կոչ ուղղեց մարդկանց՝ «վեր կաց և քայլիր»։

«Մեր վարչապետն ասում էր՝ կանգնիր և քայլիր, համաձայն եմ, կանգնում եմ և քայլում։ Հետս քայլող չկա։ Ո՞նց քայլեմ, ինձ թև տվող չկա», - ասաց դսեղցիներից մեկը։

«Ինչ-որ անեն իրանց կողքը կլինենք, բայց գոնե մի 10 տոկոս ժողովրդի կողմից լինեն», - նշեց մեկ այլ բնակիչ։

Դսեղցիները նշում են, թե գյուղի աշխատանքով մեծ արդյունքների չես հասնի, յոլա կգնաս. - «Խոտ ենք հնձում, անասունների համար կեր ենք տեղափոխում։ Էդ ա մեր գործը։ Բերք չի լինում, երևի լավ չենք մշակում, չենք պարարտացնում, տրանսպորտ չկա մշակելու։ Այ էսօրվա էկած տղեն՝ Նիկոլը, եթե մի բան արեց՝ արեց, չէ՝ չէ»։

Գյուղի վարելահողերի 20 տոկոսն է միայն մշակվում։ Գյուղտեխնիկան արդեն հնացել է. բերքահավաքին բերքի կեսը դաշտում են թողնում։ Վերջին 10 տարիներին տարբեր միջոցներից 300 միլիոն դրամ են ծախսել խմելու և ոռոգման ջուր գյուղ հասցնելու համար, բայց անարդյունք։ Դսեղցիները չարաբաստիկ ջրի մասին խոսել չեն ուզում։

«Նախկին գյուղապետի օրոք նախաձեռնել են, գնացել ա շինարարությունը, այ եթե մի քիչ նապոռով բացում են, մեկ էլ տեսնում ես, սաղ փողոցները քանդեցին քանդուքարափ արեցին, գալիս անձրևաջրերով լցվում ա, ռեզինի սապոգներով հազիվ հասնում եմ դպրոց», - ընդգծեց Դսեղի բնակչուհիներից մեկը։

Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը երկրի ղեկավարի հետ համամիտ է, ասում է՝աշխատանքով պիտի արդյունքի հասնենք, բայց գյուղի ջրամատակարարման մասին նա էլ չի ուզում խոսել։ Լռում է, ձայնը՝ խզվում։

«Մեր ժողովուրդը մի շարք տարիներ կար, որ սպասում էին օգնության և էդ օգնությունով ապրեն, այո կար էդպիսի տարիներ։ Էդ ավանդույթը կարծես թե վերացել ա, ու ժողովրդի ապրելու միակ ձևը իր աշխատելն է, ինչ խոսք՝ կառավարության օժանդակությամբ, իրենց մասնակցությամբ, իրենց ուղորդելով, իրենց միջնորդությամբ, պայմաններ ստեղծելով: Բայց որ ժողովուրդը չպիտի սպասի, թե ինչ-որ մեկը իրա համար պիտի բերի, դա միանշանակ ճիշտ ա ասել վարչապետը», - ասաց Գառնիկ Հովսեփյանը։

Դսեղում խմելու ջրագիծ կառուցելու համար 2016 թվականին ծախսվել է ավելի քան 80 միլիոն դրամ։ Նախորդ տարիներին գյուղում ջրի խնդիրը լուծելու համար ավելի մեծ գումարներ էին ծախսվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG