Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընդդիմությունը չի հստակեցնում՝ միանալո՞ւ է մարտի 1-ին վարչապետի նախաձեռնած երթին


2018 թվականի մարտի 1-ի երթը Երևանում
2018 թվականի մարտի 1-ի երթը Երևանում

«Լուսավոր Հայաստան»-ում (ԼՀԿ) դեռևս չեն հստակեցնում՝ մասնակցելո՞ւ են մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած համաժողովրդական երթին, թե՞՝ ոչ: Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի փոխանցմամբ՝ հարցը դեռևս չեն քննարկել, բայց իր համոզմամբ՝ մարտի 1-ը չպետք է վերածվի ուժի ցուցադրության կամ շոուի։

«Ճիշտն ասած՝ երթի նպատակը, պատճառը դեռ չեմ էլ հասկացել, բայց նույնիսկ, ասում եմ, չենք էլ քննարկել: Երբ որ քննարկենք, գուցե ինչ-որ որոշում ունենանք: Բայց փաստն այն է, որ մենք կգնանք և ծաղիկներ կդնենք՝ դա միանշանակ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գորգիսյանը:

Դիտարկմանը՝ «Փաշինյանը իր խոսքի մեջ ասաց, որ լինելու է երթ ընդդեմ բռնությունների, ընդդեմ ընտրակեղծարարության, ընդդեմ ապօրինությունների, ինչպես նաև հարգելու զոհերի հիշատակը», «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղարն արձագանքեց․ - «Ամեն դեպքում, ասում եմ, դեռ չենք քննարկել կուսակցությունում: Որևէ ֆորմատով անպայման կգնանք, կմասնակցենք, մեր հարգանքի տուրքը կմատուցենք զոհերի հիշատակին, բայց դա կանենք պարոն Փաշինյանի հետ, թե առանձին՝ դեռ չենք քննարկել»:

«Եթե անձամբ իմ մասին խոսենք, չեմ կարծում, որ կա այդպիսի անհրաժեշտություն՝ այդ օրը կրկին ինչ-որ, էսպես, ուժի ցուցադրության կամ շոուի վերածելու», - ընդգծեց Գորգիսյանը:

Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունում՝ «Բարգավաճ Հայաստան»-ում (ԲՀԿ) դեռևս չգիտեն՝ Գագիկ Ծառուկյանն իր կուսակցությունով կմիանա՞ Փաշինյանի նախաձեռնած երթին, թե՞՝ ոչ: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ կհարգեն «Մարտի 1»-ի զոհերի հիշատակը՝ ըստ իրենց օրակարգի:

«Ըստ մեր օրակարգի, բնականաբար, մենք անպայման մարտի 1-ին, ինչպես միշտ, ըստ մեր օրակարգի, մեր պարտքն ենք համարում և անպայման այդ տուրքը կտանք», - ասաց Աբովյանը:

«Ազատություն»․ - Բայց ձե՛ր օրակարգի շրջանակներում:

Արման Աբովյան․ - Գիտե՞ք, պետք չի քաղաքականացնել, դա շատ ցավալի․․․

«Ազատություն»․ - Առանց քաղաքականացնելու, հարցը հստակ է՝ միանալո՞ւ եք այդ նախաձեռնությանը:

Աբովյան․ - Ոչ, ոչ, հարցը հստակ և սխալ է հարցը՝ միանալ․․․ Ստեղ ամենակարևորը՝ որ մենք բոլորս՝ բոլո՛րս, հանկարծ զերծ մնանք մարտի 1-ը՝ անմիջապես այդ սգո օրը քաղաքականացնելուց:

«Ազատություն»․ - Ես Ձեզ հստակ հարց եմ տալիս՝ դուք միանալո՞ւ եք այդ նախաձեռնությանը:

Աբովյան․ - Ես էլ Ձեզ ասում եմ, ես Ձեզ ևս մեկ անգամ կրկնում եմ՝ մենք մարտի 1-ի տուրքը տալու ենք ըստ մեր օրակարգի:

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց, թե որոշել են մարտի 1-ը նշանավորել քաղաքացիական հզոր երթով՝ Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան։ Այդ երթը, ըստ Փաշինյանի, ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընտրակեղծիքների, կոռուպցիայի, ապօրինությունների և «նշանավորելու է այն հանգրվանը, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու հաղթանակը և քաղաքացու իշխանությունն այլևս անշրջելի է, որ Հայաստանի Հանրապետությունում չեն լինելու այլևս ընտրակեղծիքներ, որ Հայաստանի Հանրապետությունում մենք հստակ դեմ ենք կանգնում բռնությանն ու ընդհանրապես քաղաքական բռնություններին, կոռուպցիային, ապօրինություններին, քաղաքական հետապնդումներին»: «Եվ այդ օրը, իհարկե, մենք մեր հարգանքի տուրքը կմատուցենք 2008 թվականի մարտի 1-ի տասը զոհերին և ընդհանրապես քաղաքական բռնության բոլոր զոհերին», - ընդգծեց վարչապետը:

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը «ողջունել է մարտի 1-ի ոճրագործության 11-րդ տարելիցին նվիրված հզոր երթ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը», իր հայտարարությունում ընդգծելով․ - «Կոնգրեսն այն դիտում է որպես արդարության վերականգնման ուղղությամբ համապարփակ գործընթացի ազդարարում՝ պետական մակարդակով: Մենք վստահ ենք, որ այս նախաձեռնությամբ իշխանությունը սկսում է նոր քննություն կատարել բոլոր գործերով, որոնցով ոտնահարվել են մարդու իրավունքները, պատասխանատվության կանչել մարտի 1-ի ոճրագործության բոլոր կազմակերպիչներին և կատարողներին, փոխհատուցում տրամադրել մարտիմեկյան իրադարձությունների բոլոր զոհերի իրավահաջորդներին և մարմնական վնասվածքներ ստացած անձանց, Մյասնիկյանի արձանին հարող տարածքում տեղադրել ոճրագործության զոհերին նվիրված հուշարձան, մարտի 1-ը օրենքով սահմանել որպես «2008թ.-ի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր»:

Հիշեցնենք, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա կողմնակիցները չընդունեցին 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները, տևական բողոքի ակցիաներին հաջորդեցին մարտի 1-ի արյունալի իրադարձությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG