Մատչելիության հղումներ

Ուսուցիչները դժգոհում են՝ իրենց աշխատավարձը վերջին անգամ 2008-ին է բարձրացել


«Մեր աշխատավարձը վերջին անգամ 2008 թվականին է բարձրացել», - հրավիրված ասուլիսում այսօր դժգոհում էին մի խումբ ուսուցիչներ ու պնդում՝ ոլորտում խնդիրները շատ են, դրանք օր առաջ պետք է լուծել:

Երևանի թիվ 196 դպրոցի ուսուցիչ Սուսաննա Վարդանյանն ու կրթության ոլորտի փորձագետ Արմինե Դավթյանը դիմում են կառավարությանը՝ ոլորտում, պետաշխատողների աշխատավարձը բարձրացնելիս ինչո՞ւ են ուսուցիչներին մոռանում. «Ուսուցիչների ծանրաբեռնվածության վերագնահատման խնդիրն է և աշակերտների իրավունքներից բխող կրթության համակարգի կազմակերպման խնդիրն է»։

«Ուսուցչին ծանրաբեռնել և որպես բեռնաձի օգտագործել ուղղակի չի կարելի։ Ծանրաբեռնված ուսուցիչը ամենամեծ ցանկության դեպքում կրթության որակ ապահովել չի կարող։ Ես չեմ ուզում հավատալ, չեմ էլ ուզում կասկածել նրանց արդար ու բարի մղումներին, ուզում եմ հավատալ, որ այս մարդիկ եկել են և ուզում են ինչ-որ բան փոխել», - ասաց ուսուցիչներից մեկը։

Ցածր աշխատավարձով, առավելագույնը 35-հոգանոց դասարաններում 45 րոպեի ընթացքում որակյալ կրթություն ապահովելն, ըստ ուսուցիչների, անհնար է: Լաուրա Գևորգյանը դեմ չէ ներառական կրթությունը համընդհանուր դարձնելուն, բայց չգիտի՝ 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարաններում ինչպե՞ս աշխատի, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն անհատական վերաբերմունք ստանան:

«Որքանո՞վ են պաշտպանված ներառվող երեխայի իրավունքները, չէ՞ որ հենց ներառական կրթության երեխաները ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, և հնարավո՞ր է արդյոք նման խտության դասարաններում ապահովել այդ երեխաների իրավունքը», - նշեց Լաուրա Գևորգյանը։

Այսօր ուսուցչի նվազագույն աշխատավարձը 27 հազար դրամ է, առավելագույնը՝ 120 հազար՝ կախված դրույքաչափերից:

«Ե՞րբ կբարձրանա ուսուցչի աշխատավարձը», - հարցրեցինք ԿԳՆ փոխնախարար Արևիկ Անափիոսյանին, ասաց՝ դա նախարարության առաջնահերթ խնդիրներից մեկն է:

«Երբ որ մենք դպրոցների ֆինանսավորման բանաձևի փոփոխությունը կընդունենք, դա նվազագույն աշխատավարձ կսահմանի, և որոշակի առումով ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա, բայց, ընդհանուր առմամբ, այսօր շատ են մի քանի հայեցակարգեր նախարարությունում՝ կապված ուսուցիչների աշխատաժամանակի հետ, ծանրաբեռնվածության հետ, դրույքի մեջ հաշվարկվող դասապատրաստման դասաժամերի հետ և նաև դպրոցի օրվա տևողության։ Դեռևս դրանք ծրագրեր են, որոնք քննարկվում են, և որը, բնականաբար, տանելու է աշխատավարձի բարձրացման», - ասաց Անափիոսյանը։

«Նախարարությունը ուսուցիչների բոլոր խնդիրների հիմքից գիտի և ընդունում է, որ կա սոցիալական պաշտպանվածության հարց», - ասաց հանրակրթության գծով ԿԳՆ փոխնախարար Լուսինե Առաքելյանն ու վստահեցրեց՝ կրթության չափորոշիչներն ամբողջությամբ փոխվելու են: Փոխնախարարն ասում է՝ իրենց առաջարկով տարբեր դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ ուսումնական պլանի փոփոխության վերաբերյալ իրենց առաջարկներն են ներկայացնելու՝ քննարկումները սկսված են:

Իսկ ինչ վերաբերում է համընդհանուր ներառական կրթությանը. «Իհարկե, ընդունում ենք այն, որ, այո, 35-հոգանոց դասարանում բարդ է բոլորին անհատական ուշադրություն դարձնել, բայց կան հատուկ մեթոդներ, որոնք հնարավորություն կտան մեկ ընդհանուր ինտերակտիվ, օրինակ, դասապրոցեսի միջոցով ուշադրություն դարձնել բոլոր երեխաներին։ Մենք նաև նախատեսում ենք առարկայական ուսուցիչների համատարած վերապատրաստում, թե ինչպես ուսուցիչը իր առարկան կկարողանա դասավանդել այն դասարանում, որտեղ կա նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա», - նշեց Առաքելյանը։

«Ազատության» հարցին՝ 2008-ից մինչև հեղափոխությունը, երբևէ այս խնդիրների մասին այսպես բարձրաձայնե՞լ են, եթե այո՝ ի՞նչ պատասխան են ստացել, դժգոհող ուսուցիչներն ասացին՝ իրենց լսող չկար․ «Ես խոսել եմ և՛ հեղափոխությունից առաջ, և՛ հեղափոխությունից հետո։ Մենք բազմիցս, տարիներ շարունակ բարձրաձայնել ենք, սակայն չեն ստացել լուծումներ»։

Ուսուցիչներն այսօր նաև սրտնեղած էին՝ ասում էին, որ իրենց վարկանիշի բարձրացման խնդիր կա։ Երբ տարիներ շարունակ մամուլը գրում էր, որ դպրոցները, տնօրեններն ու դպրոցական կոլետիվների մեծ մասն ակտիվորեն ներգրավված են եղել ընտրական պրոցեսներին, որ դպրոցները քաղաքականացված են եղել՝ երբևէ այս խնդիրն իրենց անհանգստացրե՞լ է, փորձե՞լ են ընդդիմանալ, դա չի՞ ազդել իրենց վարկանիշի վրա․ ասացին՝ իրենց դպրոցներում չի եղել նման բան, բայց ընդունեցին, որ երևույթը կար:

«Էդ ուսուցիչները, որոնք մասնակից են եղել էդ ընտրություններին, նրանք արել են դա նաև գումարի համար», - ասացին նրանք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG