Մատչելիության հղումներ

ԼՀԿ-ն դեռ չի քննարկել Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական երթին մասնակցելու հարցը


Մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական երթին մասնակցելու հարցը «Լուսավոր Հայաստան»-ում դեռ չեն քննարկել: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

«Մենք ամեն տարի սովորույթի ուժով միշտ գնում, ծաղիկներ ենք դնում «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին Մյասնիկյանի արձանի մոտ», - նշեց Գորգիսյանը՝ շարունակելով․ - «Որևէ կերպ դեռ չենք էլ քննարկել պարոն Փաշինյանի էդ միջոցառումը՝ միանալ կամ չմիանալ: Մենք ամեն դեպքում, անկախ հանգամանքներից, մեր ծաղիկը կգնանք և կդնենք»:

«Ազատություն»․ - Իսկ կա՞ անհրաժեշտություն այդպես միասնական՝ ընդդիմություն, իշխանություն, միասին այդպես․․․

Գևորգ Գորգիսյան․ - Ճիշտն ասած՝ երթի նպատակը, պատճառը դեռ չեմ էլ հասկացել, բայց նույնիսկ, ասում եմ, չենք էլ քննարկել: Երբ որ քննարկենք, գուցե ինչ-որ որոշում ունենանք: Բայց փաստն այն է, որ մենք կգնանք և ծաղիկներ կդնենք՝ դա միանշանակ է:

«Ազատություն»․ - Փաշինյանը իր խոսքի մեջ ասաց, որ լինելու է երթ ընդդեմ բռնությունների, ընդդեմ ընտրակեղծարարության, ընդդեմ ապօրինությունների, ինչպես նաև հարգելու զոհերի հիշատակը:

Գորգիսյան․ - Ամեն դեպքում, ասում եմ, դեռ չենք քննարկել կուսակցությունում: Որևէ ֆորմատով անպայման կգնանք, կմասնակցենք, մեր հարգանքի տուրքը կմատուցենք զոհերի հիշատակին, բայց դա կանենք պարոն Փաշինյանի հետ, թե առանձին՝ դեռ չենք քննարկել:

«Ազատություն»․ - Ամեն դեպքում, այդպիսի անհրաժեշտություն դուք չեք տեսնում, որ պետք է այդպես միասնական․․․

Գորգիսյան․ - Եթե անձամբ իմ մասին խոսենք, չեմ կարծում, որ կա այդպիսի անհրաժեշտություն՝ այդ օրը կրկին, էսպես, ուժի ցուցադրության կամ շոուի վերածելու: Բայց «Մարտի 1»-ի զոհերին պետք է անպայման հիշել, քանի դեռ մեղավորները պատժված չեն, առավել ևս այդ մասին պետք է միշտ խոսել: Ողջունելի է նաև Լենա Նազարյանի նախաձեռնությունը՝ փոխհատուցում տալու: Այսինքն, էդ բոլոր, աջակցությունը, երբ որ մեր կարիքը կգա, մենք կհայտնենք: Բայց այս պարագայում՝ ուղղակի դա սգո օր է, կարելի է ասել, որովհետև այդ օրը Հայաստանում խաղաղ ցույցը բռնի կերպով տապալվեց, և հերթական անգամ իշխանությունները ուժ կիրառեցին ժողովրդի նկատմամբ: Դա պետք է դատապարտվի, և այդ զոհերի հիշատակը պետք է վառ պահել:

«Ազատություն»․ - Բայց շոուի չպետք է վերածվի:

Գորգիսյան․ - Չեմ կարծում, որ նման իրողությունները կարիք ունեն շոուի վերածվելու:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 11-րդ տարելիցը քաղաքացիական հզոր երթով նշանավորելու իր նախաձեռնության մասին Հայաստանի վարչապետը հայտարարեց երեկ առավոտյան՝ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG