Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը տեսնում է ԵՊՀ ռեկտորի հրաժարականի անհրաժեշտությունը


Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Երևանի պետական համալսարանի երկարամյա ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի անհրաժեշտությունը տեսնում է։

«Քանի որ Արամ Սիմոնյանը ասոցացվում է բազմաթիվ բացասական երևույթների հետ, որոնք գոյություն են ունեցել ԵՊՀ-ում և առհասարակ բարձրագույն կրթության ոլորտում, դրան դուք ականատես եք եղել բազմիցս՝ ուսանողների սահմանափակումներ, դասախոսների սահմանափակումներ, սրա շրջանակում է եղել իմ մտահոգությունը», - ասաց Արայիկ Հարությունյանը։

Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարն ասաց, թե կարծում է, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ակնհայտորեն մանիպուլյացիաների է դիմում իր ղեկավարման տարիներին հարուցված քրեական գործերը ինչ-որ ձևով քաղաքականացնելու համար։

«Ինքն ասել է՝ ինձ 100-ամյակը չի հետաքրքրում, գնացեք դուք կազմակերպեք: Նշեց՝ ինձ պետք է մնալ ռեկտոր, որովհետև եթե իմ դեմ քրեական գործեր հարուցվեն, ես պետք է ԵՊՀ-ն օգտագործեմ պաշտպանվելու համար։ Այսինքն՝ ինքը մի ամբողջ գիտխորհուրդ, բազմաթիվ դեկանների և գիտնականների իր համար վահան է սարքել», - ասաց Հարությունյանը։

Ոստիկանությունը երեկ հաղորդեց Երևանի պետական համալսարանում հայտնաբերած չարաշահումների մասին: Իրավապահները խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքեր են բացահայտել, որոնց առիթով գործ են հարուցել և այն ուղարկել Քննչական կոմիտե:

Ոստիկանության հաղորդագրությունում նշվում էր «համալսարանի ղեկավար պաշտոնատար անձ» արտահայտությունը՝ առանց հստակեցնելու, թե արդյոք խոսքը ռեկտոր Արամ Սիմոնյանի մասին է: Մինչդեռ Սիմոնյանը «Ազատության» հետ զրույցում ընդունել էր՝ խոսքը, ըստ էության, իր մասին է, և ինքը կտրուկ հերքում է այս ապօրինություններին իր առնչությունը:

Կրթության և գիտության նախարարի խոսքով, ինքը զարմացել էր, որ ԵՊՀ ռեկտորը երկուշաբթի հապճեպ գիտխորհրդի նիստ էր հրավիրել ու դրա ընթացքում խոսել իր հանդեպ ճնշումների մասին: Սակայն միայն հաջորդ օրը, երբ տեղեկություն տարածվեց ԵՊՀ-ին առնչվող քրեական գործի մասին, հասկացավ գիտխորհրդի արտահերթ նիստ հրավիրելու պատճառը:

«Սիրելի գիտխորհուրդ, Արամ Սիմոնյանը ձեզ ուզում է մտցնել իր արած-չարածների պատասխանատվության տակ, և հետևաբար արդեն ձեր որոշելիքն է՝ մտնե՞լ էդ պատասխանատվության տակ, թե՞ ոչ», - ընդգծեց նախարարը։

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը անհեթեթություն է որակում նախարարի հայտարարությունները՝ դրանք որակելով իր և բուհի նկատմամբ թշնամական վերաբերմունքի հետևանք։ Ի տարբերություն Արայիկ Հարությունյանի, Սիմոնյանը իր հրաժարական տալու անհրաժեշտությունը նույնիսկ քրեական գործի հարուցումից հետո չի տեսնում։

«Ես էլ չեմ տեսնում այդ անհրաժեշտությունը, քանի որ ընտրված եմ։ Հիմա ինքը տեսնում է՝ էդ նշանակում է, որ ինքը, եթե ինքը միջամտելու է ինչ-ինչ ձևով համալսարանի ռեկտորի պաշտոնավարման խնդիրներին, դա համալսարանի ինքնավարության կոպտագուն խախտում է, որովհետև նախարարը և նախարարությունը իրավունք չունեն դա անելու», - ասաց Սիմոնյանը։

ԵՊՀ գիտխորհրդի անդամ, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանն ասում է՝ որևիցե մեկը չի կարող գիտխորհուրդն օգտագործել անձնական նպատակներով։

«Դա իրատեսական չէ, որ դա օգտագործեն սեփական խնդիրները լուծելու համար։ Այս խոսակցությունները, այս հրապարակումները, այս ամենը չի նպաստում համալսարանի վարքի բարձրացմանը, այլ ճիշտ հակառակը՝ բացասական հետք են թողնում», - նշեց Վահրամ Դումանյանը։

Դումանյանը կարծում է՝ հոգաբարձուների խուրհուրդը խնդիր ունի լուծելու, այս հարցերը պետք է քննարկվեն հենց նորընտիր խորհրդի հետ, սակայն ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը դեռ չցանկացավ մեկնաբանել ստեղծված իրավիճակը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ կարծում է՝ այն ինչ հիմա տեղի է ունենում մայր բուհում նախկին տարիներին բուհական խորհուրդների քաղաքականացման հետևանքն է։

«Բարձրաստիճան պաշտոնյաները, Սերժ Սարգսյանը, եթե ժամանակին հրաժարվեր հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից, կարծում եմ՝ այսպիսի զարգացուներ չէին լինի։ Հիմա, քանի որ Սրեժ Սարգսյանը հրաժարական է տվել, արդեն որպես դրա հետևանք ենթադրվում է, որ նաև պետք է ԵՊՀ ռեկտորը հրաժարական տա։ Սա մեզ համար պետք է շատ լավ դաս լինի, որ այլևս մենք բուհերի խորհուրդների քաղաքականացում, կուսակցականացում չանենք», - ընդգծեց Խաչատրյանը։

Այսօր ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ ԵՊՀ գիտխորհուրդը՝ կոչ անելով հարգել բուհական ինքնավարության սկզբունքը և ակադեմիական
ազատությունները, անհապաղ միջոցներ ձեռնարկել Մայր բուհի 100-ամյա հոբելյանը՝ հավուր պատշաճի կազմակերպելու և նշելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG