Մատչելիության հղումներ

Օհանյանի, Խաչատուրովի և Գևորգյանի փաստաբաններն ահազանգում են՝ ողջամիտ ժամկետ չի տրամադրվել քրգործի նյութերին ծանոթանալու համար


«Մարտի 1»-ի գործով մեղադրվող նախկին պաշտոնյաների փաստաբաններն ահազանգում են՝ վարույթն իրականացնող մարմինը 76 հատորից բաղկացած քրեական գործի նյութերին ծանոթանալու համար իրենց հատկացրել է ընդամենը 50 օրացուցային օր, ինչը, նրանց պնդմամբ, բավարար չէ՝ նյութերին ծանոթանալու և լիարժեք պաշտպանության իրավունքն իրացնելու համար:

«Մարտի 1»-ի գործով մեղադրվող Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, 2008-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ տրամադրված 50 օրը ողջամիտ ժամկետ չէ՝ հաշվի առնելով, որ գործում կան նաև ծավալուն տեսագրություններ, որոնց ծանոթանալու համար մի քանի ամիս է պահանջվելու:

«50 օր տրամադրելը նպատակ է հետապնդում պաշտպանական կողմին չտրամադրել լիարժեք հնարավորություն, ժամանակ՝ նյութերին ծանոթանալու և լիարժեք պաշտպանության իրավունքն իրացնելու համար», - ասաց Ալեքսանյանը։

Հարցին, թե սովորաբար նման գործերով ողջամիտ ժամկետը ո՞րն է համարվում, փաստաբանը պատասխանեց. - «Հայաստանի Հանրապետությունում պրակտիկա է ձևավորվել, ավանդույթ է ձևավորվել, որ յուրաքանչյուր հատորի համար տրամադրվում է մեկից երկու օր։ Ողջամտությունը տվյալ քրեական գործով կլիներ այն, եթե տրամադրեին ամեն հատորի համար մեկից երկու օր, որը որ կստացվեր մոտավորապես 76-90 աշխատանքային օր, որովհետև, ճիշտն ասած, բացի այդ 76 հատորից, քրեական գործում առկա են նաև տեսագրություններ, որոնց ծավալը բավականին մեծ է, և միայն այդ տեսագրություններին ծանոթանալու համար մոտավորապես մեկից երկու ամիս ժամանակ է պահանջվում»։

Ալեքսանյանը նշեց, որ խոսքն անմիջապես «Մարտի 1»-ին առնչվող տեսագրությունների մասին է և իրենց առնվազն երեք ամիս ժամանակ է պետք՝ նյութերին ծանոթանալու համար։

«Պատրաստվում ենք բողոքարկել քննիչի որոշումը»

«Մարտի 1»-ի գործով Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նույնպես «Ազատության» հետ զրույցում մտահոգություն հայտնեց Հատուկ քննչական ծառայության որոշման վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ պատրաստվում են բողոքարկել քննիչի այդ որոշումը:

«Այո՛, միանշանակ ես էլ գտնում եմ, որ 50 օրվա ընթացքում ուղղակի անհնարին է ծանոթանալ այդ ծավալի քրեական գործի նյութերին և տեսաերիզներին։ Ի դեպ, նշեմ, որ դեռևս չենք ստացել քննիչի կողմից կայացված այդ որոշումն, այդ մասին տեղեկացել ենք մամուլից, որ այդպիսի որոշում է կայացվել, և, ամենայն հավանականությամբ, այս որոշումը մեր կողմից կբողոքարկվի դատախազին», - ասաց Պետրոսյանը։

Հարցին, թե իրենք ո՞ր ժամկետն են ողջամիտ համարում, փաստաբանը պատասխանեց. - «Մենք խնդրել ենք որպեսզի մեզ տրամադրվեր գոնե ամեն հատորի համար մեկ աշխատանքային օր ժամկետ և համապատասխան ժամանակ՝ նաև տեսաերիզները դիտելու և արձանագրություններ կազմելու համար»։

«Խաչատուրովը զրկված է իր դեմ ներկայացված քերական գործին ծանոթանալու հնարավորությունից»

«Մարտի 1»-ի գործով Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը նույնպես պնդում է՝ անհիմն կերպով նախաքննական մարմինը սահմանափակում է քրեական գործի նյութերին ծանոթանալու ողջամիտ ժամկետը:

Փաստաբանի փոխանցմամբ, 50 օրացուցային օրում 76 հատորանոց գործին ծանոթանալու քննիչի որոշումը դեռևս չեն ստացել, պաշտոնապես ստանալուց հետո այն կբողոքարկեն Դատախազությունում:

Ի դեպ, ՀԱՊԿ գլխավոր նախկին քարտուղարը դիմել է նախաքննական մարմնին, որպեսզի 76 հատորանոց գործը թարգմանվի ռուսերեն, քանի որ Յուրի Խաչատուրովը գրավոր հայերենին չի տիրապետում։ Նա ծնվել է Վրաստանում, այնտեղ է դպրոց հաճախել, հետագայում ռազմական կրթություն ստացել Վրաստանում, ինչպես նաև Սովետական միության տարբեր կթական հաստատություններում:

Միհրան Պողոսյանի փոխանցմամբ, եթե իրենց առաջարկը մերժվի, ապա կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ Խաչատուրովը զրկված է իր դեմ ներկայացված քերական գործին ծանոթանալու հնարավորությունից:

«Ազատություն». - Դիմել եք, որ թարգմանեն և թարգմանված ներկայացնեն և մերժո՞ւմ եք ստացել։

Պողոսյան. - Այո, մենք մերժումը պաշտոնապես չենք ստացել, բայց ստանալուց հետո ակնհայտ է, որ խախտվում է կոնվենցիոն սահմանադրության նորմը։

«Ազատություն». - Արդեն ասել են, որ մերժելո՞ւ են։

Պողոսյան. - Պաշտոնական հաղորդագրություն են տարածել, ըստ որի, չեն տրամադրում նյութերը Յուրի Խաչատուրովի տիրապետվող լեզվով։ Մենք տիրապետում ենք նաև գրավոր վրացերեն լեզվին, եթե վարույթն իրականացնող մարմնի համար վրացերենն ավելի նպատակահարմար է, կարող է նաև վրացերեն տրամադրել։

«Ազատություն». - Այսինքն՝ այս պահին Խաչատուրովը չի կարող իր մեղադրանքին ծանոթանալ։

Պողոսյան. - Այո, չի կարող, ու դա հստակ արձանագրված է, և կարծում եմ, որ ողջամտությունը վերջիվերջո պետք է հաղթի, և վարույթն իրականացնող մարմինը կատարի իր պարտականությունը։

«Ազատություն». - Եթե դա չարվի, դա խախտո՞ւմ է դիտարկվելու։

Պողոսյան. - Իհարկե խախտում է։

«Ազատություն». - Եթե մերժվի Դուք պատրաստվո՞ւմ եք դիմել Եվրոպական դատարան։

Պողոսյան. - Միանշանակ, եթե մերժվի, մենք որևէ հնարավորություն չենք ունենալու էդ գործով պաշտպանությանը նախապատրստվել, պաշտպանություն իրականացնել։

Հատուկ քննչական ծառայությունից այսօր կրկին նշեցին, որ քրեական գործի նյութերի ծանոթացման համար իրենք ողջամիտ են համարել 50-օրյա ժամկետը, և եթե պաշտպանական կողմը համաձայն չէ, կարող են բողոքարկել, դա նրանց իրավունքն է։

Հավելենք, որ Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, ինչպես նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Պաշտպանական կողմն արդեն սկսել է ծանոթանալ 76 հատորից բաղկացած քրեական գործի նյութերին:

XS
SM
MD
LG