Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» հիմնադրամին փոխանցվել է ավելի քան 859 միլիոն, իսկ «Ժպիտների քաղաք»-ին՝ 263 միլիոն դրամ. Աննա Հակոբյան


«Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամներին 6 ամսվա ընթացքում որպես բարեգործություն փոխանցվել է 2 միլիոն 315 հազար ԱՄՆ դոլար:

Մշակույթի, կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներում բարեգործական ծրագրեր իրականացնող «Իմ քայլը» հիմնադրամին 6 ամսվա ընթացքում փոխանցվել է ավելի քան 859 մլն դրամ:

Իսկ «Ժպիտների քաղաք» հիմնադրամին հինգ ամիսների ընթացքում փոխանցվել է 263 մլն դրամ: Այս հիմնադրամի նպատակն է նպաստել Հայաստանում արյունաբանության և ուռուցքաբանության զարգացմանը և հասնել նրան, որ քաղցկեղ ունեցող բոլոր երեխաներն ունենան երկրում բուժվելու հավասար հնարավորություններ:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որն այս երկու հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահն է, այսօր ամփոփեց դրանց գործունեությունը, նշելով, որ «Իմ քայլը» հիմնադրամն այս պահին սեփական տարածքի փնտրտուքների մեջ է:

«Իմ քայլը» հիմնադրամը բարեգործական ծրագրեր է իրականացնում մշակույթի, կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներում, իսկ «Ժպիտների քաղաք» ծրագրի նպատակը՝ Հայաստանում արյունաբանության և ուռուցքաբանության զարգացմանը նպաստելն է:

««Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների քանակը, որպես անհատներ կամ կազմակերպություններ, 114-ն է: Նվիրատվություն «Ժպիտների քաղաք» հիմնադրամը ստացել է 85 անհատներից և կազմակերպություններից: Հիմնադրամը ունի 100-ից ավելի շահառու երեխա, ինչպես գիտեք, հիմնադրամը այժմ միայն ծածկում է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման ծախսերը», - նշեց Հակոբյանը:

Գյուղական համայնքների զարգացման ծրագրերի շրջանակներում, «Իմ քայլը» հիմնադրամը նախատեսում է ստեղծել «Երազանքի գյուղ»․ - «Տան առաջ ինչքան ծաղիկ լինի կամ տները ինչ գույն ներկված լինեն, սա նույնպես դեռ մշակման փուլում է, մեր ծրագրերի մեջ է կրկին թանկ ծրագրերից է»։

Վարչապետի տիկինը հաստատեց, որ հանդիպում է ունեցել խոշոր հարկատուների հետ և նրանց ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերը․ - «Կարևոր եմ համարում այդ հանդիպումները, որովետև ինչքանով գիտեմ, բոլոր խոշոր կազմակերպությունները ունենում են ռազմավարություն տարվա մեջ նվիրատվություն անել որևէ հիմնադրամի, և ինձ համար կարևոր է, որպեսզի կազմակերպությունները առաջին ձեռքից ինֆորմացիա ունենան մեր հիմնադրամի գործունեության մասին»:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, որ ամուսնու հետ եղել է Դավոսում՝ Աննա Հակոբյանը հաստատեց, որ թեև պաշտոնական հրավեր ստացել ու Շվեյցարիա մեկնել էր, բայց «անձնական պատճառներով» չի ուղեկցել վարչապետին: Նա ավելորդ համարեց պատասխանել հյուրանոցային թանկարժեք համարի մասին հարցին:

Ի պատասխան հարցին, թե ճիշտ է, որ որոշ պաշտոնյաներ ու մարզպետներ իրենց պարգևավճարներից ստիպողաբար փոխանցումներ են կատարել «Իմ քայլը հիմնադրամին», Հակոբյանը պատասխանեց՝ պարտադրանք չի եղել: Վարչապետի տիկինն ընդգծեց՝ մարզպետներին հիմնականում չի էլ ճանաչում, չի էլ հետաքրքրվել, թե փոխանցումներ կատարող հարյուրավոր մարդիկ ովքեր են, իսկ ընկերություններն ում են պատկանում: - «Ուղղակի անհեթեթություն է այդ լուրը: Եթե նույնիսկ ինչ-որ մեկը իր պարգևավճարը որոշել է, որպես նվիրատվություն անել «Իմ քայլը» հիմնադրամին, գուցե էդպիսի բան եղել է, բայց ես դրանից տեղյակ չեմ»։

Լրագրողներից մեկը Հակոբյանին հարցրեց՝ երբևէ ձեր վարչապետ ամուսնուն միջնորդե՞լ եք, որ ձեր ազգականներին կամ մտերիմներին աշխատանքի նշանակի: Լրագրողը հիշեցրեց մամուլում շրջանառվող Աննա Հակոբյանի վարսահարդարի, ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա Ռաֆիկ Մաշադյանի շուրջ ծավալված քննադատությունը, թե աշխատանքի է նշանակվել, որովհետև Հակոբյանի ազգականն է:

Վարչապետի տիկինը կարճ պատասխանեց՝ ոչ, բայց շարունակեց՝ երբ ինքն էր լրագրող միշտ վախեցել է չճշտված լուրեր տպագրել․ - «Ես միայն մի բանից եմ վախեցել միշտ, որպեսզի չգրեմ ինչ-որ բան, որը կկարդան, օրինակ, Բաղրամյան 26-ի գրասենյակներում, միջանցքներում կամ մարդիկ, ովքեր ներգրավված են էն ամենի մեջ, ինչ ես գրում եմ և կկարդան ու կծիծաղեն իմ վրա։ Եթե ես քննադատելիս եմ եղել և ինչ-որ պնդում եմ արել, մինչև վերջին կաթիլը ճշտած եմ եղել այն բոլոր հիմքերը, որոնք ինձ թույլ են տալիս նման պնդում անել»։

Վարչապետի կինը չթաքցրեց նաև, որ երբեմն թանկարժեք նվերներ է ստանում, բայց, վստահեցրեց, դրանք հետ ուղարկում:

«Երկտողով, որ շատ շնորհակալ եմ, համարեք, որ ես դա ունեմ, դուք ինձ դա նվիրել եք, բայց ես դա չեմ կարող ընդունել։ Սիմվոլիկ նվերները սիրով ընդունում եմ», - ընդգծեց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG