Այսօր դատական համակարգում կան պրոբլեմներ, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ պետության զարգացման համար դատական համակարգի 100 տոկոսով անկախությունը կարևոր է։
«Եթե մենք ուզում ենք դատական համակարգ ունենանք, պետք է հնարավոր պայմանները ստեղծենք, որպեսզի մեր դատավորներն առնվազն օբյեկտիվորեն սրա-նրա ձեռքին նայելու մեծ անհրաժեշտություններ չունենան։ Մի կողմից մենք պետք է շատ խստորեն պայքարենք կոռուպցիայի դեմ, շատ խստորեն պետք է պայքարենք ապօրինի որոշումների և կամայական որոշումների դեմ, բայց մյուս կողմից պետք է քայլեր ձեռնարկենք, որ ապօրինի որոշումների, այսպես ասած, ծագման սոցիալական բաղադրիչը հնարավորինս փոքրացնենք և հնարավորինս նեղացնենք», - ասաց վարչապետը դատավորներին և Բարձրագույն դատական խորհրդի անդամներին սոցիալական փաթեթում ընդգրկելու հարցի քննարկման ժամանակ։
«Մենք այս տարի սոցիալական փաթեթից կամ պետպատվերից օգտվող քաղաքացիների շրջանակը մեծացրեցինք մոտավորապես 250 հազար քաղաքացիներով, հարց կարող է հնչել՝ ի՞նչ է, այս երկրում քաղաքացիների հարցերը լուծվա՞ծ են, որ հիմա էլ դատավորների հարցերն ենք լուծում, իհարկե ո՛չ, բայց կարծում եմ, որ մենք երբ որ քայլ ենք արել 250 հազար քաղաքացիների այդ համակարգում ընդգրկել, բալանսավորված և շատ խելամիտ քայլ է, օրինակ, 230 դատավորների նույնպես ընդգրկել այս համակարգում», - ասաց Փաշինյանը։