Մատչելիության հղումներ

Փաշինյանը մարտի 1-ին «քաղաքացիական հզոր երթ» կանցկացնի՝ Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան


2019 թվականի մարտի 1-ին լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 11 տարին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց, որ այդ օրը որոշել են նշանավորել քաղաքացիական հզոր երթով՝ Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան։

Ինչպես Փաշինյանն ասաց, երթը նվիրված է լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթանակին։

«Այս երթն ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների և նշանավորելու է այն հանգրվանը, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու հաղթանակը և քաղաքացու իշխանությունն այլևս անշրջելի է, որ Հայաստանի Հանրապետությունում չեն լինելու այլևս ընտրակեղծիքներ, որ Հայաստանի Հանրապետությունում մենք հստակ դեմ ենք կանգնում բռնությանն ու ընդհանրապես քաղաքական բռնություններին, կոռուպցիային, ապօրինություններին, քաղաքական հետապնդումներին, և այդ օրը մենք մեր հարգանքի տուրքը կմատուցենք 2008 թվականի մարտի 1-ի տասը զոհերին և ընդհանրապես քաղաքական բռնության բոլոր զոհերին», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «2019 թվականի մարտի 1-ին ժամը 18։30-ին բոլորիդ հրավիրում եմ Ազատության հրապարակ՝ այնտեղից իրականացնելու քաղաքացիական երթ դեպի Մյասնիկյանի արձան 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների 11-րդ տարվա կապակցությամբ։ Այդ օրը ես նաև մտադիր եմ ուղերձով դիմել ժողովրդին»։

Փաշինյանն ընդգծեց. - «Բայց նաև մենք մարտի 1-ին պետք է մեր վճռականությունը ի ցույց դնենք, մեր նվիրվածությունը ի ցույց դնենք Հայաստանում ժողովրդավարությանը, ժողովրդի իշխանությանը, և կոռուպցիայի ու ընտրակեղծիքների ու ընտրակաշառքների էջը փակված լինելով»։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG