Մատչելիության հղումներ

Դատախազության խոսնակ․ Հարություն Մաշադյանը պաշտոնի բարձրացում չի ունեցել


Հարություն Մաշադյանի հայրը՝ վերջերս ՊԵԿ նախագահի տեղակալ նշանակված Ռաֆիկ Մաշադյանը:
Հարություն Մաշադյանի հայրը՝ վերջերս ՊԵԿ նախագահի տեղակալ նշանակված Ռաֆիկ Մաշադյանը:

Պետական եկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյայի որդու՝ Հարություն Մաշադյանի՝ ընդամենը 23 տարեկանում զինվորական դատախազ դառնալու մասին լուրերին արձագանքել է Գլխավոր դատախազությունը՝ վստահեցնելով, որ Մաշադյանը բացառություն չէ, և այդ տարիքում դատախազ դարձած երիտասարդներ համակարգում քիչ չեն։

Բացի այդ, փետրվարի սկզբին Հարություն Մաշադյանը պաշտոնի բարձրացում չի ունեցել, պարզապես Լոռու մարզից տեղափոխվել է Երևան։

«Հարություն Մաշադյանը 2018 թվականի մարտի 7-ին նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ, իսկ 2019 թվականի փետրվարի 4-ին փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին: Սրանք հավասարազոր պաշտոններ են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանը:

Սոցցանցերի օգտատերերի ուշադրությունը Մաշադյանի նշանակումը գրավել էր ոչ միայն այն պատճառով, որ դատախազի հայրը բարձրաստիճան պաշտոնյա է, այլև նրա կենսագրությունում տարեթվերի հետ կապված որոշ հարցերի պատճառով։ 1995 թվականին ծնված Հարություն Մաշադյանի 2010-ին՝ 15 տարեկանում արդեն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող է եղել: Դատախազությունը պարզաբանեց՝ դպրոցում նա թռիչքներ է ունեցել։ Բացի այդ պարզ չէր, թե արդյոք զինվորական դատախազ նշանակված Մաշադյանը հասցրել էր ծառայել բանակում: Դատախազությունը կրկին պարզաբանեց՝ այո:

«Արդեն 2017 թվականին սահմանված կարգով ընդգրկվել է դատախազների թեկնածուների ցուցակում, իսկ 2017 թվականի հոկտեմբերին ավարտել է Արդարադատության ակադեմիան», - հավելեց Խաչատրյանը:

Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո անմիջապես դատախազության մրցույթին մասնակցած, ապա Արդարադատության ակադեմիայում ուսանած Մաշադյանը դատախազ է նշանակվել 2018-ի մարտին, որից ընդամենը մեկ ամիս անց ուժի մեջ է մտել «Դատախազության մասին» նոր օրենքը, որը պարտադիր պայման է սահմանում 2 տարվա աշխատանքային փորձը պետական մեղադրող աշխատելու համար։ Գլխավոր դատախազության խոսնակի պնդմամբ՝ այստեղ ևս օրենքի խախտում չկա։

«Հարցը զուտ էթիկայի դաշտում է», - կարծում է երիտասարդ իրավաբան Վահե Գրիգորյանը։ - «Ես կարող եմ ասել, որ չեմ կարող ասել՝ արդյո՞ք իր հայրը ազդեցություն ունեցել է թե ոչ: Սակայն ամեն դեպքում պետք է ուշադրությունը դարձնել հենց այդ հանգամանքի վրա․ որքան ունեցվածք ունի և ում որդին է հանդիսանում»:

Երիտասարդ զինվորական դատախազը, ավտոմեքենայից բացի, հայտարարագրել է 2 բնակարան, 5 հողամաս, 12 միլիոն դրամ և 130 հազար դոլար: Ընդ որում նրա հոր՝ Ռաֆիկ Մաշադյանի հայտարարագրած դրամական միջոցներն ավելի համեստ են՝ 105 հազար դոլար և 4 միլիոն դրամ։

«Հնարավո՞ր է արդյոք Հարություն Մաշադյանի՝ 23 տարեկանում դատախազ նշանակվելու հարցում դեր խաղար նրա հոր պաշտոնյա լինելը» հարցի պատասխանը Պետեկամուտների կոմիտեի խոսնակից չստացանք: Նա նշեց, որ դատախազությունն արդեն պարզաբանումներ տվել է։

Իրավաբան Վահե Գրիգորյանից հետաքրվեցինք, թե արդյոք դատախազ լինելու համար աշխատանքային փորձն իսկապես կարևոր է, քանի որ դեռ անցյալ տարի օրենքում նման պահանջ են ավելացրել։

«Ես անգամ կասեի, որ երկու տարվա փորձը քիչ է դատախազ աշխատելու համար: Որովհետև դատախազի պատասխանատվությունը․․․ վերջ ի վերջո դատախազը ներկայացնում է պետությունը, ներկայացնում է պետական շահերը, պաշտպանում է հանրային մեղադրանքը», - պատասխանեց Գրիգորյանը:

Մյուս կողմից, Վահե Գրիգորյանը վստահ է, որ ամեն ինչ անձի ընդունակություններից է կախված․ - «Մի իրավաբան յոթ տարում սովորում է այնքան, որքան մյուսը սովորում է մեկ տարվա ընթացքում»:

Հարցին, թե արդյոք Հարություն Մաշադյանը իր իր մասնագիտական կարողություններով ընդունակություններով աչքի ընկնող երիտասարդ է, Գլխավոր դատախազության խոսնակն արձագանքեց․ - «Չեմ կարող ասել: Իրենք հանձնում են քննություն, և քննություն վերցնող հանձնաժողովն է որոշում իրենց գիտելիքները, կարողությունը: Ես կարծում եմ, իրենք ունեն բավականին գիտելիքներ, որպեսզի աշխատեն դատախազության համակարգում, և էստեղ որևէ այլ կարծիք չի կարող լինել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG