Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը


Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ սոպրանո Հասիկ Պապյանի մասնակցությամբ կայանալիք համերգով կսկսվի Հայ ժամանակակից կոմպոզիտորների արդեն 10-րդ, հոբելյանական փառատոնը, որն այս տարի նվիրված է մեր լավագույն կոմպոզիտորներից Ավետ Տերտերյանի ծննդյան 90-ամյակին:

«Կոմպոզիտորական արվեստի փառատոնը շատ մեծ տեղ է զբաղեցնում մեր գործունեության մեջ: Շատ հատկանշանակ է, որ 10-րդ փառատոնը նվիրում ենք Տերտերյանին, որովհետև Տերտերյանը մեր նվագախմբի համար ամենասիրված կոմպոզիտորն է: Հասմիկ Պապյանը մեր նվագախմբի ամենակարևոր, սիրված գործընկերն է, ինչը նույնպես մեզ համար շատ մեծ ձեռքբերում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց փառատոնի հիմնադիր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Փառատոնի տնօրեն Սարգիս Բալբաբյանը հավելեց․ - «Կատարելու ենք այն կոմպոզիտորների գործերը, ում նվիրել ենք անցած 9 տարիների փառատոները: Փառատոնը ներառում է չորս համերգային երեկո: Այսօրվա համերգում Հասմիկ Պապյանի կատարմամբ հնչելու են հայ կոմպոզիտորների արիաները, ռոմանսները և երգերը, և այսօրվա համերգի ամբողջ հասույթը փոխանցվելու է Արմենակ Ուրֆանյան հիմնադրամին»:

Ղազարոս Սարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Հարո Ստեփանյանի, Էդվարդ Միրզոյանի և հայ կոմպոզիտորական դպրոցի այլ լավագույն հեղինակաների ստեղծագործությունները այս տասը տարիների ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեր երաժշտասերներին է ներկայացրել նաև արտասահմանից ժամանած անվանի երաժիշտ կատարողների, մենակատարների մասնակցությամբ:

Այս տարին ևս բացառություն չէ: Նպատակը մեկն է եղել արտասահմանցի երաժիշտներին հնարավորություն տալ ոչ միայն ծանոթանալ, այլ նաև կատարել մեր լավագույն կոմպոզիտորների ստեղծագործությունները, իսկ մեր երաժշտասերներին՝ հենց մեր կոմպոզիտորների ստեղծագործություններով դասական երաժշտության հրաշալի համերգներ մատուցել:

Այս ընթացքում հսկայական գործ է արվել նոտագրելու, թվայնացնելու հայ ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները:

«Հնչել է ութսուն կոմպոզիտորի երկու հարյուրից ավելի ստեղծագործություն: Իհարկե, մենք կարևոր տեղ ենք հատկացնում նաև երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմանը», - նշեց Սարգիս Բալբաբյանը՝ շարունակելով․ - «Մենք հիանալի կոմպոզիտորական դպրոց ունենք և ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, որոնք այսօր ստեղծագործում են: Ցավոք, նրանց ստեղծագործությունները ավելի շատ կատարվում են արտասահմանում, և մենք ուզում ենք այս բացը լրացնել: Եվ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր ունկնդրին բերենք դեպի դասական երաժշտություն, դեպի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների համերգներ: Ու դրա համար այս փառատոնի տոմսերը մենք հաճախ տրամադրում ենք այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն և ովքեր ցանկանում են գալ ու լսել»:

Ուշագրավ է, որդեռ անցյալ տարվա սեպտեմբերից Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեր երիտասարդությանը դասական երաժշտությանը մերձեցնելու նպատակով մի հետաքրքիր կրթական ծրագիր է սկսել, որի շրջանակներում հնարավորություն է տրվում ավագ դպրոցների աշակերտներին ներկա գտնվել հատուկ իրենց համար տեղի ունեցող համերգներին:

Այսօր, փառատոնի բացման համերգից առաջ, Արամ Խաչատրյան լեփ-լեցուն համերգասրահում ավագ դպրոցների աշակերտներն ունկնդրեցին նույն համերգը՝ Հասմիկ Պապյանի մասնակցությամբ:

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը «Ազատության» հետ զրույցում ընթացքում շեշտեց, որ սա միայն համերգ չէ ավագ դպրոցների աշակերտների համար, այլ նաև դասական երաժշտության դասընթաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG