Մատչելիության հղումներ

Ադրբեջանում առնվազն 127 քաղբանտարկյալ կա․ աշխատանքային խումբ


Փետրվարի 20-ի դրությամբ Ադրբեջանի բանտերում 127 քաղբանտարկյալ է պահվում: Այս մասին երեկ հայտարարեցին Բաքվում գործող «Քաղբանտարկյալների ցուցակագրման աշխատանքային խմբի» անդամները:

Հայտնի 10 իրավապաշտպաններից և անկախ լրագրողներից կազմված այս կառույցը, որի կազմում են նաև մի քանի տարի բանտերում անցկացրած Ինթիգամ Ալիևը, Անար Մամեդլին և Խադիջա Իսմայիլովան, արձանագրում է, որ քաղաքական դրդապատճառներով ճաղերի հետևում հայտնված անձանց թիվը Ադրբեջանում չի նվազում:

Աշխատանքային խմբի տվյալներով՝ ադրբեջանցի քաղբանտարկյալների մեջ ամենամեծ խումբը քաղաքական իսլամի կողմնակիցներն են: Քաղբանտարկյալների թարմացված ցուցակի հեղինակները կալանավորների այս խմբին անվանում են «Հավատացյալներ»` պնդելով, որ իսլամիստները Ադրբեջանում առկա քաղբանտարկյալների կեսից ավելին են կազմում` 67 հոգի: Նրանց թվում են, մասնավորաբար, Նարդարանում 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված անձինք, «Մահմեդական միասնություն» շարժման ղեկավար Թալեհ Բաղիրզադեն, Ադրբեջանի Իսլամական կուսակցության առաջնորդ Մովսում Սամեդովը:

Ադրբեջանցի քաղբանտարկյալների՝ մեծությամբ երկրորդ խումբը ընդդիմադիր գործիչներն ու քաղաքացիական ակտիվիստներն են` ընդհանուր առմամբ 18 հոգի: Ազատազրկվածների այս խմբում են ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլին, 2016-ի գարնանը Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին հայտնված ընդդիմադիր կարգախոսների հեղինակներ՝ 10 տարվա ազատազրկման դատապարտված Գիյաս Իբրահիմովը և Բայրամ Մամեդովը:

«Քաղբանտարկյալների ցուցակագրման աշխատանքային խմբի» անդամների տվյալներով՝ ադրբեջանական բանտերում այժմ նաև 9 լրագրող և բլոգեր կա: Նրանցից ամենահայտնիներն են 2017-ի մայիսին Թբիլիսիում առևանգված լրագրող Աֆղան Մուխթարլին, մի շարք եվրոպական մրցանակների դափնեկիր, «Ազադլըղ» թերթի լրագրող Սեյմուր Խազին, Ադրբեջանի ամենահայտնի վիդեբլոգեր Մեհման Հուսեյնովը:

«2018 թվականի սեպտեմբերից 1-ից ի վեր քաղբանտարկյալների թիվը գրեթե չի փոխվել», - նշում են աշխատանքային խմբի անդամները՝ արձանագրելով, որ վերջին կես տարում ադրբեջանական բանտերը 4 քաղբանտարկյալներ են լքել, ևս 3 մարդ քաղաքական դրդապատճառներով հայտնվել է կալանավայրում:

Աշխատանքային խմբի անդամները, ի դեպ, պնդում են, որ Ադրբեջանում առկա քաղբանտարկյալների թիվը իրականում ավելի մեծ է, սակայն նրանց մի մասը, վախենալով երկրում ստեղծված բռնի մթնոլորտից, խուսափում են հանրայնացնել իրենց դեմ հարուցված քրեական գործերի մասին տեղեկատվությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG