Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանն ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն։
Կառավարության կառուցվածքի նոր նախագծով մարզպետները երեքի փոխարեն կունենան մեկ տեղակալ։
Լոռու մարզպետի մյուս տեղակալ Արամ Խաչատրյանն անցած տարեվերջին Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավոր էր ընտրվել։ Նրա փոխարեն նոր տեղակալ չի նշանակվել։
Անկուսակցական Սերգեյ Սարուխանյանը Լոռու մարզպետի պաշտոնին նշանակվել էր անցած տարի, հեղափոխությունից հետո նախկին ԲՀԿ-ական մարզպետ Հրանտ Մարգարյանի օրոք։
Մարզպետի փոփոխությունից հետո Սարուխանյանը դիմում էր գրել աշխատանքից ազատվելու մասին, բայց մնացել էր իր պաշտոնին։
Ութ ամիս Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սերգեյ Սարուխանյանն «Ազատության»-ն ասաց, որ լիովին ընդունում է մարզպետարանների օպտիմալացման Կառավարության ծրագիրը։
«Ես համարում եմ, որ ճիշտ քաղաքական որոշում եմ կայացրել։ Մարզպետարանները գնում են, էսպես ասած, դեպի բեռնաթափում։ Սա օպտիմալացման պրոցես է, որին ես մասնակցում եմ», - ասաց Սարուխանյանը։
Նշենք, որ վարչապետի որոշմամբ, մարզպետի մեկական տեղակալներ աշխատանքից ազատվել են նաև Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։