Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, նախօրեին Ստամբուլում կայացած Բուդապեշտյան գործընթացի 6-րդ համաժողովի ժամանակ օտարերկրյա նախարարների և պատվիրակության ղեկավարների ներկայությամբ խոսելով միգրացիայի խնդրի և մասնավորապես սիրիացի ներգաղթյալների մասին, անդրադարձել է նաև Թուրքիայում բնակվող հայերին, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Նշելով, որ այսօր Թուրքիայում շուրջ 4 միլիոն փախստական է բնակվում, որոնցից 3,6 միլիոնը սիրիացիներ են, Էրդողանը հայտարարել է. - «2011-ից մինչ օրս Սիրիայում շարունակվող բախումների ընթացքում մեր երկրում ապաստանած որևէ մեկին ստիպողաբար հետ չենք ուղարկել: Մենք արամեացիներին հետ չենք ուղարկել, քրիստոնյաներին ևս: Մյուս կողմից էլ՝ հայերին հետ չենք ուղարկել: Այժմ Թուրքիայում մոտ 100 հազար հայ է ապրում, որից շուրջ 40 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են: Մյուսները քաղաքացի չեն, սակայն մենք նրանց հետ չենք ուղարկում: Ինչո՞ւ են նրանք Թուրքիա եկել՝ իրենց երկրում ունեցած դժվարությունների պատճառով»:
Անդրադառնալով ցեղասպանության հարցին՝ Թուրքիայի նախագահը համոզմունք է հայտնել, թե թուրք ժողովուրդը երբևէ ոչ մի էթնիկ տարրի նկատմամբ ցեղասպանություն չի գործել: «Այսօր աշխարհում, հատկապես Արևմուտքում, այսպես կոչված Հայոց ցեղասպանության թեմայով որոշակի քարոզչություն է արվում: Մենք էլ ասում ենք, որ դա պատմաբանների գործն է: Թող պատմաբանները այդ հարցն ուսումնասիրեն և լուծման հանգեն: Մեր ողջ գոյության, պատմության ընթացքում այս ժողովուրդը երբեք ոչ մի էթնիկ տարրի նկատմամբ ցեղասպանություն չի արել», - պնդել է Էրդողանը: