Ոստիկանությունը հաղորդում է Երևանի պետական համալսարանում հայտնաբերած չարաշահումների մասին: Իրավապահները խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքեր են բացահայտել, որոնց առիթով գործ են հարուցել և այն ուղարկել Քննչական կոմիտե՝ նախաքննության:
Ոստիկանության հաղորդագրությունում նշվում է «համալսարանի ղեկավար պաշտոնատար անձ» արտահայտությունը, առանց հստակեցնելու, թե արդյո՞ք խոսքը ԵՊՀ երկարամյա ռեկտոր Արամ Սիմոնյանի մասին է: Ինքը Արամ Սիմոնյանը նշում է, որ հարուցված գործի մասին ոստիկանության կայքէջից է տեղեկացել, չնայած դեռ երեկ էր ֆեսբուքյան ուղիղ հեռարձակմամբ բարձրաձայնում քաղաքական հետապնդման մասին: Ասում է` հայտարաության մեջ անուն չի նշվում, բայց խոսքն, ըստ էության, իր մասին է, և ինքը կտրուկ հերքում է այս ապօրինություններին իր առնչությունը:
«Շոու սարքելու մի բան է իմ հասցեին արված բոլոր մեղադրանքները։ Դրա մեջ նաև քաղաքական ենթատեքստ եմ տեսնում», - նշեց Արամ Սիմոնյանը։
Իրավապահների հաղոդմամբ՝ համալսարանի ղեկավար պաշտոնատար անձը 10 հազար դոլար արժողությամբ գույք է կաշառք ստացել, մասնավորապես, մասնակի վերանորոգվել է ռեկտորի բնակարանը և առանձնատունը, ինչպես նաև ջեռուցման համակարգ է տեղադրվել, փոխարները այդ ընկերության հետ 2015 թվականին շուրջ 400 միլիոն դրամի շինաշխատանքների կատարման պայմանագիր է կնքվել:
«Արմատապես մերժում եմ՝ միանգամից և կտրուկ։ Շատ ծիծաղելի է, օրինակ, կարծել, որ Երևանի պետական համալսարանի այսօրվա ռեկտորը, այսինքն՝ ես, 10 հազար դոլարի կաշառք եմ վերցրել իմ տան ջեռուցման կամ ինչ-որ սարքերի համար, այն դեպքում, երբ որ ես այդ սարքերի համար վճարել եմ ինչպես վարպետներին, այնպես էլ սարքը տեղադրողին։ Տեսել ենք նրա կատարած գործը, նրա կատարած գործի որակը և, բնականաբար, առանձին դեպքերում մենք նաև մեր անձնական նպատակների համար այդ մարդկանց վարձել ենք կամ տարել ենք», - ընդգծեց Սիմոնյանը։
Իրավապահները նաև հայտարարում են՝ ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ համալսարանի 18 աշխատակից 2015-2018 թվականներին տարբեր ամիսների փաստացի չեն հաճախել աշխատանքի՝ երկար ժամանակով բացակայելով Հայաստանից, և այդ մարդկանց անվամբ, որպես աշխատավարձ դուրս գրված, շուրջ 18 միլիոն դրամը հափշտակվել է:
Բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը հակադարձում է, որ նշված բոլոր անձիք հայտնի դասախոսներ են և հուլիս, օգոստոս ամիսներին չեն ներկայացել, որովհետև համալսարանը փակ է եղել․ «Չեն եկել 26-ին, եկել են, ենթադրենք, ամսի 29-ին, բայց դուք հո լավ գիտեք, որ դասերը սկսում են սեպտեմբերի 1-ին և այդ երեք օրվա համար նրանք չենք վճարվում զուտ այն բանի համար, որ ներկա են։ Եթե այդպիսի պնդում լիներ՝ ներկա լինել պարտադիր աշխատանքի, ապա մենք ուրեմն պետք է նրանց ապահովեինք համապատասխան քառակուսի մետր տարածքով, կաբինետներով, թթվածնի համապատասխան խորանարդ ծավալով և այլն»։
Ըստ Ոստիկանության, պարզվել է նաև, որ Երևանի պետական համալսարանի տարածքում վարձակալական հիմունքներով տնտեսվարող սուբյեկտներից մեկի 2008-2012 թվականներին տված վարձավճարները մասնակի են մուտքագրվել համալսարանի հաշվեհամարին: Այս ապօրինության հետևանքով էլ յուրացվել է 9 միլիոն 200 հազար դրամ, հայտարարում են իրավապահները:
«Խառնակիչ», այսպես է բնութագրում այս հաղորդումը ներկայացրած անձին Արամ Սիմոնյանը։
«Ինչ-որ մի բուֆետի, ես ենթադրում եմ, որ երևի դա մեր Աբովյան 52 հասցեում գտնվող բուֆետապանի, մի խառնակիչ և անընդհատ կոնֆլիկտների մեջ մտնող մարդու երևի ցուցմունքն է», - ասաց ԵՊՀ ռեկտորը։
1997 թվականից ՀՀԿ անդամ հանդիսացող Արամ Սիմոնյանը գործը քաղաքական է գնահատում և ասում՝ այս ամենն արվում է իր հրաժարականի համար։ Ավելին, Ըստ Սիմոնյանի, նման ակնարկներ է ստացել անձամբ նախարար Արայիկ Հարությունյանից մի քանի օր առաջ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։
«Նա ասեց, որ «հորդորում եմ հրաժարական տալ», - ընդգծեց նա։
«Ազատության» հարցին՝ եթե գործը առաջադրվել է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, կործում եք, եթե հրաժարական տաք այդպիսով կչեղարկվի՞ քաղաքական հետապնդումը, ԵՊՀ ռեկտորը պատասխանեց. «Բնավ ոչ։ Ես հաստատ համոզված եմ, որ այդ գործը հարուցողները գնալու են մինչև վերջ, դրա համար ես էլ գնալու եմ մինչև վերջ»։
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում նշեց, որ ծանոթ են Արամ Սիմոնյանի հայտարարություններին և կարձագանքեն դրաց վաղը, երբ նախարարը վերադառնա Վրաստանից։
«Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ լինելով Հովհաննես Թումանյանի հոբելյանական կառավարական հանձնաժողովի նախագահ, այս պահին գտնվում է Վրաստանում, հոբելյանական հանդիսությունների մասնակցելու համար, վաղը կվերադառնա և անդրադարձ կկատարի այդ հայտարարություններին», - նշեց Լուսինե Մարգարյանը։
Ինչ վերաբերում իր հրաժարականին, Սիմոնյանն ասում է՝ ինքը ընտրված ռեկտոր է, իր պաշտոնավարման ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, իսկ հոգաբարձուների խորհուրդը վերջին նիստին միաձայն կողմ է քվեարկել Սիմոնյանի ներկայացրած հաշվետվությանը:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Գևորգ Մուրադյանը այսօր չցանկացավ մեկնաբանել ստեղծված իրավիճակը: Մինչ այդ Սիմոնյանը հայտարարում է՝ ինքը
պատրաստվում է համալսարանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումներին: