Մատչելիության հղումներ

Վախճանվել է Լուիզ Մանուկյան-Սիմոնը


Լուիզ Մանուկյան-Սիմոն, լուսանկարը՝ ՀԲԸՄ պաշտոնական կայքէջից
Լուիզ Մանուկյան-Սիմոն, լուսանկարը՝ ՀԲԸՄ պաշտոնական կայքէջից

Փետրվարի 18-ին Միացյալ Նահանգներում վախճանվել է հայ մեծանուն բարերար, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախկին նախագահ Լուիզ Մանուկյան-Սիմոնը: Այս մասին հաղորդում է ՀԲԸՄ պաշտոնական կայքէջը:

Լուիզ Մանուկյան-Սիմոնը ծնվել է 1933 թվականին Դեթրոյթում, հայտնի հասարակական գործիչ և բարերար, Հայաստանի Ազգային հերոս Ալեք Մանուկյանի դուստրն է: Հոր նախագահությունից հետո՝ 1989 թվականին Լուիզ Մանուկյան-Սիմոնը դարձել է ՀԲԸՄ նախագահ և այդ պաշտոնը զբաղեցրել 12 տարի:

Լուիզ Մանուկյան-Սիմոնի նախագահության օրոք ՀԲԸՄ-ը մի շարք կարևորագույն ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում, մասնավորապես՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի հիմնադրումը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ հայորդյաց տների և բարեգործական ճաշարանների ստեղծումը: 2000 թվականին Լուիզ Մանուկյան-Սիմոնը և նրա եղբայր Ռիչարդ Մանուկյանը 2 միլիոն դոլար են նվիրաբերել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությանը:

«ՀԲԸՄ-ը սգում է սիրելի նախագահ և առաջնորդ Լուիզ Մանուկյան-Սիմոնի կորուստը», - ասված է Հայկական բարեգործական ընդհանուր միության հաղորդագրությունում:

«Լինելով արդի հայ իրականության ամենաազդեցիկ գործիչներից մեկը և հանդիսանալով ՀԲԸՄ հարյուրամյա պատմության մեջ ամենքի կողմից ակնածանքի և հարգանքի արժանացած առաջնորդ, Լուիզ Մանուկյան-Սիմոնը հույսի ու ոգեշնչման անջնջելի հետք կթողնի հայ ժողովրդին, Հայրենիքին ու Հայ եկեղեցուն մատուցած անձնվեր ծառայությամբ: Նրա մահը խոր վիշտ է պատճառել ՀԲԸՄ աշխարհասփյուռ ընտանիքին, որին նա ծառայել է անխոնջ նվիրումով և բացառիկ գերազանցությամբ՝ որպես կազմակերպության առաջին և միակ կին առաջնորդ, սկզբում հանդես գալով նախ որպես Կենտրոնական վարչության անդամ, այնուհետ՝ 12 տարի շարունակ՝ որպես նախագահ», - ասված է հաղորդագրությունում: - «Լուիզ Սիմոնին կյանքում մեծ ճակատագիր էր վիճակված: Պաշտոնավարման ընթացքում նա առաջինն էր, ով Հայաստանում 1988-ին տեղի ունեցած երկրաշարժից անմիջապես հետո կազմակերպեց օգնության համատարած ջանքերը. նա օգնություն և հոգատարություն է պարգևել Ղարաբաղյան պատերազմից տուժածներին և նրանց ընտանիքներին, կարևորագույն դերակատարություն ունեցել անկախ Հայաստանի վերածննդի գործում՝ օգնելով հաղթահարել սոցիալ-տնտեսական և կրթական համակարգերի կործանմամբ պայմանավորված բազմաթիվ դժվարությունները»:

ՀԲԸՄ գործող նախագահ Պերճ Սեդրակյանը, ով Լուիզ Սիմոնի ղեկավարությամբ գործակցել է որպես փոխնախագահ, նրան բնութագրել է որպես ռահվիրայի ոգու կրողի և իր ժամանակից շատ առաջ անցած կնոջ: «Նա կոչված էր առաջ մղելու ՀԲԸՄ-ն՝ հաղթահարելով բազմաթիվ մարտահրավերներ, դառնալով աշխարհասփյուռ հայության ծառայող հաջողությունների և օգտավետ նախաձեռնությունների շարժիչ ուժը: Նա օրինակ էր բոլոր նրանց համար, ովքեր բախտ էին ունեցել աշխատելու նրա հետ և հետևելու նրա հիասքանչ մտքի թռիչքին: Մշտապես լինելով իդեալիստ, նա, միաժամանակ, գործնական էր, արդյունավետ և իմաստուն, և կարողանում էր կանխատեսել խոչընդոտները և գտնել լուծումներ, որոնք հանգեցնում էին տևական արդյունքների», - հայտարարել է Սեդրակյանը: «Իրապես ապշեցուցիչ էր բազմաթիվ ոլորտներում նրա գործունեության ցանկացած օրը. նա կարողանում էր ոչ միայն շնորհալի կառավարել ընթացիկ գործունեության բոլոր հատվածները, այլև պահպանել ՀԲԸՄ գործող կրթական, մշակութային և արվեստասիրական ծրագրերը սփյուռքի բոլոր հատվածներում», - նշել է ՀԲԸՄ նախագահը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան Թվիթերում գրել է․ - «Խոր վշտով տեղեկացանք ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան մասին: Անգնահատելի է նրա ավանդը երկրաշարժից տուժածներին, Ղարաբաղյան պատերազմի փախստականներին օժանդակության, ամբողջ աշխարհում հայկական մշակույթի խթանման գործում և բարեգործական ջանքերում»:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է. - «Խոր կսկիծ ու ցավ ապրեցի՝ ստանալով մեր ժողովրդի արժանավոր դուստր, ազգային գործիչ ու բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան գույժը: Այս կորուստը չափազանց մեծ է Հայաստանի, Արցախի ու աշխարհասփյուռ հայության համար, քանզի Տիկին Մանուկյան-Սիմոնն ամենասերտ առնչությունն ուներ այն ամենի հետ, որ կոչվում է հայ ու Հայաստան՝ մշտապես լինելով նրանց կողքին ու նրանց մեջ: <...> Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանն ու Արցախը դարձան նրա հայրենանվեր գործունեության թիրախը, որոնց Տիկին Լուիզ Մանուկյան-Սիմոնը նվիրված մնաց մինչև իր կյանքի վերջը»:

Մեծանուն բարերարի ընտանիքին ցավակցական ուղերձ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանը: «Արցախում խոր ցավով տեղեկացանք հայ ազգային բարերար, հասարակական գործիչ Լուիզ Սիմոն Մանուկյանի մահվան մասին», - մասնավորապես ասված է Լեռնային Ղարաբաղի նախագահի ուղերձում: - «Լուիզ Սիմոն Մանուկյանի անմիջական մասնակցությամբ Արցախում իրականացվել են ռազմավարական նշանակություն ունեցող բազմաթիվ ծրագրեր տարբեր բնագավառներում: Արցախցիներն անսահման և անկեղծ հարգանք են տածում մեծ բարերարի նկատմամբ: <...> Լուիզ Սիմոն Մանուկյանի անունը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում և մեր ժողովրդի հիշողության մեջ»։

«Տեղեկացա Լուիզ Մանուկյան-Սիմոնի՝ լեգենդի և հայ ժողովրդի հերոսի մահվան մասին: Անչափ տխուր եմ, խորապես ափսոսում եմ», - Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ իր ցավակցությունները հղելով Լուիզ Մանուկյան-Սիմոնի ընտանիքին և ՀԲԸՄ-ին: «Մեծ կորուստ է բոլորիս համար՝ Հայաստանում թե այլուր», - նշել է Մնացականյանը:

Այսօր ժամը 13-ից մինչև փետրվարի 24-ը ներառյալ, ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղիում բացվել է սգո մատյան՝ ի հիշատակ Լուիզ Մանուկյան-Սիմոնի։ Բոլոր ցանկացողները կարող են այցելել կենտրոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ հայուհու հիշատակին և գրառում կատարելու սգո մատյանում, ասված է ՀԲԸՄ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG