«Վալլեքս» ընկերությունը ևս երկու ամսով երկարացրեց Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ պայմանագրերը, որոնց ժամկետն ավարտվում էր փետրվարի 28-ին, և մոտ 500 մարդ կարող էր գործազուրկ դառնալ։ Ըստ հաղորդագրության, ընկերության աշխատողներին կտրվեն նոր ծանուցումներ՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման նոր ժամկետ սահմանելով ապրիլի 30-ը։
Ընկերությունը հայտարարել է, որ «այդ ժամանակահատվածում ամբողջ անձնակազմին կվճարվի աշխատավարձ «Վալլեքս» խմբի նախագահի անձնական միջոցներից»։
«Վալլեքս» խմբի ընկերությունների նման որոշումը պայմանավորված է իրենց արտադրական օբյեկտների և բնակչության նկատմամբ ունեցած բարձր պատասխանատվությամբ, ինչպես նաև ազդակիր համայնքներում սոցիալական իրադրության հնարավոր վատթարացումը կանխելու ձգտումով», - ասված է հաղորդագրությունում։
«Ազատության» հարցին, թե արդյո՞ք այս որոշումը նշանակում է, որ Հայաստանի կառավարության, ՎՏԲ բանկի և «Վալլեքս» ընկերության ամիսներ շարունակ ձգվող բանակցություններն արդյունք են տվել, պղնձաձուլարանի տնօրեն Լուսինե Մեջլումյանը պատասխանեց՝ որևէ վերջնական որոշման մասին լուր չունեն: «Մենք լիահույս ենք, որ բանակցությունները Հայաստանի Հանրապետության կառավարության հետ տալու են ցանկալի արդյունք», - ասաց նա:
«Ազատության» դիտարկմանը՝ այս դեպքում իրենց խնդիրները ավելի շատ ՎՏԲ-ի՞ հետ են, այսինքն՝ ՎՏԲ-ի՞ց էին վերջնական պատասխան սպասում, Մեջլումյանը արձագանքեց. - «Մենք ասեցինք, չէ՞, որ կառավարության հետ համատեղ, հույսով եք, որ այդ հարցերը լուծում կստանան։ Եթե կարողանայինք մինչ այս ՎՏԲ-ի հետ անմիջականորեն լուծում գտած լինեինք, երևի այդ լուծումը գտած կլինեինք։ Ներկա պահին շարունակվում են եռակողմ բանակցությունները, և մենք լիահույս ենք, որ լուծում կգտնվի մոտակա երկու ամիսների ընթացքում»։
Անցած տարվա հոկտեմբերից աշխատանքը դադարեցրած գործարանը գրավադրված է ՎՏԲ բանկում, և բանկը կարող է ցանկացած պահի «Վալլեքս» ընկերության ավելի քան 300 միլիոն դոլարի պարտքի դիմաց վերցնել ձուլարանը։
Անցած շաբաթ Ալավերդու պղնձաձուլարանի անորոշության մեջ հայտնված աշխատակիցները, ովքեր արդեն 4 ամիս վճարվում են աշխատավարձի երկու երրորդի չափով և կարող էին մարտի 1-ից գործազուրկ դառնալ, բողոքի ակցիաներ էին իրականացնում։ Նրանք փակել էին Ալավերդի քաղաքով անցնող միջպետական երկաթուղին և պահանջում էին հստակ տեղեկություններ տալ պղնձաձուլարանի ճակատագրի վերաբերյալ։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարությունում աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ «Վալլեքս» ընկերությունը նոր առաջարկ է արել պարտատեր ՎՏԲ բանկին, որի վերջնական պատասխանից է կախված գործարանի ճակատագիրը։
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն «Ազատությանն» ասաց, որ այս պահին իրենք էլ բանկից դեռ վերջնական պատասխան չունեն, բայց լավատեսություն կա։ «Կոնկրետ չկա որևէ համաձայնություն, բայց լավատեսություն կա, երևի դրա հիման վրա իրանք էդ տարածել են։ Մենք սպասում ենք ՎՏԲ-ի պատասխանին հիմա, պատասխան չկա, մենք հիմա սպասում ենք։ Վեց շաբաթվա մեջ, ամեն դեպքում, ինչ-որ հստակություն, իմ կարծիքով, կլինի», - նշեց մարզպետը։